Դերասանուհի, բեմադրիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը նկարահանվում է նոր ֆիլմերում, զբաղված է նոր ներկայացումների բեմադրությամբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի ծրագրերի մասին, անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետեւանքով արվեստի ապրած «ցնցումներին», մեր թատրոնի` աշխարհի հետ հարաբերվելու անհրաժեշտությանը:
-Նարինե՛, ամսիներ առաջ մեզ պատմել էիք պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադի` Ձեր մասնացությամբ ֆիլմի մասին: Այն այժմ ի՞նչ փուլում է: Էլի նոր նախագծեր կա՞ն, որտեղ ընդգրկված եք:
-Իրանա-հայկական համատեղ արտադրության այդ ֆիլմի՝ դեռեւս չմոնտաժված տարբերակն եմ տեսել, ասեմ, որ հոյակապ է ստացվել: Վերջին 10 տարում հայկական կինոշուկայում հազվադեպ կարելի է հանդիպել նման խորը, հոգեբանական կինոնկարի: Այն պատմում է հետպատերազմյան շրջանում ապրող մարդկանց վախերի մասին: Այժմ ֆիլմի համար Վահան Արծրունին գրում է երաժշտություն: Նկարահանվում եմ նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կռիվ եւ կյանք» աշխատանքային անունը կրող ֆիլմում, սեպտեմբերին տեղի կունենա դրա առաջին մասի պրեմիերան: Պատրաստվում էի հանդես գալ նաեւ ռեժիսոր Շավարշ Վարդանյանի ֆիլմում, սակայն ապրիլյան պատերազմը փոխեց մեր պլանները: Պատերազմական թեմայով կինոնկարն, այնուամենայնիվ, Ղարաբաղի փոխարեն կնկահարանվի Հայաստանի որեւէ մասում:
-Ապրիլյան պատերազմից հետո մարդկանց մոտ արժեհամակարգերի «ցնցում» եղավ: Ամեն մեկը մի պահ սկսեց մտածել, թե իր արած աշխատանքը որքանով է հանրօգուտ: Արվեստի վրա նման «ցնցումները» ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:
-Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի օրերին, շատ ցավալի էր, բայց մի կարեւոր բան եղավ. ժողովուրդը ինքնագնահատականի բարձրացում ունեցավ: Այն, որ մենք հայրենասեր ենք, ապացուցվեց եւս մեկ անգամ, դրա մասին անգամ պետք չէ խոսել: Մեր գլխավոր խնդիրն այսօր պետություն դառնալն է: Այդ օրերին իմ մտքում շարունակ նույն միտքն էր պտտվում. «Իսկ ես ի՞նչ կարող եմ անել»: Ինձ թվում էր, թե արդեն հիվանդանում եմ: Հիմա պետք է մի բան անել: Ես արդեն մտածում եմ, որ եթե ինչ-որ բան պետք է բեմադրեմ, ապա այն պետք է լինի այսօրվա, մեզ` բոլորիս համար: «Մհեր Մկրտչյան» թատրոնում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» պատմվածքի հիման վրա բեմադրություն եմ անում: Դրա հիմնական մեսիջն այն է, որ ազատություն տեսած մարդուն էլ չես կարող կապանքի մեջ դնել: Ես ուզում եմ, որ հանդիսատեսը դահլիճից դուրս գա ուժով լեցուն: Այսօրվա հերոսն իր մտածողության մեջ ազատ մարդն է, ոչ մի բանից չվախեցողը: Ուզում եմ, որ հանդիսատեսի մոտ արմատանա քաղաքացի լինելու, անկախ լինելու զգացումը, որ նա տերը լինի այն ամենին, ինչն իրենն է:
Կա մեկ այլ նախագիծ, որտեղ ընդգրկված եմ` որպես դերասանուհի: Համազգային պետական թատրոնում Սառա Նալբանդյանի պիեսի հիման վրա կբեմադրվի ներկայացում, որը նկարագրում է պատերազմ տեսած երեխայի ընկալումները: Ներկայացման ընթացքում պարզ կդառնա, որ պատերազմի երեխաները ուրիշ են, եթե, օրինակ, սովորական երեխան նայում է ծառին ու մտածում է` տեսնես դա խնձորենի է, թե տանձենի, պատերազմի երեխան մտածում է՝ սա մեզ մի ամիս կտաքացներ: Ես` որպես պատերազմի ժամանակ Ղարաբաղում եղած երեխա, Արման Նավասարդյանը` Տավուշում, Վարշամ Գեւորգյանը` Երեւանում, կպատմենք մեր պատմությունները:
-Նարինե՛, Դուք ե՛ւ բեմադրիչ եք, ե՛ւ դերասանուհի, տեղյակ եք այս երկու մասնագիտությունների առանձնահատկություններից: Դրանց փոխհարաբերման նրբությունները, ըստ Ձեզ, որո՞նք են:
-Դրանք բավական տարբեր մասնագիտություններ են, ինձ` որպես բեմադրիչի շատ է օգնում այն հանգամանքը, որ ես նաեւ դերասանուհի եմ, գիտեմ դերասանի ֆիզիկան, մտածողությունը, այն, թե ինչպես է բեմադրող-ռեժիսորը ազդում նրա վրա: Բեմադրիչը պետք է ամեն ինչ անի, որ դերասանին բացի: Ես չեմ համարում, թե միայն ես եմ բեմադրում ներկայացումը. ես ուղղակի ստեղծում եմ պարարտ հող, եւ դերասաններն իրենք են դա անում: Ես նրանց ուղարկում եմ բեմ, եւ իրենք են ստեղծում իրենց կերպարը: Մի շարք ռեժիսորների նման չեմ բարձրանում բեմ եւ ցույց տալիս դերասանին, թե ինչպես է պետք խաղալ: Ներկայացումը բեմադրելիս ես երբեք չեմ մտածում, թե ես ինչպես կխաղայի այդ դերը, այլ թե ինչպես այդ դերասանը կարող է խաղալ այն:
-Դերասանների հետ ո՞ր դեպքում կարող եք վիճել:
-Օրինակ` վերջերս դերասանուհիներից մեկը դժգոհում էր՝ ասելով, թե ես ժամանակի զգացողություն չունեմ, կարող եմ փորձերը սկսել 11-ից, մեկ էլ տեսնենք` երեկոյան 18:00 է (ծիծաղում է):
-Կարծում եմ` կհամաձայնեք, որ մեր թատրոնը աշխարհի հետ հարաբերվելու կարիք ունի: Ի՞նչ ունենք տալու եւ ի՞նչ վերցնելու:
-Շվեյցարիայի արվեստների ակադեմիայի եւ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի համատեղ նախագծի` «Հովնան» ներկայացման բեմանկարիչը` Վիտա Ռիեդոն, ով եկել էր Շվեյցարիայից, «Հովնան»-ը տեսնելուց հետո թատրոնում արտասվում էր: Ասում էր` ես վաղուց թատրոնում էլ չեմ զարմանում եւ չեմ արտասվում, վաղուց ինձ համար ոգին դուրս է եկել թատրոնից: Ասաց` այդ ջանքն ու սերը, որ ներդնում եք, ուղղակի հիասքանչ է: Հավատացեք` դրսին մենք տալու բան ունենք: Իսկ ի՞նչ ունենք վերցնելու: Նույն Վիտան ամեն օր ինձ հետ գալիս էր փորձի, նա ամեն վայրկյան մի ձեւավորում փոխում էր, մեզ հավասար շարունակական աշխատանքի մեջ էր: Այսպիսի աշխատելաոճն է, որ պետք է վերցնենք: Մենք` հայերս, չենք հանգստանում, բայց ոչ էլ կարգին գործ ենք անում: Իսկ եթե մի հաջողության ենք հասնում, շատ արագ ինքնաբավարարման զգացում ենք ունենում, որը հանգեցնում է ռեգրեսի: Սա է, որ պետք է արմատախիլ անենք մեր միջից:
-Արվեստում ազատ մտածողությունը պարտադիր հանգամանք է, սակայն ամեն ազատություն չէ, որ արվեստ է: Այսօր օրեցօր նոր թատերախմբեր են ծնվում, որոնք փորձում են իրենց հետ բերել այդ ազատ մտածողությունը, իսկ ավագ սերունդը երբեմն զսպում է նրանց` հիշեցնելով որոշակի սահմանների մասին: Ի վերջո, որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում այդ սահմանները:
-Ինքս էլ «Ագորա» թատերախմբի անդամ եմ, եւ կարծում եմ, որ նոր թատերախմբերի ստեղծումը վկայում է կենդանի պրոցեսի մասին: Օրգանիզմում էլ է այդպես. հին բջիջները մեռնում են, եւ ծնվում են նորերը: Ինձ խաղացանկային թատրոնները հաճախ ճահիճ են հիշեցնում: Պատահական չէ, որ ես խաղում եմ միաժամանակ մի քանի թատրոններում եւ չեմ սահմանափակում իմ ազատությունը: Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած սահմաններին, թերեւս հարաբերականորեն կարելի է ասել, որ եթե ազատությունը տաղանդավորի ձեռքում է, այն, ինչ նա անում է, դառնում է արվեստ, եթե ոչ` ոչ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԻՄ ՀՈԳԻՆ ՄԻՇՏ Է ՓՈԹՈՐԿՎԱԾ»
Երգիչ Վլադիմիր Բարխոյանը պատրաստվում է օրեր անց մեկնել Կիետի (Իտալիա)` մասնակցելու Chorus inside summer միջազգային մրցույթին: Այն կկայանա հունիսի 13-ին, Հայաստանից հանդես կգա 5-6 հոգի: «Կյանքում առաջին անգամ որոշել եմ մասնակցել մրցույթի, ինքս չեմ սիրում մրցել, բայց այս միջոցառումը գրավեց որակական հատկանիշներով, որոշեցի ուժերս փորձել: Ես կկատարեմ իտալերեն «Luna tu» եւ հայ կոմպոզիտորներից Առնո Բաբաջանյանի «ՁՉՏՌ րսպՊօ» երգերը: Այնտեղ հնչելու են հիմնականում դասական գործեր, ես այս ստեղծագործությունները կկատարեմ ջազային մոտիվներով: Մրցույթին մասնակում եմ ինքս ինձ համար, որեւէ մեկին ապացուցելու բան չունեմ: Ուզում եմ հոգեւոր սնունդ ստանալ, բացի այդ` նոր ծանոթություններ եւ կապեր հաստատել»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Վլադիմիրը:
Երկրպագուներին հուզող այն հարցին, թե երբ Վլադիմիրը եւ նրա քույրը` Մարգարիտա Բարխոյանը, կրկին կներկայանան դուետով, երգիչը պատասխանեց. «Մենք ունենք նոր երգ, պարզապես դեռ չենք ձայնագրել: Մարգարիտան ստեղծագործական այս փուլում նոր երգեր է հեղինակում, ինձ համար էլ է երգեր գրել, բայց դրանց մասին կարող ենք խոսել միայն մրցույթի ավարտից հետո»:
Վլադիմիրը նոր տեսահոլովակի մասին դեռ չի մտածում. «Իմ ցանկությունը նոր երգեր ստեղծելն է, ոչ թե մեկ-երկու ամսվա կյանք ունեցող հոլովակներ»,-մեկնաբանեց նա: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` ինչու երգչին չենք տեսնում շոուբիզնեսյան հավաքներին, ամենատարբեր միջոցառումներին. «Ես էությամբ հանգիստ անձնավորություն եմ եւ չեմ սիրում նմանատիպ վայրեր, նախընտրում եմ լինել հանգիստ միջավայրում»,-ասաց նա:
Մենք չշրջանցեցինք նաեւ Վլադիմիրի անձնական կյանքին առնչվող հարցերը: Նա խոստովանեց, որ ստեղծագործող մարդու համար միշտ սիրահարված լինելը շատ կարեւոր է. «Իմ հոգին միշտ է փոթորկված»,- ասաց նա` հավելելով, որ մտածում է ամուսնանալու, ընտանիք կազմելու, սերնդի շարունակականության մասին, քանի որ կարծում է, որ դա յուրաքանչյուրի առաքելությունն է:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ
Իտալական Վերածննդի դարաշրջանի քանդակագործների տասնյակ ստեղծագործություններ, որոնք համարվում էր, որ Բեռլինի Բոդե թանգարանից անհետացել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին, հայտնաբերվել են Մոսկվայում` Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում: Ինչպես փոխանցում է Tert.am-ը` հղում անելով BBC-ին, խոսքը Դոնատելլոյի, Նիկոլո եւ Ջիովանի Պիզանոների, Տինո դի Կամաինոյի, Անդրեա դել Վերրոկկոյի, Լուկա դելլա Ռոբբիայի եւ այլ վարպետների գործերի մասին է: Նախկինում կարծում էին, որ իտալացի վարպետների գործերը, որոնք պատերազմի ժամանակ կորել էին բեռլինյան բունկերներից մեկում, չեն պահպանվել: Մոսկվայի Կերպարվեստի թանգարանը Ֆլորենցիայի արվեստների պատմության գերմանական ինստիտուտին զեկույց է ներկայացրել 59 քանդակները հայտնաբերելու մասին:
Նշվում է, որ քանդակները լրջորեն վնասվել են 1945-ին եւ վերականգնման կարիք ունեն:
ԾԵԾԵԼ ԵՆ
Ամերիկյան մոդել Քայլի Ջենների թիկնապահները ծեծել են պապարացիի: TMZ-ի փոխանցմամբ` ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, որի ընթացքում մեր հայրենակից, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջ թիկնապահները հարձակվել են Չառլի Բեյքեր անունով պապարացիի վրա, որը չորեքշաբթի երեկոյան փորձել է լուսանկարել Քայլիին եւ նրա նոր ընտրյալին` կանադացի ռեփեր PartyNextDoor-ին: Դեպքը տեղի է ունեցել, երբ աստղը ռեփերի հետ այցելելիս է եղել Chinese Theater` մասնակցելու երեկույթի: Թիկնապահները պապարացիին հարվածելուց հետո խլել են տեսախցիկն ու ջնջել բոլոր լուսանկարները: Նշվում է, որ Չառլին դիմել է ոստիկանություն:
«ԷՊՈՍՅԱՆ ՕՐԵՐ»
Ինչպես հայտնի է՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2011 թվականից անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը:
Այս տարի փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության ու «Ես եւ էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 4-5-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 21-ին, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաեւ թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, գիտաժողովը կանցկացվի «Հայ ժողովրդական էպոսը եւ նրա ազդեցությունը անկախության կերտման եւ նոր հասարակության ձեւավորման գործում» խորագրի ներքո: