«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ «Հրապարակ» օրաթերթի միջեւ ընթացող դատական գործը գնալով նորանոր երանգներ է ստանում: Բանն այն է, որ այս գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը լրատվական դաշտի համար կարող է ճակատագրական լինել:
Նշված դատարանը ոչ միայն մերժել է «Հրապարակ»-ի բողոքը, այլ նաեւ իր որոշման մեջ գրել. «…այն դեպքում, երբ լրագրողը միջոցներ է ձեռնարկում ճշտելու նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկությունը եւ ստանալով տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ, տպագրում է նյութը, ապա այդ անձինք չեն կարող օգտվել 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետով երաշխավորված պաշտպանությունից»: Այլ կերպ ասած, գրաքննության նոր գործիք են ցանկանում ստեղծել դատավորները: Եւ ստացվում է, որ եթե լուրը շահագրգիռ կողմը հերքում է, ապա լրատվամիջոցը չպետք է համարձակվի այն հրապարակել: Իսկ ո՞ր կաշառակերը կխոստովանի, որ նման բան է արել, չգրե՞նք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: