Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, «Յունիբանկի» կողմից հրապարակվել է 25.05.2016թ.-ին: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` www.unibank.am և corp.unibank.am:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին «Յունիբանկը» որոշում կայացրեց վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով  առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: IPO-ի արդյունքում  բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Արդեն այս տարվա ապրիլին «Յունիբանկը» լրացուցիչ թողարկեց և բորսայում ամբողջությամբ տեղաբաշխեց 5.2 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է հատկացնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար  տեղեկատվության  հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

«Այս տարվա  հունիսի 1-ին կկայանա Յունիբանկի Բաժնետերերի  տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն տարվա արդյունքները և կներկայացվեն առաջիկա ծրագրերը: Չնայած 2015-ը այնքան էլ բարենպաստ տարի չէր տնտեսության աճի համար,  Յունիբանկը տարվա արդյունքներով գրանցեց  358 մլն դրամ շահույթ և բարձրացրեց իր ներդրումային գրավչությունը` տեղաբաշխելով և ցուցակելով բաժնետոմսերը ֆոնդային բորսայում: Բանկի բաժնետոմսերի ընթացիկ գինը NASDAQ OMX Armenia-ում` գործունեության արդյունավետության և իրական շուկայական արժեքի որոշման հավաստի ցուցանիշն է», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: 

Ներդրողները զգալի հետաքրքրություն են ցուցաբերում «Յունիբանկի» բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների:  2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, «Յունիբանկի» շուկայական մասնաբաժինը ավանդների գծով նախատեսվում է մեծացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչև 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում` 2020թ.-ին  բանկը կապահովի 5 մլրդ դրամի շահույթ:

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը և բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին և լիարժեք տեղեկատվության տրամադրմանը: Բաժնետոմսերի նոր թողարկման շնորհիվ մենք կընդլայնենք բաժնետերերի մեր ցանկը, ինչն իր հերթին հնարավորություն կտա բարելավելու բանկի կորպորատիվ կառավարման մակարդակը»,- ընդգծեց Վարդան Աթայանը:

2016թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% և կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Բանկը 2016թ.-ի առաջին եռամսյակում  ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով:

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ:

Նշենք նաև, որ «Յունիբանկն» արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է և ունի դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:




Լրահոս