ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվեց կապալային պայմանագիր`59.955.938,46 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։ Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի շուրջ 18,7 ճանապարհի կառուցմանը:
Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած և տեխնիկապես բավարար գնահատված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը:
Ողջունելով հաղթող կազմակերպության պատվիրակությանը` ստորագրման արարողության ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանը մասնավորապես նշեց. «Վստահ եմ, որ ևս մեկ անգամ կհավաքվենք և պայմանագրով նշված ժամկետի ավարտին միմյանց կշնորհավորենք աշխատանքի բարեհաջող ավարտի համար»:
Իսկ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության փոխնախագահ Լյու Լյուշան վստահեցրեց, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018 թվականի տարեսկզբին, և բարձր որակով. «Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք մասնակցելու այս կարևոր գործին: Մեր ընկերությունը Չինաստանի շինարարական ընկերությունների մեջ ունի շատ բարձր դիրք, համոզված ենք, որ կկարողանանք ունենալ այն արդյունքը, որը նախատեսված է պայմանագրում»:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով այն 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը առկա 9-9.5 ժամից կնվազի 4.5 ժամի և կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» և «Մետաքսի Ճանապարհ» ծրագրերի կարևոր մասերից մեկը:
Մանրամասները՝ տեսանյությում