Համազասպ Բաբաջանյանի քանդակը նմանեցնում են «օրենքով գողի» մահարձանի. հեղինակի մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում բացվեց Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Մոտ 3 մետրանոց բրոնզե արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: Արձանի բացումը նոր է տեղի ունեցել, սակայն հայ հանրության շրջանում արդեն բուռն քննարկումներ են ծավալվել դրա արտաքին տեսքի, գեղարվեստական արժեքի վերաբերյալ: Սոցցանցերի օգտատերերը` սկսած մասնագետներից մինչեւ սովորական քաղաքացիներ, համեմատում են այն «օրենքով գողերի»` գերեզմաններում տարածում ունեցող արձանների հետ, քանդակը նմանեցնում են նույնիսկ Չինաստանի առաջնորդ Մաո Ցզե Դունի հայտնի ոսկե արձանին (Ժենշեն):

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քանդակը որակեց «անթույլատրելի վատը»: «Չես հասկանում` մարշալի հագինն ինչ է, զինվորական հագուստի տակից ինչու է շապիկի նման բան հագել, ինչու են կրծքերը երեւում, հագին այդ ինչ հսկայական կոշիկներ են: Զինվորական համազգեստը կրելու տարրական կանոններ կան: Չես հասկանում` այդ մարդն ամառանոցում նստած հանգստանում է, թե ինչ է անում… Մենք նորից վերադառնում ենք սոցռեալիզմի շատ այլանդակ, տգեղ, անգրագետ դրսեւորումների (սոցռեալիզմը, իհարկե, գլուխգործոցներ էլ ուներ)»,- մեկնաբանեց նա:

Ճարտարապետի կարծիքով` տվյալ դեպքում «մեղավորը» ոչ թե քանդակագործն է, այլ պատվիրատուն. «Այսօր պատվիրատուն է ամեն ինչ որոշում, նա կարող է քանդակագործին ասել` էսպես արա, էնպես մի արա, արվեստագետն էլ ստիպված կոմպրոմիսների է գնում, կուլ է տալիս դա, որ գոյությունը պահպանի: Սա այդ դեպքերից մեկն է»,-նկատեց նա:

Մենք զրուցեցինք նաեւ արձանի հեղինակ, քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մատինյանի հետ: Նա, անդրադառնալով արձանի վերաբերյալ հնչող քննադատություններին, օրինակ` այն պնդմանը, թե մարշալն անկենդան է ստացվել, նշեց. «Ամեն մարդ իր կարծիքն ունի, հիմա ես չեմ զգացել, որ անկենդան է, որ իմանայի էդպես է, այնպես կանեի` մի քիչ կենդանի լիներ: Ես ուսումնասիրել եմ մարշալի կյանքը, ուզեցել եմ ընդգծել նրա հզորությունը: Նա զինվորական հագուստով է, բայց համազգեստի վերեւամասը բաց է, մի քիչ ավելի ազատ է, ավելի հզոր: Ինքը լավ հայ է, մեծատառով հայրենասեր, լավ էլ գյուղացի է եղել. մարշալ մարդ է եղել, բայց գերանդի է առել ձեռքը: Մի խոսքով` այս արձանում ամփոփված են մեր ժողովրդի ամենադրական, լավագույն հատկանիշները»:

Այն դիտարկմանը, թե կարելի էր մարշալին բնորոշ մի գիծ արտահայտել քանդակում, Հ. Մատինյանը պատասխանեց. «Ցցուն բան չեմ գտել, օրինակ` ի՞նչն է բնորոշ իրեն, եթե մի բան գիտեք, ինձ հուշեք»:

Քանդակագործը տեղեկացրեց, որ իր հետ կապ է հաստատելՀամազասպ Բաբաջանյանի մոսկվաբնակ դուստրը: Մենք հարցրինք, թե արդյոք վերջինս հավանել է հոր քանդակը: «Նա շատ ուրախացել էր արձանի բացման առթիվ, բայց դեռ չէր հասցրել տեսնել այն»,-ասաց Հ. Մատինյանը:

Քանդակագործն անդրադարձավ նաեւ այն պնդումներին, թե արձանը նման է «գերեզմանային հեղինակություններին». «Բայց էդ ո՞վ է նման բան ասել: Հայաստանի գերեզմանոցներում կարող է մի երկու հատ օրենքով գողի արձան եք տեսել… Հիմա ինքն էլ է oրենքով գող (հավանաբար նկատի ունի Հ. Բաբաջանյանին-հեղ.), բա ի՞նչ է. սովետական իմպերիային ծառայել է»,-ասաց քանդակագործն ու զայրացած կախեց խոսափողը:

13241190_1061595947254804_2105549983318976465_n

Կոլաժը` լուսանկարիչ Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Աննա Բաբաջանյան




Լրահոս