ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՉՀԱՍԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ» ԱՎԵԼԻ Է ԱՄՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հարցի կարգավորման հերթական հանգրվանը դարձավ Վիեննան, որտեղ կայացած բանակցությունների մասին նախորդ օրերին կարծես ամեն ինչ ասվել է: Հարկ է, սակայն, արձանագրել, որ Վիեննայի բանակցությունները կրկին ցուցադրեցին մեր հասարակության ներսում գոյություն ունեցող գերբեւեռացվածությունը: Դժբախտաբար, հերթական անգամ պարզ դարձավ, որ իշխանությունը մտադիր չէ վերանայել իր նախկին կեցվածքը:

Դեռեւս 2008թ. մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը խոսում էր «չհասկացվածության պատի» մասին, որը արդեն 8 տարի է՝ ոչ միայն շարունակում է կանգուն մնալ, այլեւ օրեցօր ավելի ամրանալ: Թվում էր՝ քառօրյա պատերազմը իսկական ցնցում է հարուցել երկրում՝ բառի դրական իմաստով: Ի հեճուկս պատերազմի արհավիրքի՝ հայ հասարակության ներսում առաջացել էր յուրօրինակ խանդավառություն: Ներքաղաքական ու ներհասարակական շերտերում ակնհայտորեն վերացել էր պաշտոնյա-սովորական քաղաքացի անջրպետը: Եթե հասարակության խանդավառությունը կարելի է մասամբ բացատրել վերջին մի քանի տարիների «լեթարգիական քնով», ապա իշխանության բազմաստիճան օղակների շփոթը պայմանավորված էր պատերազմի հանկարծակիությամբ ու իրավիճակի անկառավարելիությամբ: Անշուշտ, հեռու ենք այն մտքից, թե հասարակությունն իր ձեռքն էր վերցրել թելադրողի կարգավիճակը, նման բան աշխարհում ոչ մի տեղ չի լինում, բացի լենին-ստալինյան դոկտրիններից: Բայց եւ չի կարելի չնկատել, որ հասարակությունը զգացել էր իր կարեւորությունը. քաղաքացին տեսավ, որ ինքն ի վիճակի է ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Դա փաստվեց հատկապես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդին դիմակայող 18-20-ամյա երիտասարդների հերոսությամբ: Ի դեպ, այն հարցադրումները, թե ինչո՞ւ սահմանին կանգնած չէին հարուստների զավակները, ծագում էին հենց այս մտայնությունից, ըստ որի՝ հերոսության ընդունակ է միայն հասարակ ժողովուրդը, վերջինիս զավակը, եւ այդտեղ պետության հարստահարությամբ ունեցվածք դիզածները տեղ չունեն: Վերջապես, հասարակությունն այդ օրերին տեղյակ չէր տարածքային կորուստների մասին եւ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելն ինքնին ընկալվում էր իբրեւ հաղթանակ: Բնական է, որ ցանկացած հաղթանակ էյֆորիա է առաջացնում հասարակության ներսում, ինչը, սակայն, իշխանությունները «հրաշալիորեն» հաղթահարեցին:
Առավելագույնս տեղյակ լինելով իրավիճակին՝ իշխանությունը բացահայտեց, որ նախորդ 18 տարիներին լայն թափով իրականացված վայրագություններն իսկապես խաթարել են Հայաստանի անվտանգությունը: Հիշենք, թեկուզ իշխանության երկրորդ էշելոնի ներակայացուցիչների (օր.՝ Աշոտյան, Շարմազանով) հայտարարությունները, թե իբր արդեն ամեն ինչ փոխվել է, այլեւս չի կարելի նախկինի պես շարունակել եւ այլն: Իրավիճակային հայտարարություններ լինելով հանդերձ՝ դրանք ուղղակիորեն մատնում էին բանախոսների ներքին անհանգստությունը: Սերժ Սարգսյանը նույնիսկ հարկադրված եղավ աշխատանքից ազատել մի շարք բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաեւ ԴԱՀԿ-ի պետին: Նախկինում, կարծեք, է՛լ ավելի խայտառակ օֆշորային սկանդալներ էին եղել, բայց որեւէ մեկը դրան ուշադրություն իսկ չէր դարձրել: Ո՞ւմ համար էր գաղտնիք, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնատերեր են, որոնք պարզապես չէին կարող բյուջետային աշխատավարձով նման ունեցվածքի տիրանալ: Բայց եւ այնպես, աշխատանքից ազատելը Սարգսյանը բավարար համարեց ներհասարակական լարվածության թոթափման ճանապարհին ճիշտ այնպես, ինչպես 2014-ին աշխատանքից ազատվեց եւ մեկ տարի անց իր դիրքերում վերականգնվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հասարակությանն իր հին՝ ոչինչ չորոշողի տեղը ցույց տալու իշխանության իրական գործողությունները մեկնարկեցին ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկումներով՝ իրենց տրամաբանական ավարտին հասնելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցով:
Ինչեւէ, Վիեննայի բանակցությունների մասին դիվանագիտական հաղորդագրությունը դեռ մարսված չէր, երբ հրապարակ նետվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատար լինելով՝ Սերժ Սարգսյանը պարզապես չպետք է ձեռքից բաց թողներ հարմար առիթը, եթե ոչ միավորելու հասարակությանը, ապա առնվազն դրական ազդակներ հաղորդելու: Դա էր պահանջում թե՛ պետական շահը, թե՛ իշխանության դիրքերի ուժեղացման տրամաբանությունը: Բայց պարզվում է, որ Սարգսյանը նման մանր-մունր հարցերի համար ժամանակ չուներ: Նա բացեիբաց կշտամբեց կորուստների մասին խոսողներին՝ նրանց կոչ անելով անձամբ գնալ ու ետ վերցնել կորսված դիրքերը: Գերագույն գլխավոր հրամանատարի նման անպատասխանատու հայտարարությունները եթե հնչեին արեւմտյան ժողովրդավարություններից ցանկացածում, խորհրդարանը նվազագույնը հանդես էր գալու դատապարտումով, եւ գուցե թե հատուկ հանձնաժողով էլ ստեղծվեր նախագահի վարքի քննության ու դրան քաղաքական գնահատական տալու համար: Իսկ մեզ մոտ խորհրդարանականները, ինչպես միշտ, շտապեցին սատարել Սարգսյանի՝ լիապես անընդունելի ձեւակերպումները:
Հասկանալիորեն խնդիրը կորսված դիրքերի ետ գրավումը չէ, քանզի աշխարհաքաղաքական մեծ խաղատախտակի վրա հաճախ հարկադրաբար պիտի զիջես մասը՝ ամբողջը պահպանելու համար: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը պետք է բացատրեր, որ այդ կորսված դիրքերի ետ գրավումը նախընտրելի չէ՝ կոնկրե՛տ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այստեղ նա պետք է անկեղծ խոսեր ժողովրդի հետ՝ բացատրելով իր քաղաքականության նպատակը: Փոխարենը ներկայիս բարդ իրավիճակում նա ծաղրում է անվտանգության հարցով իրենց մտահոգությունները բարձրաձայնողներին: Այսպիսի վարքագիծը կարելի է միայն բացատրել մինչապրիլմեկյան պատերազմը իշխանության վարած նույնատիպ քաղաքականությամբ: Այսօր եւս Սերժ Սարգսյանն Արցախի հարցում կարծես չունի հստակ նպատակ ու ռազմավարություն, ընդհուպ նույնիսկ մոտավոր տեսլական: Իշխանության օրակարգում կրկին բացակայում է հայեցակարգային մոտեցումը՝ տուրք տալով հնաոճ ինքնանպատակ վարքագծին: Իրերի դրությունը հուշում է, որ իշխանությունը կրկին վերգտել է իրեն եւ վերադառնում է կոսմետիկ ու ձեւական քայլերի մարտավարությանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳԱՌՆՈՒ ՋՈՒՐՆ ՈՒ ՄՇՏԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԲՈՂՈՔԸ

Արդեն 2 տարի է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները պայքարում են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ» ծրագրի դեմ: Ըստ որի՝ Ազատ գետի ջուրը խողովակներով պետք է տեղափոխվի Արտաշատի վարչատարածքի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերը: Ինչին դեմ են արտահայտվել Գառնիի բնակիչները, եւ ի նշան բողոքի՝ նրանք երեկ բողոքի ակցիա են անցկացրել եւ փակել են Երեւան-Գառնի ավտոճանապարհը:

Այս անգամ գառնեցիներին միացել են Գողթի բնակիչները:
Այս խնդրի շուրջ գառնեցիները բազմաթիվ անգամ փակել են Երեւան-Գառնի ավտոճանապարհը: Երեկ նրանք նույնպես փակել են ավտոճանապարհը: Նշենք, որ գառնեցիները բողոքի ակցիան անցկացնում էին «Դուրս բերեք շինարարական տեխնիկան Ազատի կիրճից», «Ազատի կիրճին ազատություն», «Պահանջում ենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը» պաստառներով: «Ժողովուրդ»-ը բնապահպան Լեւոն Գալստյանից տեղեկացավ, որ գառնեցիների բողոքի ակցիայի ժամանակ Ազատի կիրճում շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Գառնիի բնակիչները պահանջում են Ազատ գետի կիրճից դուրս բերել շինարարական տեխնիկան: Ի դեպ, արդեն երեք օր է, ինչ Ազատ գետի կիրճում առկա 3 տեխնիկային ավելացել է եւս 3-ը:
Բողոքի ակցիայի ընթացքում գառնեցիները հայտարարեցին, որ ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղեր՝ մի շարք պաշտոնյաների պատկանող այգիները ջրելու համար: Ի դեպ, երեկ գառնեցիների կողքին են եղել նաեւ Գողթի բնակիչները: Վերջիններս նույնպես բողոքում են:
Այսօր՝ ժամը 16:00-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի գառնեցիների հետ:

Ս. Հ.

 

 

 
ՀԱՄԵՄԱՏԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ
2015թ. ամռանը ադրբեջանցիները Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ավտոճանապարհի եզրին պաշտպանիչ հենապատ կառուցեցին: Մազամը գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին: Սպիտակ քարից կառուցված, երկար այդ պատը լավ տեսանելի է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան գյուղերից, սահմանամերձ տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհից: Մազամ գյուղում եւ հարակից տարածքներում գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար գնդակոծվում է Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող Բերքաբերը: Ադրբեջանական գնդակոծության համար թիրախ է նաեւ Բերքաբեր մտնող ավտոճանապարհը: Սակայն այդ ավտոճանապարհի երկայնքով պաշտպանիչ պատ կառուցված չէ: Ավելին՝ այդ ճանապարհը անբարեկարգ վիճակում է: Չնայած Բերքաբերի համայնքապետարանը ճանապարհը նորոգելու խնդրանքով դիմել է կառավարությանը, սակայն պետական բյուջեում այդ կարեւոր գործի համար գումարներ չեն ճարվում: Նշենք, որ պաշտպանիչ պատը խիստ անհրաժեշտ է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Այդտեղ ավտոճանապարհը գտնվում է Ղուշչու-Այրում գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է գնդակոծել միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները: Նման դեպքեր շատ են եղել, վերջինը 2015թ. նոյեմբերի 5-ին էր, երբ ադրբեջանական զինուժը վնասեց ռուսական «ֆուռը»: Տվյալ ճանապարհով երթեւեկողներից շատերը, տեղանքին անծանոթ լինելով, չգիտեն, որ իրենք խիստ վտանգավոր տարածքով են անցնում: 1990-ական թվականներին անվտանգության նկատառումներով այդ ճանապարհի եզրին հողապատնեշ էր կառուցվել, սակայն չգիտես ում կողմից եւ ինչ պատճառով այն քանդեցին, եւ հիմա երթեւեկող ավտոմեքենաները թիրախ են: Եթե Հայաստանի պետական բյուջեում բավարար ֆինանսական միջոցներ չկան՝ սույն ճանապարհի եզրին հենապատ կառուցելու համար, ապա գոնե հողակույտերով պատնեշ կարելի է սարքել: Այդ աշխատանքները հարկ է կատարել մառախլապատ օրերին, որպեսզի շինարարական տեխնիկան, բանվորները ադրբեջանական դիպուկահարների զոհ չդառնան:
Նշենք, որ 2007 թվականից գործում է միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը: Սակայն այն ամբողջությամբ չի ապահովում այդ տարածքով երթեւեկի անվտանգությունը, քանի որ շրջանցիկ ճանապարհի որոշ հատվածներ լավ տեսանելի են ադրբեջանական զինուժի համար: Բացի այդ՝ Բաղանիս գյուղի բարձունքում հողի սողանքի պատճառով շրջանցիկ ճանապարհը փլվում է: Նախատեսված է, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ այս տարի սահմանագոտին շրջանցող ճանապարհին առկա սողանքի հետեւանքները կվերացվեն: Շուտով ամառ է, սակայն աշխատանքները դեռ չեն սկսվել: Հազարավոր մարդկանց անվտանգությանն ուղղված միջոցառումները չպետք է հետաձգել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս