Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունների մի շարք պատգամավորների հեղինակած օրինագիծը: Հիմնական զեկուցողը եւ օրենսդրական նախաձեռնության հեղինակը ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է:
Ըստ նրա՝ առաջին անգամ փորձ է արվում ՀՀ-ում ոչ միայն առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների, մեջբերումների, այլեւ ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը: Բանն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը լրագրությունը վերածել են սովորական գողության գործընթացի, եւ նույնիսկ թերթերի վերլուծական հոդվածները տարբեր կայքերում հայտնվում են՝ հաճախ առանց հղումների: Իսկ էլեկտրոնային կայքերում հայտնված որեւէ հետաքրքիր տեղեկություն վայրկյաններ անց դառնում է բոլոր կայքերի սեփականությունը: Այս օրենքի ընդունումից հետո յուրաքանչյուր կայք ստիպված կլինի այլոց նյութերը չարտատպել ամբողջությամբ, այլ անել «նպատակն արդարացնող ծավալով»:
Ա. Հովհաննիսյանը բացատրեց, որ այս օրենքի ընդունմամբ որեւէ սահմանափակում չի արվելու որեւէ լրատվամիջոցի գործունեության մեջ:
Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այս օրինագծով ԱԺ-ն, ըստ էության, արձագանքել է խմբագիրների արված հայտարարությանը, եւ մինչ օրինագիծն ԱԺ մտցնելը լսել են տարբեր ԶԼՄ-ների խմբագիրների առաջարկները: Նշենք, որ օրինագիծը 2-րդ ընթերցմամբ կընդունվի արագացված ընթացակարգով այս նստաշրջանի ընթացքում՝ մինչ հինգշաբթի:
Հուսանք, որ օրենքի ընդունումը կօգնի «պարազիտ» կայքերի գործունեությունը զսպել եւ կրճատել գրագողության դեպքերը, որպեսզի ժուռնալիստիկան մեր երկրում վերջնականապես չմահանա:
ՕՐԵՆՔ՝ ԳՐԱԳՈՂ ԿԱՅՔԵՐԻ ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ