ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ՄՈՌԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ ԱԱԾ հարուցած «փողերի լվացման» գործը ընդամենը քաղաքական շոու էր, որի նպատակն Օսկանյանի նախագահական նկրտումներն ու ԲՀԿ-ի ակտիվությունը սահմանափակելն էր, պարզ էր բոլորին: Իսկ երբ վերջերս այդ գործը  կարճվեց, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ շոուն ավարտվեց` ընտրական գործընթացների ավարտի հետ մեկտեղ:
Իրականում շատերին էր հայտնի, որ ՀՀ ԱԳ նախկին նախարարը ներգրավված է ֆինանսական կասկածելի պատմություններում, քանի որ իր «կապերի» շնորհիվ կարողանում է ամերիկյան եւ արեւմտյան ֆինանսական հոսքեր ապահովել սեփական հիմնադրամի հաշվին:
«Սիվիլիթաս»-ի ստեղծումն ու ահռելի աշխատակազմի գոյությունը չէին կարող հենց այնպես լինել, չէր կարող արեւմտյան ֆինանսական կապիտալն ուղղորդվել այդ անհասկանալի, իրականության մեջ որեւէ կարեւոր խնդիր չլուծող կազմակերպությանը… Ի՞նչ է անում օսկանյանական «Սիվիլիթաս»-ը», ընկերության զբաղեցրած ահռելի հարկաբաժիններում մի քանի տասնյակ երիտասարդ ինչո՞վ է զբաղված՝ լուրջ դեմքերով… Գրեթե ոչ ոք չգիտի: Ի դեպ, օսկանյանական «Օրակարգ» թերթը եւ «Սիվիլնեթ»-ը զարմանալի գործելաձեւ են որդեգրել. ամեն ամիս կանչում են իրենց հիմնական աշխատողը չհամարվող, սակայն թղթակցող հեղինակներին, պարտադրում պայմանագրեր ստորագրել՝ անգամ թույլ չտալով, որ մտնեն գրասենյակ՝ մուտքի մոտ, ոտքի վրա, արեւմտյան «հյուրասիրությամբ»…   
Անշուշտ, ինչպես արեւմտյան գումարներից, այնպես էլ հայաստանյան բիզնեսից մեր «նշանավոր դիվանագետն» ու «կոմպլիմենտարիզմի հայրն» իր ունեցվածքն է ձեւավորել՝ միշտ «ժուժկալ» գտնվելով իրական տվյալները ներկայացնելիս: Նա իր հայտարարագրում նշել է, որ ԱՄՆ-ում ունի 200 քմ մակերեսով առանձնատուն: Իսկ այդ առանձնատան արժեքը 500 հազար դոլար է: Իհարկե, Օսկանյանն արդարանալու հազար միջոց ունի առանձնատան գնի ծագման եւ այլնի մասին, քանի որ աղքատ մարդ չի եղել երբեք եւ չի ապրել հայաստանյան աշխատավարձով…
Օսկանյանը, ինչպես շատ մեծահարուստներ, Ծաղկաձորում ձեռք է բերել 9000 քմ մակերեսով հողակտոր: Իսկ թե հիմա Ծաղկաձորում ամեն մի քմ-ն ինչ արժե, կարող են ասել շատերը: Երեւանում էլ նախկին արտգործնախարարը շարքային քաղաքացու նման չի ապրում… Ճիշտ է, պարոն Օսկանյանն իր հայտարարագրում ոչինչ չի գրել երեւանյան բնակարանի, շարժական գույքի մասին, բայց հո մարդը փողոցում չի՞ ապրում, հո ոտքով չի՞ գնում ԱԺ: Իր հաշվին 150 հազար դոլար ունի գրանցած պաշտոնապես, բայց երեւի մոռացել է բնակարանն ու ավտոմեքենան եւս գրանցել…
Եթե Օսկանյանն իր մեքենայի մասին ոչինչ չի գրում, ապա նրա որդին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով հաճախ է հայտնվում տարբեր պատմությունների մեջ: Նախարար եղած ժամանակ Օսկանյանը պարտակում էր որդու «քաջագործությունները», մասնավորապես երբ նա հոր ծառայողական մեքենայով վրաերթ էր կատարում, բայց վերջին անգամ չկարողացավ… Մոտ օրերս Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչն ու Երեւանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերել էին «Մերսեդես Բենց»-ի վարորդին: Պարզվել էր, որ նա 26-ամյա Արա Վարդանի Օսկանյանն է` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Հիմա ոստիկանությունում նյութեր են պատրաստվում:
Նաեւ` բոլորովին վերջերս մամուլը գրեց, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին եւ վերջինիս ընկերը. «Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն»: Ստացվում է, որ ԱԺ պատգամավորի ու նախկին նախարարի զավակն իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես որոշ օլիգարխների զավակներ ու թիկնապահներ՝ վրաերթեր, թմրանյութեր…
Ու գուցե այս ամենն է պատճառը, որ Վարդան Օսկանյանը կարծես փոքր-ինչ հեռու է քաշվել քաղաքականությունից, այլեւս հանդես չի գալիս ընդդիմադիր հայտարարություններով: Իհարկե, նրա ընդդիմադիր լինելը միշտ էլ ծիծաղելի էր, որովհետեւ շատ երկար ժամանակ գտնվելով իշխանության մեջ, համարվելով Ռոբերտ Քոչարյանի մտերմագույն մարդը, ապա մերժվելով Սերժ Սարգսյանի կողմից՝ ստիպված եղավ հանդես գալ հակաիշխանական դիրքերից:  Թատրոն էր, խաղում էր…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս