Ինչ եզրահանգում ունեցավ Նորաշենում հայտնի խանութի հրկիզողների գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհիներ, 1969թ. ծնված Շուշան Խաչատրյանին եւ 1966թ. ծնված Լուսինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատանքային պայմանագրով հանդիսանալով անհատ ձեռներեց՝ Անդրանիկ Ավագյանի՝ Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ Բեկ» խանութի վաճառողուհիներ, պարբերաբար տնտեսական ապրանքների վաճառաբաժնից յուրացման եղանակով հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, իսկ դրամարկղից՝ գումար: Շուշան Խաչատրյանն Անդրանիկ Ավագյանին պատճառել է 7 միլիոն 500 հազար դրամի, իսկ Լուսինե Գրիգորյանը` 2 միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս:

Նրանք տեղեկանալով, որ խանութում կատարվելու են ստուգումներ, իրար հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հրկիզման եղանակով հրդեհել են խանութի սննդամթերքի բաժինը, որի հետեւանքով Անդրանիկ Ավագյանին պատճառվել է 27 միլիոն 407 հազար 916 դրամի, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին` 1 միլիոն 772 հազար 550 դրամի նյութական վնաս: Շուշան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շ. Խաչատրյանին` 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մարտի 29-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Շ. Խաչատրյանին եւ Լ. Գրիգորյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածներում եւ դատապարտել համապատասխանաբար 5 եւ 2 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Դատավորը վճռել է Շ. Խաչատրյանից հօգուտ գործով տուժող անհատ ձեռներեց Անդրանիկ Ավագյանի բռնագանձել 7 միլիոն 500 հազար, Լուսինե Գրիգորյանից՝ 2 միլիոն 500 հազար դրամ, նրանցից համապարտության կարգով բռնագանձել 28 միլիոն դրամ, «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին վերապահել քաղաքացիական հայցի իրավունք: Նախօրեին տեղեկացանք, որ Շուշան Խաչատրյանը եւ Լուսինե Գրիգորյանը բողոքարկել են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ խնդրելով բեկանել այն եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Քրեական գործերով վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունն ընթացքի մեջ է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս