ՍՊԱՍԵՆՔ ԵՎՍ 7-10 ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Nouvelles d`Armenie»-ն գրում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. նախատեսվում է ֆիլմ նկարահանել Հոլիվուդի աստղերի մասնակցությամբ: Ռեժիսոր Արտակ Սեւադան նախատեսել է «Genex» ֆիլմի ցուցադրությունը 2015-ի ապրիլի 24-ին, այն պատմելու է 25-ամյա գեղեցիկ կնոջ՝ Սալլի Սոլոմոնի մասին, որը երկար տարիներ ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը, բայց հանկարծակի բախվում է դավադրության, եւ սկսվում է պայքարը:
Ըստ նույն աղբյուրի՝ արդեն հոլիվուդյան երկու դերասաններ (Նաթալի Փորթման եւ Արմանդ Ասանթե) պայմանագիր են ստորագրել եւ կմասնակցեն 30 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմի նկարահանումներին: Հոլիվուդի մի քանի այլ աստղեր, այդ թվում՝ Ալ Պաչինոն եւ Լեոնարդո դի Կապրիոն, ներկա են կոնցեպտուալ թրեյլերում, որը հրապարակվել է ֆիլմի պաշտոնական կայքում:
Դեռեւս մեկուկես ամիս առաջ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանման հարցին, ու քանի որ կազմակերպիչները ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնն են, «Ժողովուրդ»-ը դիմել էր կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին: Վերջինս մասնավորապես նշել էր, որ մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ընդունվել են կինոնախագծերի հայտեր, ներկայացվել է 19 լիամետրաժ, 1 անիմացիոն եւ 6 վավերագրական կինոնկարների փաթեթ։ Միջազգային հանձնախումբը, տեղի մասնագետներն ուսումնասիրել էին դրանք, եւ քննարկումների արդյունքում ընտրվել էր չորս լիամետրաժ կինոնկարի նախագիծ ամբողջությամբ ու եւս երկու կինոնկարի` վերապահումներով: Երկրորդ փուլում այդ վեց փաթեթներից մեկ այլ մասնագիտական հանձնախումբ պիտի ընտրեր ամբողջովին, ինչպես նաեւ մասնակի ֆինանսավորվող նախագծերը։ Վավերագրական եւ անիմացիոն կինոնկարների փաթեթները փորձագետների խումբը չէր հասցրել ուսումնասիրել, եւ այդ հարցը լուծվելու էր տեղի մասնագետների կողմից:
«Ժողովուրդ»-ը «Genex» ֆիլմի, ինչպես նաեւ վերը նշված հարցի շուրջ այլ մանրամասներ պարզելու ակնկալիքով կրկին դիմեց Գեւորգ Գեւորգյանին։ Նա մասնավորապես ասաց, որ վերջնական արդյունքների մասին կարող է խոսել 7-10 օր հետո, երբ կավարտվեն քննարկումները։ Միայն հավելեց, որ նախնական ընտրություն է կատարվել նաեւ վավերագրական կինոնկարների փաթեթից. «Ինչ վերաբերում է Արտակ Սեւադայի ֆիլմին, ապա նա մեզ մոտ հայտ ներկայացրել է, բայց մենք տեղյակ չենք՝ իրո՞ք 30 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել, իրո՞ք նման դերասանների է ներգրավել։ Նա, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ում է, կկապվեմ, կճշտեմ»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս