ՈՐՏԵՂ Է ԹԱՔՆՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին. «Արագ, շոշափելի արդյունքներ գրանցելու համար կոռուպցիայի դեմ՝ պայքարն է: Նախեւառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից փորձեց հետաքրքրվել, թե որտեղ է թաքնված կոռուպցիան, որ այսքան ժամանակ ման են գալիս, սակայն չեն կարողանում գտնել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, որտե՞ղ է այդ կոռուպցիան թաքնվել, որ չեք կարողանում գտնել:
-Ես կարծում եմ, որ Դուք այս հարցը պետք է ուղղեք իրավապահ մարմիններին:
-Դուք 1982-2010 թթ. ծառայել եք ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, որպես իրավապահ համակարգի նախկին աշխատակից, այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է թաքնված կոռուպցիան, որ չեք կարողանում գտնել ու վերացնել:
-Գիտեք՝ կոռուպցիայի մասին կարելի է խոսել շատ երկար եւ անվերջ, բայց կոռուպցիա ասածը դա մի քանի հոդվածներ են, եւ այդ հոդվածները պետք է կոնկրետ ուսումնասիրել եւ ասել՝ ինչի մասին է խոսքը: Այսօր ես գտնում եմ, որ եթե վարչապետը հայտարարել է պայքար, ուրեմն պայքարը պետք է լինի:
-Վարչապետը խոսեց նաեւ կառավարման արդյունավետ համակարգի եւ խնայողությունների անցնելու անհրաժեշտության մասին: Այդ հայտարարությունից անցել է մեկ շաբաթ, կոնկրետ Ձեր ղեկավարած գերատեսչությունը ի՞նչ խնայողությունների գնաց, ի՞նչ եք, այսպես ասած, հետ գցել այս ընթացքում:
-Հարցը քննարկվում է, կնայենք, կտեսնենք եւ ըստ դրա որոշում կկայացնենք: Վերջերս ենք 10 հաստիք կրճատել, բայց ընդհանուր առմամբ ՀՀ վարչապետը տեղյակ է, ես զեկուցել եմ, իր հանձնարարությամբ է եղել: Հիմա կնայենք, կտեսնենք, եթե հնարավոր եղավ, էլի կկրճատենք, եթե ոչ` ոչ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, որտե՞ղ է թաքնվել կոռուպցիան, որ չեք կարողանում գտնել:
-Ձեր հարցը կարծես հռետորական է, եթե ավելի լուրջ հարց տաք, կպատասխանեմ:
-Բայց տարիներ շարունակ ոչ մի կերպ չեք կարողանում կոռուպցիան վերացնել, սրանից էլ լուրջ հա՞րց:
-Կարծում եմ, որ նախ պետք է անդրադարձ կատարենք այն աշխատանքներին, որոնք իրականում կատարվում են: Չնկատել այդ աշխատանքները, դա խոսում է կուրության մասին: Այն, ինչ ասաց վարչապետը, լրիվ այլ բան էր: Նա ասաց, որ մենք երկար տարիներ աշխատում ենք եւ կատարում ենք բազմաթիվ փոփոխություններ, որոնք վերաբերում են հենց կոռուպցիայի դեմ պայքարին: Եթե նայեք կառավարության ցանկացած նիստի ժամանակ ընդունված որոշումները՝ առնվազն 2-3 նախագիծ, կտեսնեք՝ որոնք հենց դրան են ուղղված: Թե՛ գործընթացների կրճատում, թե՛ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացում, թափանցիկության պահանջներ, շփումների նվազեցում չինովնիկական ապարատի հետ եւ այլն: Այնուամենայնիվ, դրանք բոլորը կարծես էվոլուցիոն զարգացման են տանում, եւ յուրաքանչյուր ոք իր մաշկի վրա կա՛մ դա չի զգում ամենօրյա իր աշխատանքի ընթացքում, կա՛մ էլ լավին շատ հեշտ են սովորում եւ շատ արագ: Այն, ինչ առաջարկում է վարչապետը, նաեւ կտրուկ փոփոխություններ իրականացնելու եղանակներ գտնելն է: Այ, հենց դրան է ուղղված այս ժամանակաշրջանը: Իսկ սովորական աշխատանքը` նվազեցնելու թղթագրությունը, ստուգումների քանակը եւ այլն, այդ աշխատանքները կային, կան եւ շարունակվում են:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
-Տիկի՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է կոռուպցիան թաքնվել:
-Բոլոր հարցերի պատասխանները, հուսով եմ, որ շուտով կտրվեն, այսինքն՝ որտեղ է խնդիրը, որտեղ պետք է լրացուցիչ աշխատանք տարվի, սպասենք, համբերություն ունենանք: Ուշ թե շուտ դա կկոնկրետացվի, բնական է՝ այն ժամանակ էլ կհասկանանք: Կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանները իրենց պահին, երբ որ պետք լինի, կհնչեցվեն:
-Վարչապետը նաեւ կոչ արեց խնայողությունների անցնել: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր եք արել:
-Դե, մենք հիմա նայում ենք, հնարավորինս փորձենք հասկանալ, թե որտեղից կարող ենք դա անել: Որեւէ ձեւով ես չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել, որովհետեւ հիմա նոր փորձում ենք ընդհանուր հասկանանք, թե ինչը կարող ենք ավելի ճիշտ խնայել, լինելու են նաեւ ծրագրեր, միգուցե ավելի, այսպես ասեմ, պարբերականությունը կրճատենք: Բայց, իհարկե, կան ծրագրեր, որ մենք երբեւիցե չենք կարող որեւէ ձեւով դրանց կողքով անցնել, որովհետեւ… մի խոսքով, հիմա կնայենք, կտեսնենք: Բնականաբար, պետք է այդ հանձնարարությունը կատարվի, եւ մենք բոլորս էլ պետք է մեր տրամաբանությամբ շարժվենք, ինչպես ՀՀ քաղաքացիներ, որովհետեւ տանն էլ է, չէ, լինում իրավիճակ, եւ դու փորձում ես ավելի տնտեսվարող, տնտեսող մեխանիզմներով առաջնորդվել, քան սովորական ժամանակները: Ամեն ինչ էլ լինում է, եւ կարծում եմ, որ այս պարագայում պետք է ավելի ուշադիր լինել եւ հասկանալ, թե ինչ տարբերակներ մենք կարող ենք առաջարկել: Բայց կարծում եմ, որ ցանկացած լուծում ինչը չի կարող ի վնաս ընդհանուր զարգացումների լինի, առաջին հերթին եւ, ամենակարեւորը, չի կարող լինել այնպիսի հարցի լուծում, որի արդյունքում մեր հարեւանները կուրախանան, որ մենք ինչ-որ մի բան չենք անում, կա՛մ ինչ-որ մի տեղ չենք մասնակցում, կա՛մ ինչ-որ ծրագրից դուրս ենք մնացել, որովհետեւ մենք խնայում ենք: Այսինքն՝ դա պետք է լինի այն կարգի խնայողություն, որը վտանգավոր չի լինի ընդհանուր քաղաքականությանը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Եղինյանը, որը բաց նամակով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` խնդրելով օգնել իրեն վերականգնել իր իրավունքները:
«Հաղորդում եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանը, խախտելով ՀՀ քր. դատ. օր.- 14 եւ 239-րդ հոդվածի պահանջները, առանց դատարանի որոշման ապօրինաբար որոշում է կայացրել մերձավոր ազգականներիս հետ իմ նամակագրությունն արգելելու մասին, որը կատարվել է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որի հետեւանքով խախտվել է իմ նամակագրության գաղտնիության իրավունքը: Ես դիմում եմ հասցեագրել ՀՀ լոռու մարզի դատախազին՝ պահանջելով քննիչ Դավիթ Ղազախեցյանի ՀՀ քր. օր.-ի 146-րդ հոդվածի 2-րդ մասով հանցագործության մասին հաղորդում վերցնել՝ մինչդեռ ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանը հանցագործության դեպքը թաքցնելու դիտավորությամբ իմ կողմից հասցեագրված գրությանը ընթացք չի տվել եւ դեռ ավելին` հրաժարվել է ինձնից հաղորդում վերցնել:
Նշեմ նաեւ, որ հայրս` 2-րդ խմբի հաշմանդամ, վատառողջ Իգոր Եղինյանը, կամավոր մեկնել է ԼՂՀ՝ իր հայրենիքի սահմանները պաշտպանելու, եւ քննիչ Դավիթ Ղազախեցյանը միտումնավոր արգելել է մերձավոր ազգականներիս հետ իմ նամակագրությունը, որպեսզի ես զրկված լինեմ հայրենիքի սահմանները պաշտպանող իմ հայրիկի հետ նամակագրությունից: Ինչպես նաեւ քննիչ Դավիթ Ղազախեցյանն ապօրինի արգելել է իմ տեսակցությունները: Նշեմ նաեւ, որ իմ՝ կալաքնի տակ գտնվելու ժամանակ մահացել է տատիկս, մինչդեռ քննիչ Դավիթ Ղազախեցյանը ինձ չի թույլատրել մասնակցել տատիկիս հուղարկավորությանը:
ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ. Էլիզբարյանը, Լոռու մարզի դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանը եւ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանը իմ գլխին սարքել են եւ իրենց տաքուկ պաշտոնները վայելելու, անմեղ մարդկանց գլխին քրեական գործ սարքելու փոխարեն՝ վերը նշված պաշտոնատար անձինք ճիշտ կանեին, որ իրենք նույնպես կամավոր մեկնեին սահման եւ պաշտպանեին իրենց հայրենիքը: Ես նույնպես պատրաստակամություն եմ հայտնել կամավոր մեկնել սահման եւ պաշտպանել իմ հայրենիքը, մինչդեռ այդ կապակցությամբ քննիչ Դավիթ Ղազախեցյանը եւ դատավոր Պետրոս Մարտիրոսյանը հարժարվել են ինձ ազատել կանալքից:
Հարգանքով` «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Եղինյան»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին: Հանդիպմանը քննարկվել են փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր: Ա. Թաթոյանը Ք. Բիերվիրթին է ներկայացրել նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում ԼՂՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

 

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, այս մասին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Նոր օրինագծի համաձայն՝ կատարվել է մի քանի փոփոխություն: Մասնավորապես օրենքում փոփոխություն կա տեսանկարահանող սարքերի ակտերի՝ ուժի մեջ մտնելու հարցի հետ կապված: «Ազգային ժողովում պատգամավորները եւս բազմաթիվ հարցադրումներ են արել, որ ակտերն ուղարկվում են, դրանից հետո անձինք չեն կարողանում բողոքարկել: Այս իրավունքի իրացման ապահովման համար ամրագրել ենք, որ եթե վարչական իրավախախտում է, ուժի մեջ չի մտնում միանգամից, իսկ եթե բողոքարկվում է, կազմակերպվում են լսումներ, հարցը քննարկվում է, միայն չբողոքարկման դեպքում է ակտը մտնում ուժի մեջ, տուգանվում: Հնարավորություն է ստեղծվում անհամաձայնության դեպքում իրականացնել ամբողջական վարույթ»,- ներկայացրել է ԱՆ փոխնախարարը:

 

 

ԿԱՎԵԼԱՑՆԵՆ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հանրապետությունում ճանապարհային երթեւեկության արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում երեկ այս մասին ասել է ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանը. «Այո՛, մենք տեսնում ենք արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն: Կավելացնենք այնքանով, որքանով որ անհրաժեշտ կլինի»:




Լրահոս