ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան մայրուղում
Այս մեքենայի վարորդը իր հայրենասեր նկրտումները այս կերպ է դրսեւորում: Նա որոշել է առանց հայկական դրոշի մեքենա չվարել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է ապաստանը:
Ստելլա Հակոբջանյան (71 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապաստանը օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում շնորհված պաշտպանություն է: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով: Հայաստանում փախստական ճանաչվելու եւ ապաստան ստանալու դեպքում անձը օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:
Ապաստան հայցողը կամ փախստականը որեւէ կերպ չի վերադարձվում այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապաստան ստանալու մասին քաղաքացու դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, միգրացիոն պետական ծառայությունն ընդունում է որոշում՝
-Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին կամ
-ապաստանի դիմումը մերժելու մասին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հայրենական մեծ պատերազմի վետերանը ո՞ր ժամանակահատվածում ներդրված ավանդների դիմաց կարող է ունենալ փոխհատուցում ստանալու իրավունք: Եվ կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ են արդյոք վետերանների ավանդների փոխհատուցման իրավունքից օգտվել Հայրենական մեծ պատերազմի վետերանի այրին կամ ժառանգները:
Նորայր Միսակյան (81 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Միսակյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեն Հայրենական մեծ պատերազմի այն վետերանները, որոնք նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչեւ 1993 թվականի հունիuի 10-ը ներառյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանի այրին կամ ժառանգները չեն կարող ստանալ վետերանների ավանդները: Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանը մահացել է, ապա տվյալների հաշվառումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից ենթակա է գրավոր մերժման:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ-ում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մաuնակիցները եւ ֆաշիuտական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի՝ ավանդատու հանդիսացող ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: