Տնտեսությունն աճում է, իսկ սպառողն` աղքատանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերեւս միայն Հայաստանում կարելի է այսպիսի երեւույթի հանդիպել. պաշտոնական վիճակագրությունը մի կողմից ներկայացնում է, թե տնտեսական աճ է արձանագրվել, մյուս կողմից՝ հրապարակում տվյալներ, որոնք փաստում են, որ սպառողները շարունակում են աղքատանալ:

Ավելին` տնտեսական աճն էլ բավականին զգալի թիվ է կազմում՝ ամբողջ 6 տոկոս: Այո, ոչ մի շփոթություն չկա, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հենց այդքան աճ է արձանագրել այս տարվա առաջին չորս ամիսների համար: Իսկ եթե պնդում են, որ տնտեսությունը այժմ ավելի ակտիվ է, քան անցած տարվա չորս ամիսներին, ապա ենթադրվում է, որ այս չորս ամիսներին տնտեսության առեւտրաշրջանառությունը ինչ-որ չափով պետք է անցած տարվանից ավել լիներ, առավել եւս, որ այդ ցուցանիշը 2015-ին նվազել էր: Բայց արի ու տես, որ առեւտրի շրջանառությունը չորս ամիսների կտրվածքով անցած տարվա համեմատ կրկին 1 տոկոսով նվազել է: Առեւտրաշրջանառության անկումն ուղղակի փաստում է, որ սպառողի գնողունակությունը, ինչպես ողջ անցած տարվա ընթացքում, այնպես էլ այս տարվա առաջին ամիսներին անդադար նվազում է:

Տնտեսական գիտությունների դոկտոր պետք չէ լինել, հասկանալու համար, որ զարգացող տնտեսություն ունեցող երկրի սպառողը չի աղքատանում: Եթե անգամ նրա գնողունակությունը չի աճում, ապա առնվազն չի էլ նվազում: Ավելին` անցած տարվա համեմատ նվազել է նաեւ միջին ամսական աշխատավարձը. անցած տարվա միջինացված ցուցանիշը կազմել է 184 հազար 647 դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այն դարձել է 181 հազար 484 դրամ: Այսինքն՝ մարդկանց գնողունակությունը մի կողմից նվազել է գների բարձրացման, մյուս կողմից` եկամուտների նվազման պատճառով:

Բնակչության աղքատանալու հաջորդ դրսեւորումներից մեկն էլ շինարարության ծավալների` անցած տարվա հետ համեմատ կտրուկ` 7,4 տոկոսանոց անկման փաստն է: Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով շինարարության ծավալները նվազել էին 2,2 տոկոսով: Այսինքն՝ ակնհայտ է, որ շինարարության ծավալների կտրուկ անկումը տեղի է ունեցել հենց ապրիլին: Այս երեւույթի պատճառը, թերեւս, քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած լարված ու սպասողական վիճակն է: Այսինքն՝ բազմաթիվ գործարարներ եւ անհատներ` չբացառելով, որ առաջիկայում կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել, ձեռնպահ են մնացել ներդրումներ կատարելուց եւ շինարարական աշխատանքներ սկսելուց: Ի դեպ, մայիսյան տոներից հետո վերը նշված երեւույթը կարծես թե մի փոքր հաղթահարվել է, եւ մարդիկ սկսել են բնականոն կյանքով ապրել:

ՀՀ ԱՎԾ-ն նախօրեին հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2016թ. հունվար-մարտ» վիճակագրական տեղեկագիրը, որից տեղեկանում ենք, որ համախառը ներքին արդյունքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը անցած տարվա արդյունքներով նախորդ` 2014 թվականի համեմատ նվազել է մոտ 3,5 միլիարդ դրամով: Սա այն դեպքում, երբ անցած տարվա վիճակագրական ցուցանիշներով, նույն ԱՎԾ-ն արձանագրել էր գյուղատնտեսության 11,5 տոկոս աճ: Այսինքն՝ մի քանի ամիս առաջ համոզում էին, որ անցած տարի գյուղատնտեսությունն աճել է, այժմ գրում են, որ գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ նվազել է, այլ կերպ ասած՝ այն ավելի քիչ եկամուտ է ապահովել, քան նախորդ տարի: Հայաստանի պաշտոնական վիճակագիրները այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ գրեն` աճ «արձանագրեն», թե ընդունեն, որ իրավիճակը գնալով ավելի է բարդանում:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի արդյունքներով իրական ՀՆԱ-ն կազմել է 4 տրիլիոն 974 միլիարդ 223 միլիոն դրամ, որը նախորդ` 2014 թվականից 3 տոկոսով ավել է եղել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով ենք հաշվարկում, ապա ոչ միայն աճ չենք ունենում, այլ նաեւ չափից ավել տխուր պատկեր ենք արձանագրում: Բանն այն է, որ 2015 թվականի ՀՆԱ-ն տարվա միջին փոխարժեքով կազմել է 10 միլիարդ շուրջ 400 մլն դոլար: Իսկ 2014-ի ՀՆԱ-ն նույն տարվա միջին փոխարժեքով կազմել է 11 միլիարդ 400 մլն դոլար: Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն, այն է՝ մեր երկրում արտադրված բոլոր ապրանքների ու մատուցված ծառայությունների հանրագումարը, մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 1 միլիարդ դոլարով: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2015-ին ոչ թե 3 տոկոսանոց աճ, այլ 9 տոկոսանոց անկում է ունեցել: Սա է իրականությունը, բայց այն երբեք տեղ չի գտնի պաշտոնական վիճակագրական տվյալներում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս