Կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թվականի մայիսի 27-ին Նոր Բայազետում (Կամո, այժմ Գավառ)։ Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում։
Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, Դովլաթյանը սովորում է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ կար։
Միշտ երազել էր ընդունվել Սունդուկյանի անվան թատրոնը։ Երազանքն իրականություն է դառնում և նա ընդունվում է մայր թատրոնի դերասանական ստուդիան (ղեկավար՝ Արմեն Գուլակյան)։ 10 տարի հետո Դովլաթյանն ընդունվեց համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժինը։
Կինոաշխարհում Դովլաթյանը դրսևորվեց որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ։