Մայիսի 12-ին՝ կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով կառավարության անելիքներին՝ խոսել էր նաեւ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին: Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, խոսելով նույն խնդրի մասին՝ վարչապետը նշեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա:
Այս հակասական հայտարարությունների դրդապատճառների եւ մենաշնորհների դեմ իրական պայքարի հնարավորության շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարել էր մենաշնորհների դեմ պայքարի մասին, իսկ նախօրեին նա նշեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա: Այս երկու հակասական հայտարարություններն ինչպե՞ս պետք է հանրությունը հասկանա:
-Ֆորմալ առումով ճիշտ է ասել վարչապետը: Օրենսդրորեն մեզ մոտ դրանք պատժելի են, եւ որեւէ մեկը ինչ-որ մեկին արտոնություն չի տվել կամ ասել, որ դու ես միայն սրանով զբաղվելու: Բայց մեզ մոտ իրականում կան այնպիսի երեւույթներ, որ արդեն չգրված օրենքներ են: Ինչ-որ մարդկանց հանդեպ աչքը փակել եւ լինել այդ պրոցեսներում ինտեգրված: Այսինքն՝ այդ ներկրվող ապրանքների համար արտոնություններ տալ ինչ-որ մարդկանց` մյուսներին արհեստականորեն խանգարելով: Այդ մոնոպոլիաների, օլիգարխների մեջ կան ներկրողներ, որոնց թիկնապահները գնում են, սրան-նրան սպառնում են, ասում են՝ էլ չբերես, եթե բերես, քո հետ էս կլինի, էն կլինի, եւ ինչ-որ հետեւանքներ են լինում, եթե չի լսում: Կան շատ տարբեր թաքնված մոնոպոլիաներ. շատ պաշտոնյաների, պատգամավորների, նախկին նախարարների երեխաները, քույրերը, եղբայրները, հարսները, փեսաները, ընկերները բիզնեսների մեջ են մտել, եւ նրանք, քանի որ գիտեն՝ ով ով է, ստուգումները անհավասարաչափ են կատարվում նրանց հանդեպ: Կարող են նրանց չստուգել, ստուգել` չտուգանել կամ շատ քիչ ստուգումներ անել: Սա անհավասարության մրցակցության մի երեւույթ է, որը արհեստականորեն մոնոպոլիա է առաջացնում, որովհետեւ նրանք, ովքեր ազնիվ աշխատում են՝ սկսում են քիչ-քիչ թուլանալ եւ շուկայից դուրս թռնել, նրանց տեղերը սկսում են գրավել: Սա էլ է մոնոպոլիայի ձեւ, որը թաքնված է, եւ այդպիսի կազմակերպությունները Հայաստանում հազարավոր են: Սրանք տնտեսության շատ օղակներում են մտնում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում են, քանակապես շատ են ու քանի գնում՝ շատանում են: Քանի որ հիմա վարչապետը խոսում է մոնոպոլիաները վերացնելու կամ կոռուպցիայի խնդիրների մասին, ապա լավ կլիներ այնպիսի պրոցես սկսել Հայաստանում, որտեղ պետռեգիստրը, պետական եկամուտների կոմիտեն եւ այլ մարմինները, որոնք որ առնչվում են գործատուների հետ, կարող են չգրված ինֆորմացիաները դասակարգել, լուրջ բազա ստեղծել, թե մենք ինչ պետք է անենք, որ այս համակարգը կարգավորենք: Մենք առարկություն չունենք, որ պաշտոնյաների երեխաները կամ ընկերները բիզնես ունենան, բայց պետք է լինեն հավասար պայմաններ, չպետք է նրանք իրենց դիրքը չարաշահեն. սրան-նրան զանգելով՝ հարցեր լուծեն: Սա ավելի լուրջ պրոցես է եւ շատ ավելի մեծ, համախառն ներքին արդյունքի, ստվերի, բյուջեի հարկերի եւ բիզնեսին դուրս մղելու առումով ավելի վտանգավոր երեւույթ է:
-Վարչապետի հայտարարությունը արդյո՞ք կնպաստի մենաշնորհների դեմ գոնե նվազագույն չափով իրական պայքար սկսելուն:
-Արդյունքը միայն վարչապետի հայտարարությամբ չի լինի: ՀՀ նախագահն էլ անձամբ պետք է հրահանգավորի: Նա արդեն սկսել է որոշ քայլեր անել, որը ողջունելի է: Բայց միաժամանակ պետք է մոնիտորինգի ռեժիմ ստեղծեն, որպեսզի մենք վստահություն ունենանք եւ թափանցիկ լինի ամեն ինչ: Պետք է մոնիտորինգի խումբ ձեւավորեն հասարակական կառույցների անկողմնակալ մարդկանց խմբերով, որոնք որ կկարողանան պրոցեսի դիտարկումներ անել, որովհետեւ եթե այսպես խոսենք, անցնենք, բայց հետո չկատարենք, չի լինի: Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ շատ բարդ խնդիր է, եւ վստահաբար կարող եմ նաեւ ասել, որ այս տարի այս ուղղությամբ մենք շատ արդյունք չենք ունենալու:
-Պարո՛ն Մակարյան, ըստ Ձեզ՝ վարչապետը ինչո՞ւ հենց հիմա որոշեց խոսել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
-Բնականաբար վարչապետը պետք է հարցը հնչեցնի: Նա հաշվետու է կառավարության, Ազգային ժողովի առաջ եւ, բնականաբար, կարող էր ելութ ունենալ այդ առումով: Եւ վերջին հաշվով այստեղ նման երեւույթը հանրությանը, աշխարհին, տարբեր միջազգային կառույցներին ներկայացնելու խնդիրն է: Այսինքն՝ մեր կառավարությունը փորձում է ապացուցել, որ ինքը լուրջ մտադրություններ ունի, որը հոգեբանորեն կարեւոր է դոնորների հետ աշխատելու առումով: Որովհետեւ ստվերը եւ կոռուպցիան ամբողջ աշխարհի էկոնոմիկային են վնասում նաեւ:
Ի՞ՆՉ ԵՆ ԽՆԱՅԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Երեկ՝ կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` զեկուցել այն հանձնարարականի մասին, ըստ որի՝ պետք է կրճատվի պետական գերատեսչություններին սպասարկող ծառայողական մեքենաների թվաքանակը: Այլ կերպ ասած՝ կառավարությունը անցնում է խնայողության ռեժիմի:
Ի տարբերություն կառավարությանը՝ Ազգային ժողովում խնայողություններ կատարելու մասով որեւէ տեղաշարժ չի նկատվում:
Այս ամենը հաշվի առնելով՝ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից փորձեց պարզել՝ Ազգային ժողովում երբ են պատրաստվում անցնել խնայողության ռեժիմի: «Ազգային ժողովում վաղուց է այդ ռեժիմը սկսվել»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Թովմասյանը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն էլ այդ գործընթացից որոշակի մանրամասներ ներկայացրեց: «Ազգային ժողովը միշտ է խնայողությունների ռեժիմով: Տարվա սկզբից աշխատակազմի ղեկավարի կողմից եղավ հանձնարարություն, որպեսզի ընդհանուր բոլոր ստորաբաժանումները վերանայեն իրենց հաստիքների անհրաժեշտությունը եւ, ըստ այդմ, ներկայացնեն առաջարկություն: Այնպես որ, պրոցեսը տարվա սկզբից սկսված է, եւ բոլոր ստորաբաժանումները այդ ուղղությամբ աշխատում են: Իհարկե, տարվա սկզբին արդեն կային քայլեր, մասնավորապես կրճատվեցին այն հաստիքները, որոնք որ պայմանագրային հիմունքներով էին աշխատում, այսինքն՝ դրանք հաստիքներ չէին, այլ վարձու աշխատակիցներ, որոնց գործառույթները բաժանվեցին մյուս աշխատողների միջեւ, եւ նրանց անհրաժեշտությունը ուղղակի վերացվեց: Բայց քանի որ պրոցեսը դեռ շարունակվում է, ուստի այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե որքան գումար է խնայվել: Դեռեւս այդպիսի հաշվառում չի արվել: Մոտավոր հաշվարկով շուրջ 20 աշխատակցի հետ պայմանագրերը լուծվել են: Մեքենաների մասով էլ վաղուց են դուրս գրվել այն մեքենաները, որոնք անհրաժեշտություն չեն եղել: Հիմա էլ շարունակվում են աշխատանքներն այդ ուղղությամբ: Միաժամանակ նշեմ, որ դեռեւս նախորդ տարվանից ԱԺ նախագահի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ խիստ հսկողության տակ են գործուղումները, դրանց հետ կապված բոլոր ծախսերը: Այս առումով էլ ունենք բավականաչափ խնայողություններ»,-հավաստիացրեց Բաբայանը:
Այսպիսով՝ ստացվում է, որ այն, ինչ Հովիկ Աբրահամյանը դեռ նոր է նախատեսում, Գալուստ Սահակյանն ու Հրայր Թովմասյանը վաղուց են սկսել: Միայն թե, ափսոս, այդպես էլ չներկայացվեց, թե դրա արդյունքում որքան գումար է խնայել Ազգային ժողովը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԵԹԵ ՕԳՆԻ, ԻՆՉՊԵՍ ԿՀԱՐՍՏԱՆԱ
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի դրամական միջոցները, ի տարբերություն իր ղեկավարած մարզի բնակչության, տարեցտարի շարունակական ավելանում են: Ըստ նրա հայտարարագրի՝ անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 10.4 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Մարզպետը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է մոտ 490 հազար դրամ: Աբրահամյանի տիկնոջ` Նաիրա Ներսիսյանի դրամական միջոցները 2015-ի տարեվերջին կազմել են 18 մլն դրամ, 16 հազար դոլար եւ 21 հազար եվրո: Ի դեպ, թեեւ մարզպետի կինը տնային տնտեսուհի է, սակայն դա չի խանգարել 3.7 մլն դրամի «այլ եկամուտ» հայտարարագրել: Ի դեպ, օրերս մեզ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Ավշար գյուղի 9 երեխայի մայր Մարինե Սահակյանը դիմել էր մարզպետին էլեկտրաէներգիայի` ամիսներ շարունակ կուտակված 232 հազար դրամ պարտքը մարելու հարցում իրեն օգնել, բայց մարզպետը չէր օգնել: Ի դեպ, Մարինե Սահակյանի որդիներից մեկը ժամկետային զինծառայող է:
ԿՐԿԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿՏԻՎ ՔՆՆԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով իրավապահներին նոր տվյալներ են հայտնի դարձել: Ըստ այդ լուրերի՝ մինչ այս թվում էր, թե այս քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին, բայց պարզվում է՝ այն շարունակում է զարգանալ: Արդյունքում, ԱԱԾ-ն շարունակում է այս գործով կալանավորվածների կալանքի ժամկետները երկարաձգելու միջնորդությամբ դիմել դատարան:
ԲԱՆՏԻՑ՝ ԱՌԱՋԻՆ ԳԻԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին եւ խնդրել են իրենց ներում շնորհել` խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ կամավոր զինվորական ծառայության անցնել: Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են եւ նախկինում նրանք զինվորականներ են եղել եւ նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաեւ պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է: Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեղամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը եւ Հրաչ Ալեքսանյանը:
ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ի գիշերը մեկնել է Մոսկվա: Այնտեղ է մնացել Քոչարյանը, թե այլ երկիր է մեկնել, մեզ չհաջողվեց պարզել: Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: