ԿՈՒԶԵՆԱՅԻ ԳՆԱԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼ», ՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐԸ ԼԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայտնիների հետ: Այս կերպ մենք միասին կբացահայտենք նրանց էությանը բնորոշ գծերը, մանրամասներ, որոնց մասին գուցե չենք իմացել: Այս անգամ մենք զրուցել ենք երգիչ, ընդգծված անհատականություն Նարեկ Մակարյանի հետ:

-Նարե՛կ, Դուք ծնվել եք, որովհետեւ…
-Որովհետեւ այդպես է ստացվել (ժպտում է): Իրականում ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ, թե ինչու եմ ծնվել:
-Ամենակարեւոր բանը, որ երբեւէ արել եք:
-Փորձել եմ միշտ ազնիվ լինել:
-Չեք հանդուրժում…
-Սուտը, խաբեությունը, դավաճանությունը` կլինի դա ընկերոջ, թե սիրելի էակի կողմից: Երբ դա նկատում եմ, սովորաբար առանց որեւէ բան ասելու հեռանում եմ: Բայց հնարավոր է՝ նաեւ երկար վիճեմ, քանի որ տաքարյուն բնավորություն ունեմ, համենայն դեպս, փորձում եմ վեճերից խուսափել:
-Ամենատպավորիչ վայրը, որտեղ եղել եք:
-Դա շոշափելի վայր չի: Ամենատպավորիչ տեղն իմ մտքերի, պատկերացումների մեջ է:
-Երբեք չեք հասկացել մարդկանց, որոնք…
-Որոնք շատ մեծամիտ են: Երբեմն արտիստների մասին էլ են նման կարծիքի լինում, բայց ես կարող եմ ասել, որ եթե նույնիսկ ստեղծագործական կյանքում իմ կերպարների միջոցով նման տպավորություն եմ թողել, ապա անձնական կյանքում ես բոլորովին մեծամիտ չեմ:
-Աղջիկների կողմից Ձեր հասցեին հնչեցրած ամենատպավորիչ արտահայտությունը:
-Որ ասում են` ինչ «душка» տղա է: Ախր իմ ի՞նչն է «душка» (ծիծաղում է):
-Կանանց գրավելու Ձեր միջոցը:
-Առաջնայինը` ինտելեկտը: Ամեն տղամարդ նրանց գրավելու իր գաղտնիքն ունի, ես էլ ունեմ իմը, որը չեմ բացահայտի: Եթե ես ուզենամ, բոլորի դեպքում դա կգործի:
-Ձեզ հետ երբեւէ պատահած ամենաանհեթեթ դեպքը:
-Օրինակ` մոտոցիկլետ գնելը: Ես երբեւէ չեմ վարել մոտոցիկլետ, պահի ազդեցության ներքո որոշեցի գնել, այն էլ` ամենաարագընթացը: Ի դեպ, արդեն սովորել եմ վարել: Վերջերս մի անհեթեթ, ավելի ճիշտ` անսպասելի բան էլ եմ արել, որոշեցի սանրվածքի կտրուկ փոփոխության դիմել, երկար վարսերիցս ազատվեցի, այն էլ` շատ սպոնտան որոշման արդյունքում:
-Խոսքեր, որոնք մշտապես ուղեկցում են Ձեզ:
-Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:
-Որպես քաղաքացի պարտավորված եք զգում…
-Լինել ակտիվ նաեւ քաղաքացիական հարցերում: Ինձ միայն արվեստը չէ, որ հետաքրքրում է, ես մտածում եմ նաեւ այն խնդիրների մասին, որոնք ունի մեր ժողովուրդը` սկսած էլեկտրաէներգիայի թանկացման հարցից մինչեւ պատերազմական վիճակ. ուժերիս ներածին չափով փորձում եմ օգտակար լինել հասարակությանը:
-Օր, որին անհամբերությամբ սպասում եք…
-Կուզենայի մոտ ժամանակներում գնալ «Եվրատեսիլ», որ հաղթանակը մերը լիներ: Առհասարակ, լավ կլիներ, որ հայերից մեկը հաղթեր այդ մրցույթում:
-Նշեք մի քանի բան, որ ամեն մարդ պետք է պարտադիր անի:
-Ամենակարեւոր բաներից մեկը, կարծում եմ, ընտանիք կազմելն է, ժառանգ ունենալը, լավ հայր կամ մայր լինելը:
-Կյանքը սիրելու համար բավական է միայն…
-Դրա համար մի բանը շատ քիչ է, բայց, իհարկե, կողակից ունենալը, կարծում եմ, շատ բան է փոխում` կյանքը վառ գույների մեջ տեսնելու համար:

 

 

 
ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԸ` «ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»

Ա. Մազմանյանի անվան «Գոյ» եւ Երեւանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնների արտիստ, ֆիլմերից, հեռուստասերիալներից հայտնի դերասան Սամվել Թոփալյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում, որի մասին մանրամասներ է հայտնել «Ժողովուրդ»-ին:

Հայկական արտադրության կինոնկարի աշխատանքային անվանումն է «Կռիվ եւ կյանք», ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Ֆիլմը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում նկարագրվում են Արցախյան ազատամարտի տարիները, իսկ երկրորդում` այսօրվա օրերը. «Ես հանդես եմ եկել առաջին մասում` մարմնավորելով հատուկ նշանակության ջոկատի վաշտի հրամանատարի: Ֆիլմում ներկայացվում է 90-ականների ոչ կանոնավոր բանակի վիճակը, որը չես կարող համեմատել մեր այսօրվա բանակի հետ, այդ տարիների մարդկային փոխհարաբերությունները, քաղաքական վիճակը, որսորդական հրացաններով կռիվները, իշխող թալանը, դավաճանությունը»,-մեկնաբանեց Սամվելը:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սամվել Թադեւոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը եւ այլք: Ս. Թոփալյանը մարմնավորում է Բ. Չոբանյանի կերպարի երիտասարդությունը:
Բացի այս կինոնախագծից` Սամվելին առաջիկայում` շուրջ մեկուկես ամսից, կտեսնենք նաեւ «Գոյ» թատրոնի բեմում` նոր ներկայացման շրջանակում: Դրա սցենարը ստեղծվել է իտալացի գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերայի պատմվածքների հիման վրա (ռեժիսոր` Սամսոն Ստեփանյան): «Ես այս ներկայացման մեջ երկու կերպար եմ կերտում` համակենտրոնացման ճամբարից փախած տղայի, եւ, այսպես կոչված, «մոմով մարդու»: Ինձ հետ նույն բեմում կլինեն Արթուր Մանուկյանը, Տրդատ Մակարյանը, Սարգիս Չոլոյանը, Գուրգեն Սարգսյանը, Գայանե Բալյանը եւ այլք»,- մանրամասնեց դերասանը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Առաջին ալիքով ամիսներ առաջ հեռարձակվող Սամվելի մասնակցությամբ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմն արդյոք շարունակական է լինելու եւ մենք նրան` գլխավոր դերակատարին, էլի կտեսնե՞նք կատակերգական ժանրում. «Չգիտեմ` այն կշարունակվի, թե ոչ: Դեռ ոչ մի խոսակցություն չկա»,-ասաց դերասանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՆԴՐԵՆ ՈՒ ՍԻՐՈՒՇՈՆ` ՆՈՄԻՆԱՆՏՆԵՐ
Օրեր առաջ երգիչ Անդրեն Ֆեյսբուք սոցցանցի իր պաշտոնական էջում հայտնեց, որ առաջադրվել է գերմանական Daf BAMA Music Awards-ում: Այժմ էլ հայտնի է դարձել, որ նույն մրցանակաբաշխությանը առաջադրվել է նաեւ հայկական երգարվեստի մեկ այլ հայտնի դեմք` Սիրուշոն:
Նշենք, որ Daf BAMA Music Awards-ում ներկայացված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալսուն, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Յուլիա Սավիչեւան` Ռուսաստանից, Ալեխանդրո Սանզն ու Դավիդ Բիսբալը` Իսպանիայից, Սակիս Ռուվասը` Հունաստանից եւ այլն:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008 թվականից: Այն նպատակ ունի պարգեւատրել արտիստներին, որոնք իրենց խոսքն են ասում Արեւելյան Եվրոպայի երաժշտական ասպարեզում։

 

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՔԱՅԼ
Ամերիկացի գրող Դեն Բրաունը դեռահասների համար կթողարկի «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի կրճատ տարբերակը: Հանրահայտ վեպի նոր տարբերակը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին՝ Մեծ Բրիտանիայում, եւ սեպտեմբերի 13-ին՝ ԱՄՆ-ում:
«Դա Վինչիի ծածկագրի» օրիգինալ տարբերակը թողարկվել է 2003թ-ին: Ըստ Penguin Random House հրատարակչության՝ աշխարհում վաճառվել է գրքի 82 մլն օրինակ: Բացի այդ՝ Հոլիվուդում վեպի հիման վրա ֆիլմ են նկարահանել, որի գլխավոր դերակատարը Թոմ Հենքսն է: Հիմա Բրաունը մտադիր է թողարկել իր աշխարհահռչակ աշխատանքի նոր տարբերակը, ինչը, ըստ ամսագրի, տարօրինակ քայլ է, քանի որ դեռահասներն ուղղակի կարող են կարդալ գրքի օրիգինալ տարբերակը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը՝ Բրաունի որոշումն արդեն քննադատության է ենթարկվել:
 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջոն, երեկ երեկոյան հոսպիտալացվել է. 87-ամյա տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
«Մեր ունեցած լուրերը հուսադրող չեն: Նա պարզապես հոգնել է: Նա 87 տարեկան է: Մենք փորձում ենք նրան օգնել, որքան հնարավոր է»,- ասել են նրա հարազատները: Ի դեպ, անցած տարի էլ էր Ջո Ջեքսոնը սրտի նոպայի պատճառով հայտնվել հիվանդանոցում` հենց իր ծննդյան օրը:
Հիշեցնենք, որ նրա 50-ամյա դուստրը՝ Ջանեթը, շուտով առաջին անգամ մայրանալու է:




Լրահոս