ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի վրա ճնշումները՝ չնայած Սավչենկոյի ազատ արձակմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կշարունակի ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի հասնի Մինսկի համաձայնագրերի հարցով պարտավորությունների իրականացմանը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

Փաուերը ողջունել է Սավչենկոյի համար «մղձավանջի ավարտն» ու նրա վերադարձը հայրենիք: Ընդ որում, նա նշել է, որ «Օլեգ Սենցովն ու Ալեքսանդր Կոլչենկոն դեռևս անարդարացիորեն կալանավորված են Ռուսաստանում»:

«ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Մինսկի համաձայնագրերի հարցով պարտավորությունների իրականացման համար, որոնք ներառում են՝ անօրինական կալանավորված անձանց վերադարձը, ինչպես նաև Ուկրաինայից ռուսական ուժերի դուրսբերումն ու Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի դադարեցումը»,-հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ օդաչուի ազատ արձակումը պետք է խթան հանդիսանա Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման համար:

Հիշեցնենք, որ երեկ Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ազատ արձակվեց: Նրան փոխանակեցին ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդրովի և Երոֆեևի հետ:




Լրահոս