Տո, թող ինքը` որպես արցախցի, 5 մարդ հավաքեր, գնար Արցախում ինչ-որ տեղ հերթապահություն աներ ու հետո նոր խոսեր. Սուրիկ Խաչատրյանը պատասխանում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրերս լրատվամիջոցների հետ զրույցում խոսել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին` ասելով. «Ես կոչ եմ անում իշխանություններին, որպես նախկին հրամանատար, որպես պատերազմի բովով անցած մարդ, որպես նախկին պատգամավոր, որպես պարզապես մտահոգ քաղաքացի, սթափվել, որ Լիսկայի՝ Ղարաբաղում երեւալը ոչ թե լինի մանդատ՝ հետագայում նորից չարագործություններ գործելու, այլ հայ ժողովրդի առջեւ մեղա գա եւ վերջ դնի չարակամություններին:

Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն պետք է գա եւ Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել, այլ ոչ թե նկարվի եւ նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար: Այս ամենը Սերժ Սարգսյանը պետք է գնահատի, եթե ուզում է նախագահ մնալ»:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից փորձեց հասկանալ, թե ի՞նչ փախուստի մասին է խոսում Վահան Բադասյանը. «Չգիտեմ, նա շանտաժոր է, նա եթե ինձ է ասում, որ ես դիրքերից փախել եմ: Չգիտեմ, ասեմ ձեզ, նա շանտաժորի մեկն է, քանի որ ես ինքս դիրքերից փախնող մարդ չեմ, եւ երբեւիցե նման բան չի եղել: Թե՛ մինչեւ 1994 թիվը, թե՛ մինչեւ այս պատերազմի ժամանակ: Բայց նրա շանտաժները, թե խի էր հասցեգրված ինձ, չհասկացա»:

Հարցին, թե Վահան Բադասյանը կոնկրետ ասել է, որ. «Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն, պետք է գա եւ Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել, այլ ոչ թե նկարվի եւ նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար»:

Ե՞րբ փախաք, ի՞նչ դիրքեր եք կորցրել. «Տո, թող ինքը գնա, ինչի է ուրիշին հրահրում, եթե այդ կորցրած հողերը իր համար թանկ են, թող ինքը գնար, որպես արցախցի՝ 5 մարդ հավաքեր, գնար, Արցախում ինչ-որ տեղ հերթապահություն աներ ու հետո նոր խոսեր»:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս