ԱՆԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, երբ  յուրաքանչյուր շաբաթ, եթե չասենք` յուրաքանչյուր օր,  լրատվամիջոցները տեղեկացնում են ամենատարբեր աղաղակող ապօրինությունների, սկանդալային իրադարձությունների եւ պարզապես` պետական հանցագործությունների մասին: Սակայն որքան էլ տարօրինակ է, այդ հրապարակումները թիթեռի կյանք են ունենում, քանզի դրանց առաջացրած արձագանքը լավագույն դեպքում տեւում է ընդամենը մի քանի օր, իսկ դրանից հետո արդեն գալիս են փոխարինելու նոր` էլ ավելի սկանդալային ու ցնցող հրապարակումներ: Օրինակ` հատկապես այն բանից հետո, երբ հայրենի իրավապահ համակարգը որոշեց ազատ արձակել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, լրատվամիջոցներում մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտնվել սահմռկեցուցիչ տեղեկություններ Սուրեն Խաչատրյանի կողմից անցյալում կատարված հանցագործությունների մասին: Դրանք, ի դեպ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից արդեն երեք ամիս է` հեղեղում են մամուլը, սակայն, ինչպես տեսնում ենք, ապարդյուն. պատկան մարմիններից որեւէ մեկին չի հուզում այն, ինչ ասում է պարոն Հարությունյանը: Ձեռնպահ մնալով ասվածի հավաստիության շուրջ գնահատականներից, այդուհանդերձ, տարակուսելի է, որ մինչ օրս պարոն Հարությունյանի հայտարարությունները իրավապահ մարմինների կողմից մնացել են անարձագանք. միակ արձագանքը, ըստ նրա, եղել է Լիսկայի կողմնակիցներից ստացված սպառնալիքը, ինչի կապակցությամբ էլ նա պետությունից խնդրել է ապահովել իր անվտանգությունը: Երեկվա լրահոսում առկա էր մեկ այլ` հիրավի սկանդալային հրապարակում` կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից գաղտնալսման հզոր համակարգեր ունենալու հետ: Ըստ այդ հրապարակման՝ վերը նշված անձինք ԱԱԾ նախկին կադրերի եւ պետական միջոցների հաշվին ձեռք բերված գերհզոր սարքավորումների միջոցով ներկայումս զբաղված են ապօրինի գաղտնալսումներով` այդպիսով վերահսկողության տակ պահելով իրենց քաղաքական եւ տնտեսական մրցակիցների գործունեությունը: Որեւէ նորմալ երկրում նման հրապարակմանն անմիջապես կհետեւեր առնվազն ԱԱԾ արձագանքը կամ էլ դատախազության հայտարարությունը` նշված տեղեկատվության հիման վրա քննություն սկսելու մասին: Մեզ մոտ, սակայն, վստահաբար, նման բան տեղի չի ունենա: Առավելագույնը, որ կփորձեն անել, այդ տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի նկատմամբ ճնշումներ բանեցնելն է` տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով: Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ ԱԱԾ-ին զուգահեռ ապօրինի գաղտնալսումների` իքս օլիգարխին պատկանող ծառայության մասին մամուլը գրել էր դեռ չորս տարի առաջ: Այսպիսով` ի՞նչ է ստացվում: Մամուլը շարունակ հանրությանն է ներկայացնում աղաղակող ապօրինությունների մասին փաստեր, իսկ պատկան մարմիններն էլ, փոխանակ դրանք քննելու, չտեսնելու են տալիս` հարկ եղած դեպքում ասելով, թե ներկայացվածն իրենք լուրջ չեն ընդունել: Ինչ խոսք` հարմար կեցվածք է` սեփական անգործությունն արդարացնելու համար:




Լրահոս