ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ «ԲԱՐԴԱԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է՝ Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու մեքենաներն առավոտյան 2 ուղերթի փոխարեն ընդամենը մեկ ուղերթ են կատարում: Ըստ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին Նոյեմբերյանից պետք է մայրաքաղաք մեկնեն միկրոավտոբուսներ, սակայն միայն մեկն է մեկնում ժամը 9-ին: Պատճառը ուղեւորների պակասն է: Սակայն ինչո՞վ է մեղավոր այն ուղեւորը, որը, առավոտյան ժամը 7-ին արթնանալով, հասնում է Նոյեմբերյանի ավտոկայարան, սակայն տեսնելով, որ ժամը 8-ի ուղերթը չեղյալ է համարվել, ստիպված սպասում է մինչեւ ժամը 9-ը: Չէ՞ որ այս ուղերթն իրականացնող «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն արտոնագիր է ստացել առավոտյան 2 ուղերթ իրականացնելու համար, սակայն, փաստորեն, խախտում է  արտոնագրի տրամադրման  պայմանները:
Իսկ ինչո՞ւ է պակասել «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսներով մայրաքաղաք մեկնողների թիվը: Բանն այն է, որ Նոյեմբերյանի շրջանում գործող տաքսի ծառայությունների վարորդները Երեւան տեղափոխելու համար մեկ ուղեւորից վերցնում են 3 հազար դրամ: Այդ տաքսի մեքենաներն ուղեւորին վերցնում են նրանց տան շեմից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ: Տաքսին ձեռնտու է նաեւ այն առումով, որ հնարավորություն է տալիս համեմատաբար շատ բեռ տեղափոխել Երեւան:  Նշենք, որ միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ է, սակայն այն Երեւանում շարժվում է խիստ հստակ ուղեգծով: Նոյեմբերյան-Երեւան երթուղու հետ կապված եւս մի խնդիր կա: Այդ երթուղու միկրոավտոբուսները Երեւանից վերադառնում են կենտրոնական ավտոկայարանից, սակայն այդ ուղերթի համար ավտոկայարանի տոմսարկղերում տոմսեր չեն վաճառվում: Ուղեւորներին մնում է իրենց բջջային հեռախոսների հիշողության մեջ ամրագրել այդ ուղերթը սպասարկող բոլոր վարորդների հեռախոսահամարները, իմանալ, թե այդ օրը նրանցից ով է աշխատում եւ վերջինիս խնդրել «տեղ պահել»:
Վերջերս Նոյեմբերյանի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին նաեւ Նոյեմբերյան-Վանաձոր երթուղուց: Նախկինում Նոյեմբերյան քաղաքից առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին միկրոավտոբուսներ էին մեկնում Վանաձոր: Սակայն այժմ այդ ուղերթերը չեն կայանում: Դրա փոխարեն Վանաձոր է մեկնում միայն մեկ միկրոավտոբուս, որը պատկանում է Վանաձորի ավտոձեռնարկություններից մեկին: Այս միկրոավտոբուսի վարորդը գիշերում է  սահմանամերձ Ոսկեվան գյուղում եւ հաջորդ օրը շարժվում Վանաձոր: Ուղեւորները դժգոհում են, որ նշված ուղերթի վարորդը միայն Վանաձոր մեկնողներին է տեղ հատկացնում  եւ միկրոավտոբուս չի վերցնում Ալավերդի, Թումանյան կամ այլ բնակավայրեր մեկնողներին: Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ Վանաձոր մեկնող միկրոավտոբուսներին  արգելել են «գիծ դուրս գալ», քանի որ նրանք չունեին դեղին պետհամարանիշներ:
Մի խոսքով, Նոյեմբերյան-Երեւան եւ Նոյեմբերյան-Վանաձոր ուղերթերում խառնաշփոթ է, որը պետք է մտահոգի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս