ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵԽԵՐԻ ՕԳՏԻՆ ԷՐ
Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ, ըստ վիճակագրության (նախկինում Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները մրցել են 3 անգամ, եւ չեխերը հաղթել են բոլոր հանդիպումներում՝ գնդակների 10:1 տարբերությամբ), Չեխիան այնքան էլ հարմար մրցակից չէ մեր հավաքականի համար։
Ապա գլխավոր մարզիչը հավելել է. «Չեխիայի հետ առաջին խաղում ես ասացի՝ ով առաջինը գոլ խփեր, նա կհաղթեր: Ես դա հատուկ այդ խաղի համար էի ասել: Եթե առաջին խաղակեսում մենք գոլ խփեինք, ապա կարող էինք հաղթել: Օրինակ՝ Դանիայի հետ խաղում արագ երկու գոլ խփեցինք եւ վճռեցինք խաղի ելքը»: Վ. Մինասյանն ինչ-որ տեղ համաձայն է Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի հետ այն հարցում, որ մեր թիմն ունի հոգեբանական խնդիրներ, քանի որ մեկ խաղում կարող է հաղթել, մյուսում՝ պարտվել։ Բայց, ըստ նրա, դա միայն հոգեբանական խնդիր չէ: Հիշեցնենք, որ այս հանդիպումը Հայաստանի հավաքականի 7-րդ հանդիպումն էր, նախորդ 6 խաղերում նա վաստակել է 6 միավոր: Երեկ, հուրախություն հայ ֆուտբոլասերների, մեր հավաքականը արտագնա խաղում հաղթանակ տոնեց 1:2 հաշվով եւ հավասարվեց չեխերին:

ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ
Այն, որ ֆուտբոլիստների տրանսֆերների աստղաբաշխական թվերն արդեն շատերին են նյարդայնացնում, վաղուց է հայտնի։ Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մինչեւ վերջ չի հաղթահարվել, երբ, օրինակ, Իսպանիայում կան բազմաթիվ խնդիրներ, ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի՝ «Տոտենհեմ»-ից «Ռեալ» տեղափոխության գործարքը կազմել է մոտ 100 միլիոն եվրո։ Եվրախորհրդարանի պատգամավոր, բելգիացի Դերկ Յան Էպինկը պահանջել է Եվրահանձնաժողովից հետաքննել ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Պատճառը տվյալ դեպքում ֆինանսավորման աղբյուրի հետ կապված հարցերն են: Բանն այն է, որ գործարքն իրականացվել է Bankia բանկի համաֆինանսավորմամբ, որն անցել է սնանկացման գործընթաց, իսկ ավելի ուշ ազգայնացվել է: «Bankia-ն վերջերս է փրկվել եվրոպական կայունացման մեխանիզմի շնորհիվ, ընդ որում, դրա համար պահանջվել է 18 միլիարդ եվրո: Եվ այդքանից հետո բանկն է օգնում «Ռեալ»-ին նման գործարք իրականացնել: Չի կարելի թույլ տալ Եվրամիության միջոցների աննպատակ վատնում»,-ասել է պատգամավորը, ապա հիշեցրել, որ «Ռեալ»-ի պարտքը 600 միլիոն եվրո է: Եվ դրա մեծ մասը պատկանում է Caja Madrid բանկին, որը ներառվել է Bankia-ի կազմում: Պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է մոտ օրերս հարցում ուղարկել Եվրահանձնաժողով՝ միջամտելու պահանջով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս