Մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի երկու տասնյակ գյուղերում տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով հարյուրավոր գյուղացիներ խոշոր չափի վնասներ են կրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կարկուտից վնասված գյուղերում տեղադրված են եղել նաեւ հակակարկտային կայաններ, որոնք, սակայն, չեն կրակել:
Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի խոսքերով՝ իրենց գյուղի հակակարկտային կայանը կրակել է միայն կարկուտից հետո: Ըստ նրա՝ գյուղացիները շիվարած են եւ չգիտեն իրենց հետագա անելիքը: «Գյուղի մեծ մասը վնաս է կրել՝ 400 հեկտարից ավել: Հիմնականում վնասվել են պտղատու այգիները՝ ծիրանենին, կեռասենին, խաղողի շիվերը: Մեր գյուղը 100 տոկոսով է վնաս կրել: Օրինակ՝ ցոգոլի վրա մոտ 10 անգամ կարկուտի խփած տեղեր կան: Մինչեւ անգամ ճյուղերն էլ կոտրվել են կարկուտից»,- մեծ ափսոսանքով ներկայացրեց գյուղապետ Մկրտչյանը:
Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նաեւ, որ գյուղում կան հակակարկտային կայաններ, որոնք այդ օրը՝ մայիսի 18-ին, կրակել են միայն կարկուտից հետո: Իսկ, ահա, Շենավանի հարեւան Բերքաշատ գյուղի բնակիչները երեկ պետք է կեռաս հավաքեին Ռուսաստանի Դաշնություն ուղարկելու նպատակով: Նրանք դրա դիմաց նույնիսկ կեռաս արտահանողներից գումար էին վերցրել: Սակայն մայիսի 18-ին տեղացած կարկուտի հետեւանքով նրանք կորցրին իրենց եկամտի աղբյուրը. ողջ բերքը փչացել է: Վերցրած գումարներն էլ հետ են վերադարձրել:
Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղում կարկուտի հետեւանքով վնասվել է 170 հա հողատարածք, հիմնականում՝ խաղողի շիվերը, պտղատու այգիները՝ ծիրանենին, կեռասենին: «Այնպես է խաղողի այգիներում ավերածություններ արել, որ մնացել են միայն երկաթե ամրալարերը: Մեր գյուղում տեղադրված է 9 հատ հակակարկտային կայան, բայց դրանցից եւ ոչ մեկը այդ օրը չկրակեց: Ասում են, որ կապի պատճառով չեն կրակել: Կարկուտից հետո միայն կրակեցին: Արդյունքում գյուղի բնակիչ կա, ով 10-20 տոննա կեռաս ուներ վաճառելու, բայց կարկուտից հետո հազիվ 1 տոննա հավաքի, այն էլ՝ վնասված, որը վաճառքի պիտանի չէ»,- տեղեկացրեց պարոն Չվչյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ բերքաշատցիների մեծ մասը կեռասի դիմաց նախապես գումար է վերցրել, բայց չկարողանալով բերքը հավաքել՝ գումարները հետ են վերադարձրել:
«Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ նաեւ, որ կարկուտի հասցրած վնասները հաշվարկելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Սակայն փոխհատուցման մասին դեռեւս ոչ ոք չի շտապում հայտարարություն անել: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, անդրադառնալով գյուղացիների կրած վնասներին, հայտարարեց, որ դեռ հայտնի չէ, թե որքան է կազմել կարկուտի հասցրած վնասների չափը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ փոխհատուցման հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, մարզպետը պատասխանեց. «Կարկուտը երեկ (մայիսի 18-ին Ս. Հ.) է տեղացել, դեռ պետք է խորհրդակցություն անենք, հասկանանք, թե որքան է վնաս հասցրել: Այս ամենը դեռ պետք է ամփոփվի, ապա՝ պարզ կդառնան հետագա անելիքները»: Իսկ հակակարկտային կայանների չկրակելու հետ կապված էլ՝ մարզպետը հայտարարեց, որ խնդիրը կապի հետ է եղել:
Թե, ի վերջո, ինչու չեն գործել հակակարկտային կայանները՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանից, ով ասաց. «Երեկվա գործընթացը հզոր էր եւ հիմնական հարվածը հասցրել է Արմավիրի մարզին: Այնտեղ 15-17 համայնքներում դիտվել է կարկուտ, բայց էական վնաս հասցրել է որոշ համայնքներին: Մեր կայանները աշխատել են, եթե չաշխատեին, ապա կարկուտը մյուս գյուղերին էլ վնաս կհասցներ: Հարցը նրանում է, որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Օրանժ Արմենիա»-ի (ներկայիս՝ «Յուքոմ») ցանցում լուրջ խնդիր է եղել՝ ֆորս-մաժորային պայմաններից ելնելով: Մենք այդ մասին պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից: Այդ է պատճառը, որ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»:
Մասնագետի պատմելով՝ տեսնելով, որ իրավիճակը ավելի է բարդանում, խնդիրը փորձել են կարգավորել ձեռքով՝ մեխանիկական տարբերակով: «Մարդիկ մեքենաներով դուրս են եկել, որպեսզի ձեռքով, մեխանիկական ճանապարհով միացնեն կայանները: Եւ բավականին օգտակար աշխատանք է տարվել: Խնդիրը կապված է եղել «Օրանժի» հետ եւ ոչ միայն: Եւ ընդհանրապես հանրապետությունում կապի համակարգում ֆորս-մաժորային պայմաններ են եղել: Մենք հիմնականում հեռակապով, հաղորդագրություններով ենք կառավարում հակակարկտային կայանները: Մեզ հաջողվել է ամբողջ համակարգը գործի դնել, բնականաբար, մի քիչ ուշացումով է ստացվել, բայց դա ֆորս-մաժորային պայմաններից է»,- արդարացավ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենը:
Զրույցի ընթացքում նա հայտարարեց, որ «ՅՈՒՔՈՄ»-ի տեխնիկական խնդիրների մասով ինքը պատասխանատվություն չի կրում. «Ընկերությունից կտրամադրեն մեզ տեղեկանք, որի մեջ գուցե եւ գրեն պատճառները: Պայմանավորվածությունը կա տեղեկանք տալու, որովհետեւ իրականում եղել է նման խնդիր»: Իսկ թե գյուղացիների կրած վնասների համար ով է պատասխան տալու, այդպես էլ մնում է անհայտ: Միթե այս դեպքում «Օրանժ- Արմենիա» ընկերությունը՝ «Յուքոմ»-ը, բավարարվելու է ընդամենը տեղեկանք տրամադրելով եւ օգտագործելով «ֆորս-մաժորային իրավիճակ» արտահայտությունը՝ խուսափելու համար պատասխանատվություն կրելուց: Լ. Վարդանյանի խոսքերով՝ բոլոր պայմանագրերում, աշխատանքներում նախատեսվում է, որ ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում ոչ մի տուգանք, տույժ չի կիրառվում:
Թեեւ հայտնի է այս պատմության գլխավոր մեղավորը, բայց, չգիտես ինչու, ոչ մի պետական կառույց չի շտապում նրան պատասխանատվության ենթարկելու մասին անգամ խոսել: Ի դեպ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Յուքոմ» ընկերության հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Եվ վերջում՝ այնպիսի տպավարություն է, որ ՀՀ գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների միակ գործը վնասներ հաշվելն է: Իսկ թե ինչու է կարկուտը այդքան վնաս պատճառում, ինչու կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվում, լռում են: Թեպետ գյուղնախարարությունը նշել է, թե վերջին տարիներին Կառավարության միջոցներով տեղադրված հակակարկտային կայանների տեղադրմամբ մեղմվել են հասցվող վնասի չափերը, բայց իրականում պատկերը նույնն է մնացել: Ի դեպ, 2015 թվականի տվյալներով՝ Արմավիրի մարզում կա 183 հակակարկտային կայան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Լոռու եւ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում կայացավ Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի բնակիչների հետ: Այդ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկայացնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչների խնդրանքը, դիմեց վարչապետին համայնքը ներառելու սահմանամերձ այն համայնքների ցանկում, որոնք օգտվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների կիսով չափ զեղչից, հարկային արտոնություններից: Վարչապետը խոստացավ հարցը կառավարությունում քննարկել, արդարացի լուծում տալ՝ չմոռանալով նշել, որ դա պետական բյուջեի համար որոշակի բեռ է: Վարչապետի այցից անցել է ավելի քան 2 շաբաթ, սակայն այդ հարցի վերաբերյալ որեւէ որոշում չկա: ՀՀ կառավարության ինտերնետային կայքի (gov.am) «Պաշտոնական լրահոս» բաժնում մայիսի 4-ին տեղադրված «Վարչապետն այցելել է Լոռու եւ Տավուշի մարզեր» խորագրով տեղեկատվության մեջ նշված է. «Նոյեմբերյանցիները բարձրացրել են Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում»: Փաստ է, որ այդ խնդիրը կառավարությունում սեղմ ժամկետում չեն քննարկել: Զարմանալի է՝ կառավարությունում տեղյակ չեն, որ Նոյեմբերյան քաղաքն արդեն 14 տարի օրենքով ընդգրկված է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ցանկում: 2002 թվականի մայիսի 20-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, այն Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրվել է նույն թվականի հունիսի 22-ին: Այդ օրենքի 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ բնակավայրերը 200-ն են, որոնք ընդգրկված են 173 համայնքում: Այդ համայնքների թվում նշված է նաեւ Նոյեմբերյան քաղաքը: Մնում է փաստել, որ Հայաստանի կառավարությունում ՀՀ օրենքին անտեղյակ են:
ԱՇԱԿԵՐՏ ՉՈՒՆԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ունի 2 շրջանավարտ: Տեղեկացանք, որ նոր ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցում առաջին դասարանցի չի լինի: Մինչդեռ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ: Հայաստանի անկախացումից հետո սահմանամերձ գյուղի բնակչության զգալի մասը արտագաղթել է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀՀ-ՈՒՄ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԹԱՆԿԱՑԵԼ է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, Հայաստանում էժանացել են լվացող միջոցները, գեղահարդարման եւ ոսկերչական ապրանքները: Կահույքի շուկայում արձանագրվել է 0.5, դեղամիջոցների շուկայում՝ 0.5, գրենական պիտույքների՝ 0.4 տոկոս գնանկում: Էժանացել են նաեւ խոհանոցային սպասքի, շինանյութերի, տեքստիլեղենի, այգեգործական ապրանքների գները: Սրան զուգահեռ, հանրապետությունում թանկացել են կենցաղային էլեկտրաապրանքները 0.1, գորգեղենը 0.2, հագուստը եւ գործվածքը 1.8, կոշկեղենը 4.3 տոկոսով: Իսկ, ահա, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են. այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 1.8, դիզելային վառելիքի 2 տոկոս գնանկում: Ըստ ԱՎԾ-ի՝ հանգստի կազմակերպման եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները նույնպես նվազել են: Սակայն բուժսպասարկումը, իրավական ու բանկային ծառայությունները թանկացել են: Տրանսպորտի ծառայությունների գները եւս 0.7 տոկոսով բարձրացել են, ինչը կապված է օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 2.2 տոկոս հավելաճի հետ: