ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ծիծեռնակաբերդում
Երեկ Ծիծեռնակաբերդ այցելեցին Հայաստանում հույն համայնքի անդամները՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանում Հունաստանի դեսպանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ուսանողներ եւ դպրոցականներ: Հույն համայնքի նախագահն ու անդամները ծաղկեպսակ տեղադրեցին Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, այնուհետեւ անմար կրակի մոտ միասին հարգեցին Օսմանյան կայսրությունում զոհված մոտ կես միլիոն հույների եւ մեկուկես միլիոն հայերի հիշատակը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու կարգն ինչպե՞ս է տեղի ունենում:
Իսահակ Հարությունյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձնագիր: Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը:
Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը եւ իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաեւ չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ: Այսինքն՝ ցանկանում եմ իմանալ` ՀՀ քաղաքացիությունը որդեգրման դեպքում պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ:
Գայանե Իսկանդարյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրած երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
1) առկա է երեխան որդեգրած ամուսինների համաձայնությունը.
2) երեխան բնակվում է ՀՀ-ում եւ առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.
3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:
Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, պահպանում է ՀՀ քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: