ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. օգոստոսի 30-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լսվել է 966 նորածին երեխայի ճիչ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այս ցուցանիշը նվազել է 87 ծնունդով:
ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի կարծիքով՝ ծնելիության մակարդակի նվազում է նկատվում ոչ միայն Լոռու մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունում: Այս փաստը, ըստ նրա, պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանցից մեկն այն է, որ վերջին տարիներին ծնողները հիմնականում ցանկանում են ունենալ արական սեռի երեխա, ինչն էլ տանում է հղիության արհեստական ընդհատման: «Ինձ թվում է, այս հարցը պետք է օրենսդրական դաշտում կարգավորել, որովհետեւ սա ինքնուրույն չի լուծվի: Պետք է մտածել մի այնպիսի իրավական դաշտ ստեղծելու մասին, որով արգելվի երեխայի սեռը հայտնել: Այլապես, եթե ամուսիններն իմացան երեխայի` իրենց ոչ ցանկալի սեռը, ապա իրենք անպայման կհեռացնեն տարբեր միջոցներով ու ձեւերով թե՛ բժշկական հիմնարկներում, թե՛ արտահիվանդանոցային պայմաններում»,-ասաց Արամ Ավալյանը:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2010թ. ՀՀ-ում ծնվել է 44.825 երեխա, որից 23.969-ը տղա, 20.856-ը աղջիկ: 2011թ. ծնվել է 43.447 երեխա՝ 23.160 տղա, 20.227 աղջիկ: 2012թ. հանրապետությունում գրանցվել է 42.330 ծնունդ՝ 22.712 տղա եւ 19.618 աղջիկ:
Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցված վերջին 200 ծնունդներից 124-ը տղա են, 76-ը՝ աղջիկ: Եվ արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ 2013թ. տվյալները նույնպես հուսադրող չեն լինելու:
Արամ Ավալյանը նշեց նաեւ, որ բաժանմունքում վերջին 10 տարիների ընթացքում մայրական մահացության դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել, սակայն այս տարի գրանցվել է արդեն 7 մեռելածնության դեպք:
Այս ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը սպասարկում է ինչպես Վանաձորը եւ հարակից գյուղերը, այնպես էլ Սպիտակի, Ստեփանավանի եւ Ալավերդու շրջանները: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ ապագա մայրերը ցանկանում են օգտվել մայրաքաղաքի ծննդատների ծառայություններից:
«Երբեմն էլ մենք ենք բարձր ռիսկային հղիներին ուղեգրում Երեւան: Բայց որ ծնունդների թիվն արդեն իսկ պակաս է, փաստ է: Տարվա վերջում, եթե նմանատիպ խնդիր առաջանա, կփորձենք ճշտել՝ Երեւան գնացողները շատ են, թե տպավորությունն է էդպիսին, եւ արդյոք դրանով է պայմանավորված ծնելիության նվազումը»,-հավելեց բաժանմունքի վարիչը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս