ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: Կողմերը քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթնաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
ՏԵՂՅԱԿ ՉԷՐ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջել է քվեարկության դնել ԱԺ օրակարգում դեռ 2004թ. ընդգրկված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ստրասբուրգյան կոնվենցիան. «Մեր պետությունն այդպես էլ չհայտնաբերեց ապրիլի 12-ի ջարդի, ոչ էլ մարտի 1-ի կազմակերպիչներին ու մարդասպաններին: Վերջին 10 օրերի ընթացքում տեղի են ունեցել քաղաքականապես ղեկավարվող կրիմինալ բանդաների բռնություններ քաղաքացիական բողոքի ակցիաների խաղաղ մասնակիցների նկատմամբ, եւ նորից ոչ մեկը չի պատժվել»: Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել է ուսումնասիրել ու իմանալ պատճառները:
ԿԱՐՈՏԵԼ Է ԵՂԲՈՐԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Նկատենք, որ չնայած Չինաստան կատարվող հաճախակի այցերին՝ հայ-չինական հարաբերություններում զգալի առաջընթաց տեսանելի չէ:
ԱՆՈՂՈՔ Է ԼԻՆԵԼՈՒ
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կոնսուլտացիաներ է անցկացնում կուսակցությունների եւ քաղաքական տարբեր գործիչների հետ՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար: «Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ: Բայց կային գործընթացներ, որոնք ինչ-որ չափով համընկնում էին թե՛ իմ, թե՛ իմ կուսակցության ուղղություններին, որոնք ամրագրված էին մեր կուսակցության ծրագրերում: Մենք առաջիններից էինք, որ ասում էինք այդ մասին, Սերժ Սարգսյանը միացավ մեզ: Խոսքը եվրոպական ընտանիքում Հայաստանի տեղն ու դերը տեսնելու մեջ էր: Մենք ասել ենք, որ ողջունելու ենք այդ գործընթացը: Հիմա, երբ որ հակառակ ուղղությամբ ենք գնում, դա միանշանակ դեմ է մեր կուսակցության ծրագրերին: Ես անողոք ընդդիմություն եմ լինելու»,-ասել է Սարգսյանը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՂՔԸ
Հրաչյա Հարությունյանը, որը մեղադրվում է Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար, երեկ ցուցմունք է տվել` ընդունելով իր մեղավորությունը: Նա նշել է, որ ցանկանալով խուսափել խաչմերուկի մոտ ավտոմեքենաների հետ բախումից եւ, հետեւաբար, մեծաթիվ զոհերից, հանդիպակաց ուղի դուրս գալու ոչ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ պահին դատարկ է եղել: Արդյունքում խճաքարով բեռնված «ԽՈՎԸի»-ի արգելակները չեն արձագանքել:
ԿՈՂՋՈՒՆԵՆ, ԲԱ Ի՞ՆՉ ԿԱՆԵՆ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը փոխվարչապետերի հետ խորհրդաժողովի ժամանակ ողջունել է Մաքսային միության մեջ մտնելու ՀՀ որոշումը: «Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների այդ որոշմանը: Բնականաբար, Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար կբացի հավելյալ հնարավորություններ: Բայց քանի որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության երկրների հետ, անհրաժեշտ է իրագործել հատուկ միջոցների համալիր»,-Regnum-ի փոխանցմամբ` ասել է Մեդվեդեւը: