Երբ հրապարակվեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցը, որում նա պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը ավտոճանապարհին կանգնելու եւ այն նեղացնելու համար հայհոյել ու թիկնապահներին հրահանգել ավտոմատով սպառնալ վարորդ-կամավորներին, որեւէ մեկին կատարվածը չզարմացրեց: Բոլորն էլ լավ հիշում են, որ գեներալ Մանվելը միշտ էլ իր թիկնապահների հետ աչքի է ընկել բռնություններով: Արդեն երկու տասնամյակ է՝ մարդիկ նրա ավտոմեքենայի ճանապարհից դիվահար փախչում են, քանի որ շատ լավ գիտեն, թե իրենց «սխալը» որքան ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Եւ այսօր ասել, որ սա սարքովի պատմություն է, առնվազն ազնիվ չէ: Պարզապես մենք պետք է տարանջատենք պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանին խաղաղ օրերին բռնարարքներ սանձազերծող գործչից:
Ու այս պատմության մեջ ամենազզվելին ի պաշտպանություն գեներալի սկսված քծնարշավն է: Անգամ որոշ կայքեր են սկսել կեղծ ինֆորմացիաներով «անալիտիկել» գեներալին: Մինչդեռ ընդամենն անհրաժեշտ էր պատվով ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար ու փակել այս խայտառակ էջը: Սակայն Մանվել Գրիգորյանը, լինելով անասելի փառասեր (նրա քծնող շրջապատը անգամ զորավար է հռչակել գեներալին), ջանում է Արցախ-Հայաստան հարաբերությունները հանուն իր փառքի փչացնել` պատվիրելով վիրտուալ տիրույթում վարկաբեկել Արցախի իշխանության ներկայացուցիչներին:
Ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականին պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը եւ պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է: Եւ, ահա, երեկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով: Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում եւ դառնում են 965: Նկատենք, որ նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել է ստացվում: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ունի 65 միլիոն բնակչություն, իսկ այդ երկրի պետբյուջեն 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար է կազմում, ծառայողական մեքենաներն այս հսկա ցուցանիշներով երկրում ընդամենը 190 հատ են:
Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի: Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ քսան օր, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել: Եւ արդեն կանխատեսումներ կան, որ 3-4 ամիս անց ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կկարճվի կամ կկասեցվի: Այս գործով արդեն «սառեցման մասին» քաղաքական հրահանգը տրված է:
Նախօրեին Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ գյուղերում ուժգին կարկուտ է տեղացել, ինչի արդյունքում գյուղացիների մշակաբույսերը, պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվել են: Կատարվածն ուշագրավ է այն իմաստով, որ դեռ տարիներ առաջ պետբյուջեից հսկայական գումարներ ծախսվեցին ողջ Արարատյան դաշտավայրը հակակարկտային կայաններով ապահովվելու համար, որպեսզի մարդիկ նման դեպքերից պաշտպանված լինեն, փաստորեն` իզուր: Ինչո՞ւ չեն կրակել հակակարկտային կայանները, ԱԻՆ-ն էլ «փամփուշտ չի ունեցել»: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց, որ կայանները չեն գործել, քանի որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Յուքոմ»-ի ցանցում լուրջ խնդիր է առաջացած եղել: «Մենք պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից: Հենց այդ պատճառով էլ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»,- ասել է Վարդանյանը: Եւ այսպես՝ մինչ կորոշվի, թե ում պատճառով է անհնար եղել կրակել այս անգամ հակակարկտային կայաններից, մարդիկ իրենց 1 տարվա եկամուտը կորցրին: Հիմա մնում է, որ «Յուքոմը» փոխհատուցի գյուղացիների կրած վնասները:
ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական դիվանագիտության պասիվ, եթե չասենք՝ իսպառ կաթվածահար վիճակում անտեսվեց եւ այդպես էլ բաց թողնվեց կատարվածի միջազգային հետաքննության պահանջով հանդես գալու հարցը: Մինչ հայկական լրատվամիջոցները հաղորդում էին Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման մասին, բառացիորեն նույնաբովանդակ տեղեկատվությամբ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրահոսը հեղեղում էին ադրբեջանական քարոզչամիջոցները՝ կատարվածը ներկայացնելով որպես հայկական կողմից նախահարձակ գործողություն: Ու թեեւ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւն իր խոսքում նշեց, որ կատարվածի վերաբերյալ առկա են արբանյակային տեսագրությունները, թե ԱՄՆ պետդեպից այդ մասին հիշատակում եղավ, այդպես էլ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից որեւէ հասցեական եւ հստակ հայտարարություն չհնչեց առ այն, թե ի վերջո, որ կողմն էր նախահարձակ եղել:
Հայկական կողմից այս հարցի շուրջ ընդամենն ասվեց, որ միջնորդները չեն կարող, խախտելով իրենց միջնորդական անկողմնակալության ֆորմալ պարտավորությունը, նշել կոնկրետ մեկ կողմի անունը: Թեեւ, ըստ Էդուարդ Նալբանդյանի՝ միջազգային հանրությունն ու միջնորդները շատ լավ գիտեն, թե ով է նախահարձակ եղել: Ասել, որ սա սխալ մոտեցում է, չափազանց քիչ է: իրականում դա անթույլատրելի, անհեթեթ դիրքորոշում է, որը ԱԳՆ-ի անգործության հիմնավորումից բացի՝ ուրիշ որեւէ նպատակ չի հետապնդում: Եվ, ըստ ամենայնի, դա հասկացվել է նաեւ Ս. Սարգսյանի կողմից՝ Վիեննայում կայացած հանդիպումից հետո, որտեղ ինչպես նշեց հենց ինքը՝ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը նայելով միջնորդների աչքերի մեջ՝ ասել էր, որ հայկական կողմն է նախահարձակ եղել:
Երեկ այս առումով բավականին ուշագրավ զարգացում արձանագրվեց. Չիլիի Պատգամավորների պալատը բանաձեւ ընդունեց ապրիլի 1-2-ը Արցախում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին, որում հստակ արձանագրված է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային եւ ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին ԼՂՀ հետ սահմանագծում` ծանր հրետանու եւ վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ: Վերոնշյալ ագրեսիան 1994թ. կնքված զինադադարի, ինչպես նաեւ վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է»:
Սա շատ կարեւոր քաղաքական ազդակ է, որը հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խորացնել եւ ընդլայնել՝ դրանում ներգրավելով նաեւ սփյուռքյան մեր ռեսուրսները: Եվ, ի վերջո, լավ է ուշ, քան երբեք սկզբունքով՝ ՀՀ-ն եւ ԼՂՀ պետք է դիմեն միջազգային հանրությանը՝ կատարվածի միջազգային հետաքննության պահանջով: Այնպես, ինչպես որ դա արվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմավորված միջազգային քննիչ հանձնաժողովը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչ նախագահությամբ, ի վերջո, ներկայացրեց համապատասխան զեկույց, որում փաստերով ամրագրված էր, որ նախահարձակ կողմն, այնուամենայնիվ, եղել էր Վրաստանը: