Ինչ վնասներ է կրել Արցախի գյուղատնտեսությունը պատերազմի հետևանքով. նախարարը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմով եւ հետագա օրերի լարվածությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետությունում տնտեսական խնդիրներ առաջացան, որոնք առավել նկատելի են հատկապես գյուղատնտեսությունում: Արցախն այս պահի դրությամբ ունի մոտ 140 հազ հա մշակովի հողատարածք, որի հիմնական մասը զբաղեցված է հացահատիկային մշակաբույսերով: Արցախում նաեւ զարկ է տրված պտղատու այգիների հիմնմանը. այսօր աճեցվում են բազմաթիվ նոր պտղատեսակներ, որոնք ավանդական չէին այդ տարածքում:

Արցախի գյուղատնտեսության ներկայիս վիճակի եւ պատերազմի հասցրած վնասների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հետ:

-Պարո՛ն Մխոյան, Արցախում հացահատիկի աճեցումը կարծես թե գյուղատնտեսական առաջնահերթություններից է: Արդյո՞ք հացահատիկի արտադրության առումով այսօր Արցախն ինքնաբավ է:

-Մենք ոչ միայն արտադրում ենք մեր պահանջներին համապատասխան քանակի հացահատիկ, այլեւ նույնսիկ կրկնակի ավել, որն արտահանում ենք ՀՀ:

-Իսկ ինչպիսի՞ն է Արցախում ոռոգման խնդիրը, ադյո՞ք առկա են բավարար ենթակառուցվածքներ եւ ջրային ռեսուրսներ՝ բոլոր մշակովի հողատարածքները ջրարբիացնելու համար:

-Ցավոք, Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունն այս հարցում լուրջ խնդիր ունի, որը առաջացել է շատ վաղուց: Պետք է ասեմ, որ մեր հողատարածքների ընդամենը յոթ տոկոսն է ոռոգելի, դա կազմում է մոտ 10 հազ հա: Եվ, ցավոք, նոր մշակաբույսերի, նոր տեսակների ուղղությամբ աշխատանքներում գլխավոր խոչընդոտը ոռոգման համակարգերի բացակայությունն է կամ անբարվոք վիճակը: Այսօր մենք ունենք 540 հա ջրատարներ, ջրանցքներ, որոնց գերակշիռ մասը՝ մոտ 75 տոկոսը, հողային է: Իսկ ջրի կորուստը հողային ջրանցքներում 70 տոկոս է, այսինքն՝ մեր ամբողջ ջրի ծավալի 70 տոկոսը մենք կորցնում ենք տեղափոխելու ընթացքում: Այսպես ասած, ջուր ունենք, բայց տեղ հասցնելու ճանապարհին կորցնում ենք դրա մեծ մասը:

-Իսկ Սարսանգի ջրամբարի պաշարներն ինչքանո՞վ են օգտագործվում:

-Այս պահի դրությամբ Սարսանգի ջրամբարը եւ այդ ջրային ռեսուրսները մենք չենք կարողանում օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, քանի որ ջրատարի, ջրանցքի մի հատված անցնում է ադրբեջանական տարածքով, որտեղից արդեն թույլ չեն տալիս, որ ջուրը շարունակի իր հոսքը դեպի Արցախի տարածք: Սարսանգի ջրի հիմնական ծավալներն օգտագործվում են միայն էներգետիկ նպատակով:

-Պարո՛ն Մխոյան, գյուղատնտեսական ապրանքների իրացման հարցում Արցախն ի՞նչ խնդիրներ ունի: Դուք բացի ՀՀ-ից՝ այլ շուկա ունե՞ք:

-Քանի որ մենք արդեն սկսել ենք նոր մշակաբույսերի, նոր տեսակների զարգացման ուղղությամբ աշխատաքներ տանել, փորձում ենք ՀՀ-ում, ինչու չէ նաեւ՝ ԵՏՄ երկրների շուկաներում գտնել տվյալ ապրանքատեսակների իրացման շուկաներ: Եվրոպայում էլ փորձում ենք շուկաներ գտնել նռան վերամշակումից ստացած տարբեր տեսակի հյութերի արտահանման ուղղությամբ:

-Հաջողվո՞ւմ է:

-Այո՛, հաջողվում է, քանի որ նռան հյութը մեծ պահանջարկ ունի աշխարհի շատ երկրներում: Դրա համար է, որ մենք փորձում ենք զարգացնել նռան ե՛ւ արտադրությունը, ե՛ւ ստացված տարբեր ապրանքատեսակների արտահանումը:

-Քառօյա պատերազմը ինչքա՞ն վնաս տվեց Արցախի գյուղատնտեսությանը եւ ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել այդ վնասները:

-Իսկապես, գյուղատնտեսության ոլորտը լուրջ վնասներ կրեց այս պատերազմի եւ դրանից հետո մինչ օրս շարունակվող հրետակոծությունների արդյունքում: Հիմնականում խախտվեց գարնանացան մշակաբույսերի ցանքսը: Մենք այս տարի պլանավորել էինք գարնանացանը կատարել ճիշտ ժամանակին, քանի որ դա գլխավոր նախապայմաններից մեկն է բարձր բերքատվության, սակայն վերջին իրադարձությունները խանգարեցին: Իհարկե, հնարավորինս փորձում ենք մեր եղած մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներն օգտագործել, որպեսզի կարողանանք այդ բացը լրացնել եւ հասցնել գոնե եղած ժամկետներում կատարել գարնանացանի աշխատանքները: Կան նաեւ նյութական վնասներ, հատկապես Թալիշ եւ Մատաղիս համայնքներում անասնագլխաքանակի մեծ մասը ոչնչացվեց թշնամու հրետակոծությունների հետեւանքով: Վնասվեց մոտ 2-3 հազ հա աշնանացան, տեխնիկական, մեքենատրակտորային պարկը տուժեց, ռմբակոծություններից վնասվեցին մի քանի տասնյակ նոր տեխնիկաներ, որոնցից շատերը նոր էին ձեռք բերված: Վնասները դեռ հաշվարկվում են, այդ մասին ավելի հանգամանալից առաջիկայում կտեղեկացնենք:

-Պարո՛ն Մխոյան, իսկ ինչքանո՞վ է ձեռնտու Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը:

-Արցախի ազգաբնակչության մեծ մասի համար եկամտի հիմնական աղբյուրը հենց գյուղատնտեսությունն է: Մենք ունենք, իհարկե, ե՛ւ փոքր ֆերմերներ, ե՛ւ խոշոր հողօգտագործողներ, որոնք մինչեւ հազար, երկու հազար հա հողատարածքներ ունեն եւ արդեն լուրջ հաջողությունների են հասել վերջին 5-6 տարիների ընթացքում: Նրանք կարողանում են ոչ միայն ցորեն, գարի մշակել, այլեւ բազմաթիվ նոր, նույնսիկ ոչ ավանդական մշակաբույսեր: Դրանք են` յուղատու մշակաբույսեր, սոյա, եգիպտացորեն, հնդկացորեն, որոնք որ անհրաժեշտ են ե՛ւ ներքին շուկայի համար, ե՛ւ ՀՀ արտահանման: Ասեմ, որ մենք շատ ավելի մեծ հույսեր ենք կապում խոշոր ֆերմերների հետ, որոնց հետ աշխատելն անհամեմատ ավելի հեշտ է ե՛ւ խորհրդատվություններ մատուցելու, ե՛ւ նաեւ աջակցության ծրագրերի առումով: Արցախում փոքր հողօգտագործողներ շատ քիչ կան, նույնսիկ ամենափոքրերը մի քանի հա հող ունեն: Մեզ մնում է միայն ոռոգման համակարգերը կարգավորել, որպեսզի կարողանանք մեր ֆերմերներին ապահովել ամենակարեւորով՝ ոռոգման ջրով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարսգյան




Լրահոս