ԱՅՍ ՊՐՈՑԵՍԸ ԻՐ ՄԵՋ ՆՈՒՐԲ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով նախաձեռնում է հաշվեհամար բացել` հրահանգելով ԱԺ մոտավորապես 800 աշխատակիցների յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցել այդ հաշվեհամարին: ԱԺ-ում կասկածներ կան, որ նա իր անունով է ֆոնդ բացել ու չի ասում, թե աշխատակիցները որքան ժամանակ պետք է իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցեն այդ ֆոնդին:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին:
-Պարո՛ն Թովմասյան, Դուք Ազգային ժողովի մոտ 800 աշխատակիցների հրահանգել եք գրավոր համաձայնություն տալ, որ իրենց աշխատավարձերի 1 տոկոսը փոխանցվի Ձեր անունով բացված հաշվեհամարին: Ինչո՞ւ է հենց Ձեր անունով բացվել:
-Չի կարող իմ հաշվեհամարով բացվել: Այս պահին քննարկվում է դրա ձեւաչափը: Դա կարող է լինել հիմնադրամ, կարող է լինել արմիության միջոցով, բայց, ամենայն հավանականությամբ, կլինի հիմնադրամ, որտեղ հոգաբարձուների խորհուրդը կլինի յուրաքանչյուր ֆրակցիայից մի հոգի, միգուցե մի հոգի էլ աշխատակազմից: Մեկ ֆիզիկական անձի անունով, բնականաբար, չի կարող բացվել:
Դրա մասին եղել է հայտարարություն: Գագիկ Մելիքյանը ելույթ է ունեցել, հայտարարություն է արել, որից հետո խմբակցությունների ղեկավարները միասին քննարկել են, եւ նման որոշում է կայացվել:
-Պատգամավորները ե՞ւս պարտավորվել են գումար փոխանցել Արցախում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:
-Կարող եմ ասել, որ եղել են պատգամավորներ, որ ցանկացել են՝ շատ ավելի մեծ տոկոս գումար փոխանցվի, բայց քննարկման արդյունքում որոշվել է, որ մինիմալը լինի: Սա լավ պրոցես է, որ պետք է արվի, որովհետեւ այդ մարդիկ, անկախ պետությունը ինչ կանի, պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու հոգածության ներքո: Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ նաեւ այլ կազմակերպություններ, մասնավորապես հանրային ռադիոն, իրավաբանական գրասենյակը, իրենք եւս դիմել են եւ խնդրում են հասկանալ, թե այդ մեխանիզմները ինչպես անեն, ինչպես ամբողջը կազմակերպվի, ինչպես դա արվի: Կարծում եմ, որ սա պետք է վարակիչ լինի մնացած կառույցների, կազմակերպությունների համար: Վերջին հաշվով այդ մարդիկ կյանքն են տվել, իսկ այս պրոցեսը ենթադրում է աշխատավարձի 1 տոկոսը, դրանք ընդհանրապես անհամադրելի են: Սա բարեգործություն չի, բարեգործները այն մարդիկ էին, որոնք հնարավորություն տվեցին այսօր մեզ հանգիստ զրուցել, գնալ տուն, մեր երեխաների հետ շփվել: Բոլորի առջեւ պետք է գլուխ խոնարհել, եւ այս պրոցեսը իր մեջ բավականին նուրբ էլեմենտներ ունի դրա կազմակերպման առումով, չի ենթադրում զուտ ֆինանսական ինչ-որ մի գումար նրանց փոխանցել: Այսինքն՝ նրանց տուն ամեն ամիս պատգամավորների այցելությունները, միջոցառումները, նրանց մասնակից դարձնելը այս կառույցում կազմակերպվող միջոցառումներին. սա չասեմ ամենօրյա, բայց մշտական պրոցես պետք է լինի:
-Փաստորեն, գումարը պատադիր կերպով պետք է փոխանցվի, այլ ոչ կամավոր: Ինչո՞ւ:
-Նման բանը չի կարող պարտադիր լինել, ոչ ոք չի կարող նման բան պարտադրել: Բայց եթե ես հետեւեմ կամ իմանամ, որ ինչ-որ մեկը չի ցանկացել, ես ոչինչ չեմ անի, պարզապես ինձ համար տարօրինակ կլինի նման երեւույթը:
-Իսկ ե՞րբ այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի, ե՞րբ կսկսեն գումարներ փոխանցել:
-Մինչեւ այս բոլոր հարցերն իրենց լուծումները չստանան, այդ պրոցեսը չի սկսվի:
-Իսկ որքա՞ն ժամանակ պետք է շարունակեն գումար փոխանցել:
-Միշտ: Քանի այստեղ աշխատում են, միշտ է դա լինելու:
-Մեր տեղեկություններով՝ Դուք, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գնալով Արցախ, կառավարությունում սեղանին եք դրել Ձեր մեքենայի բանալիներն ու 2000 հազար դոլոր գումար՝ նշելով, որ այսքանը կարող եք տալ: Բա Ձեր աշխատավարձից ինչքա՞ն մաս եք փոխանցել կամ փոխանցելու:
-Չի կարելի այդ մասին խոսել: Ով է ինչ արել, ինչի համար է արել եւ այլն: Այդ մասին չեն բարձրաձայնում: Երբ Համբուրգում մի եկեղեցու ամենավերեւի հարկում էի, գերմաներենով գրված էր, որ համբուրգյան ծագումով մի նյույորքցի գործարար այս եկեղեցու վերանորոգմանը նվիրաբերեց 3 թե 4 մլն եվրո, բա ասում էինք՝ ինչու անուն-ազգանուն չկա, ասում էին, որ նա չի ուզել որ այդ ամբողջը գրվի: Այսինքն՝ նման բարեգործությունը, աջակցությունը գովելի է, բայց չի կարելի խոսել այդ մասին: Ինչ եմ փոխանցել, ինչ եմ արել, պետք չի դրա մասին բարձրաձայնել:

 

 

 

ՎՊ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ «ԲԱՐԱԿՈՒՄ» ԵՆ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը: Պատգամավորները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին տարբեր հարցեր ուղղեցին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ՎՊ զեկույցի ծավալների` տարեցտարի նվազումը. 2013-ին զեկույցի ծավալը 61 էջ էր, 2014-ին՝ 34 էջ, իսկ 2015-ին՝ 25 էջ: Զաքարյանի խոսքով՝ ՎՊ զեկույցի համար թիվ մեկ չափանիշը ընթացիկ հաշվետվությունն է, որը բարեխղճորեն դրվում է ՎՊ կայքում: «Հաջորդ տարվա հաշվետվությունն էլ ավելի կնվազի, ընթացիկ հաշվետվությունները միջանկյալ հաշվետվությունների հետ անցնում են 2000 էջը, սակայն այդքանը չեն կարող տեղ գտնել ՎՊ զեկույցում»,-պարզաբանեց նա:
Այնուհետեւ դահլիճում ներկա ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արտահերթ ելույթով անդրադարձան իրենց ոլորտներում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներին:
Արմեն Մուրադյանը որպես հիմնական դիտողություն նշեց ՎՊ զեկույցի մեջ ներմուծման եւ գնումների կազմակերպման գների տարբերությունը:
«Փաստացի բոլոր գնումներն առողջապահության նախարարությունը եւ առողջապահական հիմնարկները կազմակերպել են` գնումների մասին օրենքի եւ կառավարության որոշումների համաձայն, սակայն այդ օրենքներն ու որոշումները չեն սահմանափակում այն ներմուծողների շահույթը, որոնք մասնակցում են այդ մրցույթներին, ուստի առաջանում են խնդիրներ գնումների կազմակերպման ոլորտում»,- ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ նախարարության վերահսկողության արդյունքում 150 վարչական վարույթ է իրականացվել, հայտնաբերվել են 170 չգրանցված եւ 120 ժամկետանց դեղեր, հարուցվել են քրեական գործեր, 6 դեղատուն զրկվել է գործելու լիցենզիայից: Նախարարը հավելեց, որ նոր օրենքներով այս աշխատանքները ավելի են խստացվելու, մեծացվելու է հսկողությունը եւ տուգանքների չափը:
Արտեմ Ասատրյանն էլ իր խոսքում նշեց, որ վերջին չորս-հինգ տարիներին սոցիալական ոլորտը եղել է ՎՊ ուշադրության կենտրոնում: Նախարարի ներկայացմամբ` այդ տարիների ընթացքում ՎՊ-ի հետ արդյունավետ են աշխատել, քանի որ երբ խոսվում է վերահսկողության մասին, պետք է նկատի ունենալ արդյունքի վրա հիմնված վերահսկողություն:
«Ժամանակին կենսաթոշակային ոլորտում կային խնդիրներ, որոնք համակարգային բնույթ ունեին, դրանց տրվեցին համակարգային լուծումներ` ստեղծելով նոր կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը նվազագույնի հասցրեց պատահական եւ միտումնավոր խախտումները»,- ասաց նախարարը: Վերջինս անդրադարձավ նաեւ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում ընտանեկան նպաստների մասով կատարված ՎՊ ստուգումներին՝ ասելով. որ այդ հարցը քննարկվել է վարչապետի մոտ, եղել են հանձնարարականներ մարզպետներին, նախարարությանը, արդյունքում` 3 տնօրեններ ազատվել են աշխատանքից, եւս 3 տնօրեններ եւ 11 աշխատակից ստացել են խիստ նկատողություն:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ՕՀԱՆՅԱՆԻ ԿՆՈՋ ԳՈՐԾՈՎ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործն առաջիկայում կուղարկվի դատարան: Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Օհանյանը եւ նրա կինը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց մասին մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների հեղինակներին, ըստ որոնց՝ նախարարի կինը ժամանակին քրեական պատմությունների մեջ է հայտնված եղել, վրաերթ է արել: Նյութերը հրապարակվել էին «Հայկական ժամ» անվանումով կայքում: ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրգործով սուտ մատնության հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց նշված կայքի խմբագիր Աննա Գեւորգյանին: Մեր տեղեկություններով՝ գործի քննությունն ավարտվել է, եւ այն կուղարկվի դատարան:

 

 

ՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հայտնի ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարին եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հանձնարարեց երեք շաբաթում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմանների վրա եւ լուծումներ առաջարկել: «Ժողովուրդ»-ը ՏՄՊՊՀ-ից փորձեց պարզել, թե իրենց հանձնաժողովն այս ընթացքում ինչ է արել վարչապետի հանձնարարականը կատարելու համար: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասաց, որ այս պահին իրենց հանձնաժողովն աշխատում է վարչապետի հանձնարարականի վրա, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթը եւ լուծումները առաջիկա մի քանի օրերին պատրաստ կլինեն:

 

 

ԲԱԲԱՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը արդեն մի քանի օր է՝ հայտարարում է, որ պատրաստվում է «Ռեֆորմիստների» կուսակցություն ստեղծել: Հիշեցնենք, որ երիտասարդ Բաբայանը վերջին 15 տարիներին հասցրել է չորս կուսակցության անդամ լինել: «Ժողովուրդ»-ը երեկ Վ. Բաբայանից հետաքրքրվեց, թե արդյոք չի կարծում, որ նման անցյալը կարող է հավատ չներշնչել մարդկանց մոտ: «Եթե մարդիկ չեն գտնում բիզնեսներ, կոռուպցիոն սկանդալներ, կրիմինալ, բնական է, որ ինչ-որ բան պետք է գտնեն խոսելու: Դա իմ համար որեւէ նշանակություն չունի, եւ ես այդ քննադատությունները լուրջ չեմ ընդունում: Լրջությունն այն բանի մեջ է, թե մենք ինչ ենք ասելու եւ անելու: Թե ես որտեղ եմ եղել, ինչ քաղաքական կուսակցության անդամ եմ եղել, դա իմ ընտրությունն ու իմ իրավունքն է»,- ասաց Բաբայանը:

 

 

ՓՈՂԵՐՆ ԵՆ ՀԱՇՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ մինչեւ ուշ գիշեր ՀՀ վարչապետի մոտ քննարկել են տարբեր գերատեսչությունների ծախսերը վերանայելու եւ կրճատելու հարցը, այդ թվում նաեւ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով: Ենթադրվում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդեն այս խնդրի լուծման հետ կապված նախագիծ կներկայացվի:




Լրահոս