«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է մայիսի 21¬ին: Այն իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի առաջարկով: Միջոցառման այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները»: Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան: Մայիսի 18¬ին՝ «Թանգարանների միջազգային օրը», ժամը 10:00¬18:00 մասնակից¬թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, մայիսի 21¬ին, ժամը 18:00-24:00¬ն, կրկին անվճար:
«Ժողովուրդ»-ը Հայաստանի որոշ թանգարաններից հետաքրքրվեց` ինչպես են իրենք պատրաստվում նշանավորել այդ օրը, ինչի վրա են այս անգամ դնելու շեշտը, ինչ առանձնահատուկ անակնկալներ են սպասվում այցելուներին: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը մեզ հայտնեց, որ իրենց թանգարանում եւ դրա համապատասխան մասնաճյուղերում կազմակերպվելիք միջոցառումների առանցքում կլինի Հայաստանի անկախության 25-ամյակի թեման:Նրա խոսքով` անելու են հնարավորը` այցելուների համար ոչ միայն գեղագիտական, այլեւ կրթական ժամանց ապահովելու ուղղությամբ:
Գրականության եւ արվեստի թանգարանում ակցիան կսկսվի հենց մուտքից: Այցելուներն այնտեղ ոտք դնելուն պես կտեսնեն հանդերձավորված դերասանների` հայկական հեքիաթների կերպարներով. «Մենք նրանց կոչելու ենք «կենդանի արձաններ», որոնք տարբեր հնարքների միջոցով մարդկանց կհրավիրեն մեզ մոտ: Պետք է այնպես անել, որ ոչ մի այցելու չկարողանա անտարբեր անցնել թանգարանի կողքով, հատկապես դպրոցահասակ երեխաները: Նպատակ ունենք նրանց համար հետաքրքիր ժամանց ապահովել»,-ասաց տնօրենը:
Թանգարանում այդ օրը կցուցադրվի ինտերակտիվ ներկայացում, շուտասելուկների մրցույթ, տեղի կունենա ռետրո համերգ: Միջոցառմանը, ինչպես նշեցինք, իրենց մասնակցությունը կունենան նաեւ թանգարանի մասնաճյուղերը, անգամ` անմխիթար վիճակում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը, մարզերի մասնաճյուղերը` Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանը եւ այլն:
Իսկ, ահա, Հովհաննես Թումանյանի թանգարանում (Երեւան) որոշել են միջոցառումը զուսպ նշել: Տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ տեղեկացրեց, որ այն ռեսուրսները, ծախսերը, որոնք նախատեսված էին տոնակատարությունների համար, կուղղվեն այլ նպատակի. «Այդ գումարով մենք կօգնենք ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված մի զինվորի: Բացի այդ` թանգարանի այցելուները եւս կկարողանան տուրք տալ նրան` իրենց ներդրումն ունենալով հատուկ այդ նպատակով տեղադրված գանձանակում: Նրանք կարող են նաեւ ներկա գտնվել գանձանակի բացմանը եւ գումարի հանձնմանը: Գանձանակի մոտ Թումանյանի խոսքերն ենք փակցրել: Նա դեռեւս 1920-ականներին հանդես է եկել նման նախաձեռնությամբ եւ ասել է, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է իր տուրքը տա բանակին, եւ այդ պարագայում կարեւորը գումարի չափը չէ. դա բարոյական հարց է: Մի ցուցադրություն որ քիչ լինի, կամ մի գիրք որ քիչ տպվի, դրանից մենք չենք տուժի, բայց եթե սա չանենք, կաղքատանանք. գուցե զինվորի համար սա շատ քիչ է, բայց նման նախաձեռնությունն առաջին հերթին մեզ է պետք»,-մեկնաբանեց Ն. Թուխիկյանը:
Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ¬ի, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ¬մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
4 ՏԱՐՎԱ ՋԱՆՔԵՐԻՑ ՀԵՏՈ «ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ»` ԷԿՐԱՆՆԵՐԻՆ
«Մուլտարտ+» ստուդիան հունիսի 1-ից երեւանյան կինոթատրոններում հանդիսատեսի դատին կհանձնի Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով նկարահանած համանուն մուլտֆիլմ-մյուզիքլը: «Ժողովուրդ»-ին բեմադրող ռեժիսոր եւ սցենարիստ Արթուր Միքայելյանը տեղեկացրեց, որ մուլտֆիլմի վրա աշխատել են շուրջ չորս տարի: Նախագիծն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ եւ Indiegogo միջազգային հարթակում անցկացված դրամահավաքի միջոցով:
Ռեժիսորի խոսքով` մուլտֆիլմը նկարահանվել է դասական անիմացիայի կանոններով. յուրաքանչյուր կադրը նկարվել է ձեռքով: «Մենք ունենք մինչեւ 5 վայրկյան տեւողությամբ տեսարան, որտեղ օգտագործվել է 1200 նկար: Դրանց վրա 2 ամսվա ընթացքում աշխատել է 3 նկարիչ: Եթե ամբողջ աշխարհում նմանատիպ նախագծերը ստեղծվում են 100-200 հոգանոց ստուդիաներում, մենք այս մուլտֆիլմի վրա աշխատել ենք 30 հոգով, եւ մեզնից միայն 10-ն է աշխատել ամենօրյա ռեժիմով: Հուսով ենք` այն, ինչ կտեսնի հանդիսատեսը, կարդարացնի մուլտֆիլմի վրա ծախսած ժամանակն ու մյուս ռեսուրսները»,-նշեց Արթուրը:
Մեր այն հարցին` մուլտֆիլմը ներսի թե դրսի լսարանի համար է, ռեժիսորը պատասխանեց. «Կարծում եմ` երկուսի համար էլ հետաքրքիր եւ հասկանալի կլինի: Այնտեղ օգտագործվել է շուրջ 45 հազար նկար, եւ մենք նպատակ ենք դրել, որ դրանցից յուրաքանչյուրը լինի գեղեցիկ ու հետաքրքիր պատկեր, որը կհաղորդի պոզիտիվ էներգիա: Այն, ինչ ցանկացել ենք ստեղծել, 70 տոկոսով ստացել ենք»:
Իսկ այն հարցին, թե արդյոք մուլտֆիլմ-մյուզիքլի շրջանակում մեզ արդեն հայտնի երգիչ-երգչուհիների, դերասան-դերասանուհիների ձայներ կլսենք, Արթուրը պատասխանեց. «Նախագծում որպես այդպիսին հայտնի անձանց չենք ներգրավել. նման խնդիր մեր առջեւ չենք դրել: Առավելապես շեշտադրել ենք որակյալ վոկալ ունենալու հարցին»:
Անդրադառնալով Հայաստանում անիմացիոն նախագծերով զբաղվելու բարդություններին` ռեժիսորը նկատեց, որ մեզ մոտ, ցավոք, քիչ են անիմատորները, իսկ համապատասխան դպրոց Հայաստանում չկա: Այնինչ՝ Արթուրի համոզմամբ՝ մուլտֆիլմի ստեղծման դեպքում ոչ այնքան կարեւոր է ռեժիսորի, որքան անիմատորի դերը: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում կա նաեւ լուրջ նկարիչների պակաս:
Արթուրը տեղեկացրեց, որ «Անբան Հուռին» մայրաքաղաքից բացի՝ կցուցադրվի մարզերում, արդեն ներկայացվել են նաեւ հայտեր՝ այն փառատոներին ներկայացնելու համար:
Նշենք, որ «Անբան Հուռին» մուլտֆիլմի բեմադրող նկարիչներն են Գայանե Բաբայանը եւ Իգոր Պատրինը, կոմպոզիտորը Գեղայր Խլղաթյանն է։ Հերոսներին հնչունավորել են Էկա Հորստկան, Աստրիդ Էքսուզյանը, Անի Ադիլխանյանը, Նվարդ Հովակիմյանը, Արսեն Գեւորգյանը եւ այլք: Մուլտֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 70-80 հազար դոլար:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի 92¬րդ տարեդարձը հայաստանցի հանդիսատեսի կյանքում կնշանավորվի համերգով: Մայիսի 22¬ին` ժամը 20:00¬ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ` նվիրված աշխարհահռչակ երգչի 92-ամյակին: «Արմենպրես»¬ի հաղորդմամբ` ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լեւոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը եւ Հայկ Պետրոսյանը: Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծն շանսոնյեի ծննդյան օրը իր իսկ անվան հրապարակում:
ԷՐԴՈՂԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Աղետ» համերգաշարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտ Արմեն Թորոսյանը տեղեկացրել է, որ «Աղետ» համերգաշարը լայն արձագանք է գտել. նույնիսկ համերգների նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել էր Եվրամիության համապատասխան հանձնաժողով` պահանջելով չֆինանսավորել եւ արգելել դրանք: «Էրդողանն ամեն ինչ անում էր, որպեսզի համերգաշարից հանվեր «ցեղասպանություն» բառը, եւ համերգն արգելվեր այն պարզաբանությամբ, որ դրանով վիրավորում են թուրքերին։ Նրանք նամակով դիմել են անգամ Գերմանիայի կանցլերին: Բացի այդ` այս հարցը քննարկվեց Եվրախորհրդարանում։ Իհարկե, ամեն ինչ ապարդյուն անցավ, քանի որ գերմանացիները չենթարկվեցին Թուրքիայի կոչերին։ Համերգներն ընթացան հաջողությամբ եւ նույն խորագրի ներքո»,- ասել է Ա. Թորոսյանը:
Նշենք, որ նույն ծրագրով երաժիշտները կներկայանան նաեւ Սերբիայում, Հայաստանում եւ Թուրքիայում։
ԼԵՈՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՀԸ»
Հոլիվուդյան սրտակեր Լոենարդո դի Կապրիոն շարունակում է խելքահան անել աղջիկներին: Դերասանի հերթական «զոհն» է դարձել One Direction խմբի մենակատար Հարի Սթայլզի նախկին ընկերուհին՝ Victoria՚s Secret-ի մոդել Ջորջիա Ֆաուլերը: 41-ամյա դերասանին մոդելի ընկերակցությամբ տեսել են Կաննի «Gotha Club» ակումբում կազմակերպված հավաքույթին:
Դատելով լուսանկարներից՝ Լեոն ընկերների հետ հրաշալի ժամանակ է անցկացրել` սեթեւեթելով Ջորջիային:
Ի դեպ, Ջորջիայից բացի` Լեոյի կողքին պտտվելիս է եղել նաեւ Նադին Լեոպոլդը (ճակատագրի հեգնանքով նա նույնպես Հարի Սթայլզի նախկին ընկերուհին է):
Աղջիկները, փաստորեն, համալրել են դերասանի մոդել սիրուհիների ցուցակը՝ հայտնվելով Նաոմի Քեմփբելի, Ժիզել Բունդհենի, Բար Ռաֆայելայի, Թոնի Հարնի, Քելի Ռորբախի հետ նույն շարքում: