Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի` Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-­ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-­ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում: Այս մասին ՀՀ ԱԳՆ-­ն գրառում է կատարել իր պաշտոնական թվիթերյան էջում: Մայիսի 20-­ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-­ն հայտարարություն էր արել, որում ասվում էր.

«Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ­-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ապրիլի 2­5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։ Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակովադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։ Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։

Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ­ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։

ՄԱԿ­-ի փորձագետների հետևությունների ու եզրակացություններիհիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 2-4-­ի S/24344 թվակիր-փաստաթղթում, ՄԱԿ-­ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց» ։ Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ­-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-­ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ­-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի 31-­ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնիվերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ։

Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994­-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղելուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից։

Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։ ԼՂՀ­-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2­5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար»։




Լրահոս