ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը սեպտեմբերի 6-8-ը մասնակցել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարին եւ հայտարարել, որ մտադիր է միավորել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող վետերաններին եւ ստեղծել “Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն”: 
Տեղի ունեցած համագումարից հետո “Ժողովուրդ”-ը զրուցեց ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ֆորումի 15-րդ հոբելյանական նիստի ընթացքում ընդունվել է բանաձեւ: Ի՞նչ է այն ենթադրում: 
-Ֆորումի հիմնական նպատակը համահայկական ճակատ ստեղծելն էր, որի ամպհովանու ներքո պետք է զարգանան հայ դատի խնդիրները եւ Հայաստանից արտագաղթի կասեցումը՝ իր բոլոր ատրիբուտներով: Հայ դատի խնդիրներ ասելով՝ մենք հասկանում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների կոորդինացում, որը կատարվեց բավական մեծ ծավալով, մշակութային ցեղասպանության սահմանումը, որը տրվեց գիտական մակարդակով, եւ նաեւ որոշվեց ապագայում այս հարցում պայքարը վարելու ռազմավարությունը, մարտավարությունը կոորդինացնելու հարցը, Ադրբեջան-թուրքական լոբբինգի դեմ պայքարի հզորացումը: Սլովակիայի նախկին փոխվարչապետ, արդարադատության նախարար, այսօր Գերագույն դատարանի նախագահ Հարաբինը մանրամասնեց Սլովակիայում ընդունած օրենքը՝ ցեղասպանությունը ժխտողներին մինչեւ 5 տարի դատապարտելու մասին: Եվ վերջին կարեւորագույն հատվածը՝ մենք քննարկեցինք, թե ինչպես կասեցնել ՀՀ-ում արտագաղթը:
-Եվ ինչպե՞ս:
-Պետք է ստեղծվի համահայկական ճակատ, որը միավորի Եվրոպայի հայությանը եւ Հայաստանում բոլոր կարող ուժերին՝ հզորանալու եւ կատարելու արագ իշխանափոխություն: Սա վերջին օրվա անցկացրած քննարկումների հիմնական մեխն էր:
-Ինչպիսի՞ արձագանք եղավ:
-Ելույթ ունեցավ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը, որը հայտարարեց, որ ֆորումի տանիքի տակ նա պատրաստ է իր ֆինանսավորմամբ ստեղծել «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն», որը կարճ ժամանակում վերածվելու է մի հզոր բանակի, մի հզոր զենքի՝ երկու կարեւորագույն նպատակների կայացման համար՝ թշնամուն վախեցնելու եւ իշխանափոխության: 
Այս նպատակների համար ֆորումը միաձայն ընդունեց, որ մենք ստեղծում ենք համահայկական ճակատը եւ լծվում ենք այն բոլոր կարեւորագույն խնդիրների լուծմանը, որոնք մեծ մանրակրկտությամբ քննարկվեցին եւ ներկայացվեցին Եվրոպայի խոշորագույն մասնագետների կողմից, քաղաքական գործիչների, հայտնի լոբբիստների կողմից: 
-Ովքե՞ր կարող են անդամագրվել “Հայ վետերանների, ռազմազորայինների միությանը”:
-Աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր ազատամարտիկները, նախկին զինվորականները եւ, վերջապես, բոլոր հայերը:  
-Պարո՛ն Գրիգորյան, մինչեւ հիմա հայ դատի խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպություններ զբաղվել են բացառապես Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով, որեւէ մեկը չի համարձակվել մտնել ՀՀ ներքին կյանք: Ի՞նչ հեռանկար եւ վտանգներ եք տեսնում:
-Իսկ ինչո՞ւ հայ դատի խնդրով զբաղվողների մտքով չէր անցել հայ դատի մասնիկ կազմող Հայաստանի ներքին քաղաքականությամբ զբաղվել: Չէ՞ որ Հայաստանը նույնպես հայ դատի կարեւորագույն էլեմենտներից է: Այսօր քանի որ եվրոպական գաղութը, ցավոք, սարսափելի հզորացել է Հայաստանի հաշվին, եւ նոր թարմ ուժերը որ եկել են, ընդ որում հսկայական քանակությամբ երիտասարդներ, նրանք չեն ուզում մնալ եվրոպաներում: Նրանք ուզում են Հայաստան վերադառնալ եւ դրա համար իշխանափոխության պահանջ են դնում: Եթե Սերժ Սարգսյանը եւ նրա համակիրները հրաժարվեն իշխանությունից, շատ մարդիկ Եվրոպայից վազելով կգան Հայաստան եւ կշարունակեն այն ներդրումները, որոնք սկսել էին 2000-ից:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ:
-Որովհետեւ մենք հիանալի ապրում ենք, ունենք մեր հացի կտորը, ընդ որում այնքան շատ ունենք, որ կարողանում ենք կիսվել մեր բարեկամների հետ, մեր Հայաստանի հարազատների հետ, այնքան շատ ունենք, որ հսկայական գումարներ տրամադրում ենք մեր լոբբիստական գործունեությանը: Եվ մենք փոխանակ մեր խաղաղ կյանքը Միջերկրական ծովի ափերին կամ հեռավոր օվկիանոսներում վայելելու, այդ ամեն ինչը ներդնում ենք, որպեսզի օգնենք Հայաստանի ժողովրդին: Ես ինչ-որ մեկին պետք է հասկացնե՞մ, որ իմ կյանքն ամբողջովին դրել եմ Հայաստանի գործերի համար: Պիտի ե՞ս հիշեցնեմ, որ 2004-2005թթ. իմ կյանքին սարսափելի մեծ վտանգ էր սպառնում, քանի որ կազմակերպեցի, եւ հսկայական ռազմամթերք տեղափոխեցինք Հայաստան եւ Արցախ: Թե՞ որ կարողացանք Ցեղասպանության հարցը Սլովակիայի պառլամենտում անցկացնել, դա մեր անձնական շահի համար էր: 
-Հայաստանում ընդդիմադիրների պակաս չկա. կհամագործակցե՞ք նրանց հետ:
-Բոլորը միանալու են մեր համահայկական ճակատին, ով չի միանա, Աստված իր հետ, նա կուշանա: Ով կմիանա, բնական է, որ ապագայում ձեռք բերած հաղթանակի մեջ ամեն մեկն իր կտորը կունենա: Ես ոչ մեկի հետ ո՛չ մտերիմ եմ, ո՛չ էլ թշնամի: Մի ժամանակ թշնամի հայտարարում էի ՀՀՇ-ին, բայց ՀՀՇ-ն էլ այնքան ձեւափոխվեց, գունափոխվեց, ազատվեց վանոներից եւ տականքներից, Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մնաց համարյա թե մեկուսացված վիճակում: Այնպես որ, ՀՀՇ-ն առանց էդ հին տականքների նույնպես կարող է լինել մեր պայքարին միացող ուժերից մեկը: Իսկ համազգային ճակատ կոչված տանիքի տակ չկան խորթ զավակներ: ՀՀ-ում բոլոր կուսակցություններն իրենց շահերի համար են պայքարում, ոչ թե ազգի: Եթե ուշանան, լուսանցքում կմնան:
-Ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի այն իրագործել, ի՞նչ գործընթաց է ենթադրում ճակատի ձեւավորումը: 
-Հաղթանակը պետք է լինի ամիսների ընթացքում, որովհետեւ երկիրն արնաքամ է լինում, կորում է ամեն ինչը՝ հավատը, հույսը, արդարությունն արդեն կորել է:
Ավելացնեմ, որ պետք է արագ միանալ այս ֆորում ճակատին: Մեր պատվիրակները կվերադառնան Հայաստան, մեր ներկայացուցիչները Հայաստանում կհավաքագրեն, եւ ամենայն արագությամբ մեր կոչերն ու դրույթները կներկայացվեն մեր ԶԼՄ-ներին, ու արդեն Աստված մեզ հետ: Տեսնենք, թե ինչ քայլեր կձեռնարկեն նաեւ Եվրոպայի երկրները եւ Ռուսաստանը, որոնց հետ սերտ կապերի մեջ ենք: Այդ բոլորի օգնությամբ կփորձենք կատարել այն իշխանափոխությունը, որի մասին երազում է ժողովուրդը տարիներ ի վեր: Պետք է ազատվել այս օֆշորակեր վարչապետից, այս մարդակեր սերժսարգսյանական ընտանիքից եւ դրանց շուրջ հավաքված փոքրաթիվ ՀՀԿ-ականներից. ինչո՞ւ փոքրաթիվ, որովհետեւ նրանց 90 տոկոսը փախչելու է, ճիչ ու աղմուկով հրաժարվելու է ՀՀԿ-ականի անդամատոմսից, քանի որ ստիպված կլինի բացատրություններ տալ, թե ինչու տարիների ընթացքում ժողովրդի արյունը ծծեցին:                                               
                                             Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթ 10.09.2013թ.




Լրահոս