ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է իրականացվում պետտուրքի վճարումը: Եվ գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որքա՞ն տույժ է հաշվարկվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթների՝ պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ, իսկ օրենքով սահմանված տարեկան հերթական պետտուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը՝ լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի) տրման ամսաթվից ոչ ուշ: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթների՝ պետտուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետտուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետտուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետտուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման տհաճ իրավիճակներում չհայտնվելու եւ ավելորդ գումարներ չվատնելու համար հորդորում ենք մեր քաղաքացիներին ժամանակին կատարել բոլոր պետական մուծումները՝ գիտակցելով, որ հակառակ դեպքում իրենք տուժելու են կրկնակի՝ թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական առումներով: