Քառօրյա պատերազմից հետո հանրության շրջանում ամենուրեք հնչող հարցերից մեկն է՝ իսկ ուր են գնացել անցած 22 տարիներին բանակի սպառազինության արդիականացման համար հատկացված գումարները: Համընդհանուր պահանջն այն է, որ բյուջետային միջոցների տնօրինման նախկին վերաբերմունքը փոխվի, եւ այն պետական պաշտոնյաները, որոնք պետբյուջեն դիտարկել են իբրեւ հարստանալու աղբյուր, հեռանան իշխանության ղեկից: Այսօր արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում փոխվել եւ փորձում են շարունակել հանրությանը «լոլոներով կերակրել», իբր իրենք բարեփոխումները վաղուց են նախաձեռնել:
Անցած տարիները վերգնահատելու եւ հետեւություններ անելու տեսանկյունից ուշագրավ է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք նա ներկայացրեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաեւ սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ բոլորիս համար: Մենք՝ որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաեւ տասնամյակների ընթացքում պահելու եւ զարգացնելու մեր ունեցածը»,- ասել է Հարությունյանը: Այսինքն՝ Արցախում, ի տարբերություն Երեւանի, իրավիճակն ավելի սթափ են գնահատում: Երբ հետաքրքրվեցինք, թե այս ֆոնին ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ, Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան՝ արժեւորելու մեր զինվորի եւ կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորությունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է» ,- բացատրեց Արցախի վարչապետը:
Քսան տարուց ավել է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կոռուպցիային բռնացնել ու մի լավ ջարդը տալ, որ մեր երկիրը չկեղեքի եւ պետական բյուջեի միջոցները չգողանա: «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության անդամներից փորձեց պարզել՝ ի վերջո, որտեղ է թաքնվել այդ անորսալի կոռուպցիան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որ սկզբում միլիցա է եղել, հետո դարձել է ոստիկան, «օպերատիվնիկի» մոտ երեսուն տարվա աշխատանքային փորձ ունի, միգուցե կարողանա՞ կոռուպցիայի թաքստոցը բացահայտել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իբրեւ նախկին ոստիկան՝ Դուք կարո՞ղ եք ասել՝ որտեղ է այդքան ապահով թաքնվել կոռուպցիան, Երիցյանը պատասխանեց. «Կոռուպցիա ասածը դա մի քանի հոդվածներ են, եւ այդ հոդվածները պետք է կոնկրետ ուսումնասիրել եւ ասել ինչի մասին է խոսքը: Այսօր ես գտնում եմ, որ եթե վարչապետը հայտարարել է պայքար, ուրեմն պայքարը պետք է լինի»:
Հայաստանում սպառվող բնական գազի ծավալների միայն 30 տոկոսն է բաժին հասնում բնակչությանը, սակայն, չգիտես ինչու, բնակիչ-սպառողը մշտապես՝ մեկ խորանարդ մետր գազի հաշվարկով, 22-ից 23 դրամ թանկ է վճարում, քան խոշոր ձեռնարկությունները: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ բնական գազի սպառողին մատակարարվող միջին սակագինը ներկա դրությամբ կազմում է մոտ 131 դրամ 1 խորանարդ մետրը: Սակայն ՀԾԿՀ-ն պատրաստվում է բնակչի համար գազի սակագինը սահմանել 1 խորանարդ մետրը 146,7 դրամ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար այդ ցուցանիշը կլինի 23 դրամով ցածր. 257 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, որը դրամով կազմում է 1 խորանարդը 123,4 դրամ: Սա հանուն ձեռնարկությունների բնակչության կեղեքման պարզ օրինակ է: Ըստ այս մոդելի՝ ստացվում է, որ ՋԷԿ-երը, գազալցակայանները եւ գազ օգտագործող մնացած ձեռնարկություններն ավելի «անապահով» են, քան բնակիչները:
Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մաթեւոս Ավանեսյանը մեղադրվում է սուտ մատնության մեջ: Ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը, նա ոստիկանությանը հաղորդում էր տվել, թե իբր քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը եւ նրա կողմնակիցներն իրեն ծեծել են: Հետագայում ՀՀ ՀՔԾ-ում ստիպված էին եղել արձանագրել, որ ծեծ էլ չի եղել, ու Ավանեսյանին սուտ մատնության մեղադրանք առաջադրվեց Սասուն Միքայելյանի մասին սուտ հաղորդում տալու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ավանեսյանի ծեծված լիելու գաղափարը ոչ թե իր, այլ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի գլխում է ծնվել: Ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրվա առաջին կեսին, Դանիելյանը եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ վստահ չլինելով, որ իրենց կհաջողվի ընտրությունները կեղծել, Ավանեսյանին կանչել եւ ասել են, որ պիտի գնա եւ գրի, որ իրեն ծեծել են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձերբակալվի Սասուն Միքայելյանը: Իսկ այժմ Դանիելյանը եւ Գուլոյանը իրենց ենթակային ասում են՝ գնա եւ հարցերդ լուծի:
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ
Երբ դեռ մեկ ամիս առաջ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 700 հա տարածք` լրատվամիջոցները այդ տեղեկատվությունն ուղղակի շրջանցեցին` դա համարելով այդ պահին առավել ճիշտ մոտեցում: Երբ դրանից օրեր անց այդ մասին հարց ուղղվեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, նա հեգնեց, թե՝ ինչով են հաշվել, «Գուգլ մափո՞վ»: Իսկ երբ արդեն անցած շաբաթ Ժիրայր ՍԷֆիլյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է 7 միլիոն քմ տարածք` բազմաթիվ «ասֆալտի ֆիդայիներ», կենացային գեներալներ եւ, բնականաբար, չափազանց հայրենասեր հանրապետականներ, շտապեցին Սէֆիլյանին ազգի դավաճան համարել, թե բա` ինչպես կարելի է նման սուտ եւ դավաճանական հայտարարություններ անել: Բայց երբ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, «ձեռքի հետ» էլ այդ թիվը կլորացնելով-դարձնելով 800 հեկտար, վերը թվարկված բոլոր «սուտի հայրենասերները» լլկվեցին, եւ, բնականաբար, ՊՆ-ից էլ ոչ ոք չհարցրեց` իսկ ինչով էր Սարգսյանը հաշվել` «Գուգլ մափո՞վ»:
Բայց եթե միայն սսկվեին այս «հայրենասերները», դեռ ոչինչ, նրանք, սակայն, լծվել են Սերժ Սարգսյանի արձանագրած-վավերացրած կորուստների արդարացման գործին: Մեկը մյուսին հերթ չտալով` ՀՀԿ-ականները հայտարարում են՝ ինչն է ավելի կարեւոր՝ հողակտորը, թե մարդկային կյանքերը, դրանք ոչ մի ռազմավարական նշանակություն չունեին, եւ էլի նման անհեթեթություններ:
Իսկ երեկ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գերազանցելով բոլորին, հայտարարեց, թե «կորցրած հողը ամայի տարածք էր, չպետք է ծանրանալ այդ խնդրի վրա»: Սա, ինչպես ասում են, վերջն է: Այո՛, ծանրանալ պետք չէ, պետք է թեթեւորեն հանձնել այդ «ամայի տարածքը», որի ազատագրման համար 1994թ. հայկական ուժերը 4 ամիս շարունակ կատաղի մարտեր են մղել, որոնց արդյունքում մենք ունեցել ենք 400 զոհ: Թե այդքանից հետո ինչպես կարելի է բնորոշել այս հանրապետականի հայտարարությունը, թողնում ենք նրա ու նրա կուսակցապետի խղճին: Սակայն մի բան նա, բոլոր հանրապետականներն ու մնացած «պացիֆիստները», որոնք այդքան մտահոգվում են զոհեր չտալու մասին, մոռանալով արդեն իսկ հեղված մեր 400 հերոսների արյունը, էլ չասած` ապրիլին այդ դիրքերում զոհված տղաների մասին, ահա, բոլոր այդ մարդիկ պատասխան են տալու: Թող մի րոպե անգամ չմտածեն, որ այսպես հետկար առ հեկտար մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հողը հանձնելով թշնամուն` ի վերջո, կարողանալու են կոտրել մեր ժողովրդի ոգին ու պարտադրել պարտվողական համաձայնագիր: Չի լինելու նման բան: Վկան` ապրիլյան պատերազմում վիրավորված մեր քաջերն են, որոնք փափագում են օր առաջ վերադառնալ սահման` կիսատ գործն ավարտին հասցնելու: Նրանց եւ մեր հայրենիքը սիրող քաղաքացիների համար այլեւս ակնհայտ դարձավ, որ հանրապետական այս վարչախումբն ու հայրենասիրությունն անհամատեղելի երեւույթներ են: