Հայաստանում, քաղաքացիական շարժումների զարգացմանը զուգընթաց, առավել սաստկանում են տարբեր հայտնի եւ անհայտ խմբերի հարձակումները քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, ակտիվիստների եւ հասարակական գործիչների նկատմամբ:
Չնայած այն հանգամանքին, որ հասարակական գործունեություն ծավալող, հասարակական տարբեր խմբերի, փոքրամասնությունների, կանանց իրավունքների շահերը պաշտպանող շարժումները եւ հասարակական կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են հրապարակային կերպով եւ օրինականության շրջանակներում, այս խմբերի նկատմամբ արդեն մի քանի տարի է գործադրվում են բռնության զանազան հնարքներ. ծեծ, հրապարակային սպառնալիքներ, զրպարտություն, վիրավորանք, հրկիզումներ եւ այլն, որն իր հավաքականության մեջ ըստ էության ահաբեկչություն է:
Հայաստանում առայժմ անհայտ խմբերի թելադրանքով եւ նենգափոխմամբ` համամարդկային արժեքները պարբերաբար ներկայացվում են որպես կեղծ արժեքներ, որպես հայ ազգին անհարիր արժեքներ, հակադրելով մեր մշակույթը Մարդու համընդհանուր իրավունքներին: Մարդկանց ոչնչացման, գրասենյակների պայթեցման հրապարակային կոչերին իրավապահները արձագանքում են միայն ձեւականորեն, քրեական գործեր չեն հարուցում, ինչով ուղղակիորեն խրախուսում են սպառնալիքների հեղինակներին եւ բռնություններ գործադրողներին: Բազմաթիվ են դեպքերը, երբ զրպարտությունն եւ վիրավորանքը հրապարակային գործիչների ու մի խումբ հասարակական կազմակերպությունների հանդեպ բազմապատկվում են կողմնակալ ԶԼՄ-ների միջոցով, վարկաբեկող հասարակական կարծիք ձեւավորելով Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ:
Այսպիսով Հայաստանում կասկածի տակ է դրվել որոշակի ոլորտներում հասարակական գործունեությամբ զբաղվելու ազատության երաշխիքները: Քննարկման մասնակիցներս, հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը, հայտարարում ենք, որ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի եւ անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են` իրենց դրսեւորած հանցավոր անգործությամբ:
Իշխանություններից, որպես ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավոր, պահանջում ենք անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների եւ քաղաքացիական խմբերի սահմանադրական իրավունքների պաշտպանության պետության պոզիտիվ պարտավորությունները կատարելու ուղղությամբ, որակյալ արձագանք տալ հասարակական գործիչների եւ կազմակերպությունների նկատմամբ բռնությունների սպառնալիքներ տեղացող, բռնությունների կիրառման բոլոր դեպքերին: Հակառակ դեպքում, անգործությունն այս ոլորտում կարող է ծնել անդառնալի եւ ծանր հետեւանքներ, որի պատասխանատվությունն ամբողջապես կրելու են ՀՀ իշխանությունները: