Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին, անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչ են, թե ընդդիմադիր, թերեւս կարելի է երկու մասի բաժանել` գործիչներ եւ աթոռ զբաղեցնողներ: Նույնիսկ ՀՀԿ-ի խմբակցություններում բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք իրենց կոռումպացված էությամբ հանդերձ, միեւնույն է, քաղաքական գործիչներ են եւ իրենց դիրքին հասել են ինքնուրույն: Վերջին տասը տարիներին ԱԺ թափանցեցին նաեւ «գրպանի» պատգամավորները, որոնք ինչ-որ պաշտոնյայի կամ օլիգարխի դրածոն են: Թվում է, թե նրանց բախտը բերել է, օրենսդիր են դարձել, բայց իրականում նրանց ճակատագիրը շատ ծանր է: Մարդիկ ապրում են՝ գիտակցելով, որ եթե «տերն» իրենց գլխից ձեռքը վերցնի, ապա նույն պահին կհայտնվեն փողոցում` հին տաշտակի առջեւ նստած:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը 2009-ին պատգամավոր դարձավ գործարար Սամվել Ալեքսանյանի ազգականը լինելու շնորհիվ, երբ Մալաթիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը 2008-ին կալանավորվեց: Նույն Ալեքսանյանի շնորհիվ Նահապետյանը 2012-ին եւս մանդատ ստացավ եւ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ: Պարզվում է՝ այն աստիճան է լուրջ ընդունել իր պատգամավորական կարգավիճակը, որ սկսել է լրագրողներին խրատել, թե նրանք ինչ պիտի անեն, ինչը ոչ: Երեկ նա «Ժողովուրդ»-ի լրագրողին հանդիմանել է այն բանի համար, որ օրաթերթը Սեյրան Օհանյանի հետ պատգամավորների փակ հանդիպումից մանրամասներ է հրապարակել: Ստիպված ենք բախտի բերմամբ մանդատ ստացած պատգամավորին հիշեցնել, որ տեղեկություն փնտրելը, գտնելը եւ տարածելը լրագրողներիս սահմանադրական իրավունքն է, իսկ պատգամավորինը` բերանից «թուլ» չլինելը, որ հետագայում ստիպված չլինի իր մեղքը լրագրողների վրա գցել: Այնպես որ, մենք շարունակելու ենք տեղեկություններ հրապարակել անգամ ամենափակ նիստերից՝ ինքներս զտելով ինֆորմացիան, որպեսզի մեր երկրի դեմ ոչինչ չհրապարակվի. թեեւ շատ նիստերում որոշ գործիչներ մեր երկրի դեմ են ելույթներ ունենում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցությունները ընտրատարածքները իրար մեջ բաշխելու շուրջ: Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգրքով նախկին ամեն չորսական ընտրատարածքի փոխարեն 2017-ին ձեւավորվելու է մեկը, եւ գործող 41 ընտրատարածքները դառնալու են 13-ը: Արդյունքում, իշխանական պատգամավորները փորձում են իրար մեջ պարզել, թե ով որտեղ է առաջադրվելու, որպեսզի իրենց համար կարողանան «ազատ» տարածք «բռոնյա» անել: Բանն այն է, որ բոլորը հասկանում են, որ առանձին օլիգարխ-պատգամավորների հետ միեւնույն ընտրատարածքում լինելու դեպքում նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանության ձայները հենց իրենց օգտին գրվեն: Արդյունքում, չնայած նրանք իշխանություններին մի քանի հոգով «կներկայացնեն», բայց դափնիները կհասնեն մեկին: Ուստի իշխանական պատգամավորները փորձում են՝ որքան հնարավոր է՝ շուտ իրավիճակը հասկանալ, որպեսզի կարողանան իրենց ապագա մանդատի հարցը լուծել:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին Ռոբերտ Քոչարյանը եւս, ի վերջո, այցելեց Արցախ եւ հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահին խորհուրդ է տվել ամուր կառչել ոչ մի թիզ հող չզիջելու եւ ստատուս քվոն պահպանելու սկզբունքին: Այլ կերպ ասած՝ Քոչարյանն ասել է, որ ներկա վիճակում ցանկացած զիջում կարող է ճակատագրական լինել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի իսկությունը պարզել Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, սակայն ապարդյուն: Փորձեցինք լուրը ճշտել հանդիպման մյուս կողմի ներկայացուցչից: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք, քննարկվել են այս չորսօրյա պատերազմը, նրա հետեւանքները եւ ընթացքն ու անելիքները: Որեւէ այլ հարցի պարզաբանում, կարծում եմ, այստեղ ավելորդ է»:
Սերժ Սարգսյանը նախօրեին` Վիեննայից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում տված հարցազրույցում անդրադարձել էր նաեւ Հայաստանի կառավարական համակարգը շուտափույթ կոռումպացված պաշտոնյաներից մաքրելու եւ պետական բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու վերաբերյալ հնչող կոչերին: Նա փաստացի ազդարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում իրենց գործելաոճը փոխել. «…Մեզ պարտադիր չէր, որ այդ չորս օրերը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին»: Իհարկե, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո, կարելի էր հանդիպել դյուրահավատ գործիչների, որոնք լուրջ-լուրջ սկսել էին քննարկել, թե ինչպես ՀՀ իշխանությունները կարող են Հայաստանում մենաշնորհները վերացնել, կոռուպցիայի դեմ պայքարել ու այսպես շարունակ: Բայց Սերժ Սարգսյանը շտապեց իր` կոռումպացված թիմին հանգստացնել, որ անհոգ լինեն, ամեն ինչ առաջվա պես է լինելու, իսկ այդ աշխարհացունց ելույթներն էլ ընդամենը միտված են եվրոպացիներից 15 մլն եվրո դրամաշնորհ «պոկելուն»:
ԱՆՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո հայկական կողմի կոշտացրած դիրքորոշումը օրեր անց ոչ միայն փափկեց, այլեւ հնչեցին հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում էին մինչ այդ առաջադրված պայմաններին: Սերժ Սարգսյանը, ինչպես հիշում ենք, խոսեց բանակցությունների շարունակության հնարավորության մասին բացառապես շփման գծի` մինչ ապրիլի 1-ը եղած վիճակի վերականգնման դեպքում: Սակայն ինչպես որ հաճախ է լինում Ս. Սարգսյանի դեպքում, արված հայտարարությունները մոռացության տրվեցին, եւ ընդամենը օրեր անց շփման գծի վերականգնման փոխարեն մենք լսեցինք 800 հա կորսված հայկական տարածքների ռազմավարական անկարեւորության մասին մեկնաբանություններ:
Իհարկե, հասկանալի է, որ առկա իրավիճակում ՀՀ-ի հակազդեցության ռեսուրսները սահմանափակ են, եւ Վիեննայի հանդիպումը, որը լավագույն դեպքում կարելի էր կոչել բանակցություններ` բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին, ավելի նախընտրելի էր, քան սահմանին նոր լարվածությունը: Հարցն այն է, թե դրանով ինչ խնդիր լուծվեց եւ ինչպիսի ժամկետի համար: Վիեննայից հետո ողջ իշխանական վերնախավը, չթաքցնելով հրճվանքը, նշում է, թե Ս. Սարգսյանի առաջադրած 3 պայմաններից առնվազն 2-ը եռանախագահների կողմից ընդունվել են: Սա, իհարկե, տարակուսելի է, քանի որ եռանախագահները երբեւէ հանդես չեն եկել 94-95թթ համաձայնագրերի վերանայման կամ սահմանային հետաքննության մեխանիզմների ներդրման դեմ: Դրանց դեմ է հանդես եկել բացառապես Ադրբեջանը, որին էլ առաջադրված էին այդ նախապայմանները: Իսկ Ադրբեջանը Վիեննայում ընդամենը հավաստիացրել է, որ խաղաղության է ձգտում, ինչը, հենց Ս. Սարգսյանի գնահատմամբ, առանձնապես ոգեւորվելու առիթ չէ, քանի որ Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում, սակայն հետո դիմում սադրանքների:
Եվ ուրեմն, հայկական կողմի` Վիեննայում ունեցած ձեռքբերումների մասին կարելի էր խոսել միայն մեկ դեպքում. եթե Ղարաբաղը վերադառնար բանակցային սեղան: Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Եվ չէր էլ կարող, քանի որ Ս. Սարգսյանը, ինչպես գիտենք, ոչ միայն իր 3 առաջարկներում նման պահանջ չէր դրել, այլեւ հենց Վիեննա մեկնելուց ժամեր առաջ հրահանգել էր Արցախի ճանաչման մասին օրինագիծը տապալել Աժ-ում՝ թույլ չտալով, որ այն անգամ օրակարգ մտնի: Իհարկե, ամենեւին չենք բացառում, որ այդ պահին դա կարող էր լինել ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու արդյունքում կայացված ճիշտ որոշում: Բայց դրան գոնե ֆորմալ մակարդակով պետք է ընդդիմանար Արցախը: Առհասարակ, ներկայիս իրավիճակում ԼՂՀ ինքը պետք է սկսի առավել բարձր հայտարարել բանակցային սեղանին վերադառնալու իր իրավունքի մասին` ընդհուպ գնալով պաշտոնական Երեւանի հետ տեսանելի հակադրության:
Մինչդեռ առայժմ ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս Վիեննայում կայացված համաձայնությունը ողջունող հայտարարությամբ: