
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքի տակ է դրել ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնագիրը՝ վիզաների չեղարկման դիմաց, փոխանցում է Deutsche Welle-ն:
Մայիսի 24-ին ելույթ ունենալով Ստամբուլում Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում՝ նա հայտարարել է. «Եթե վիզային ազատականացումը չլինի, ապա Թուրքիայի Հանրապետության խորհրդարանը ոչ մի որոշում չի կայացնի և ոչ մի օրենք չի ընդունի՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի շրջանակներում»:
Էրդողանը հավելել է, որ «Անկարան փախստականների հարցով համաձայնագրի շրջանականերում խոստացված ֆինանսական աջակցություն դեռևս չի ստացել»:
Մարտի 18-ին ստորագրված համաձայնագրով՝ ծովով Հունաստան ժամանած բոլոր անօրինական փախստականները պետք է վերադառնան Թուրքիա: Բացի այդ, Բրյուսելը 6 միլիարդ եվրո կտրամադրի Անկարային: