Մեր պաշտպանական դիրքը եղավ դիվանագիտական պարտությունների հետևանքով. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

– Պարո’ն Եղիազարյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարություն է որդեգրել, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլի քառօրյա պատերազմը, այլեւ մինչ այդ եւ դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր: Մինչեւ ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք:

– Ցավոք սրտի, մենք ՄԱԿ-ի վերջին չորս բանաձևերում ՀՀ-ն բնութագրվել է որպես ագրեսոր: Այս տարիների ընթացքում թուրքերը կարողացան իրենց սուտն առաջ տանել և մեր ճշմարտությունը մի կողմ շպրտել: Այս տարիների ընթացքում, ցավոք սրտի, ՀՀ-ն դարձավ բանակցային կողմ` դրանով իսկ ճանապարհ բացեց, որպեսզի ՄԱԿ-ում նման բանաձևեր ծնվեն: Մենք դիվանագիտական դաշտում մշտապես պարտություն ենք կրել:

Այսօր մեր պաշտպանական այդ դիրքը միայն կարող եմ այդպես բնութագրել. այս ամենը եղավ դիվանագիտական պարտությունների հետևանքով: Պետք է ուղղակի սթափվենք և լրջագույնս մտածենք մեր մարտավարության շուրջ, ինչ ենք անում, ուր ենք գնում: Հույս ունենամ, որ վարչապետ Աբրահամյանի հայտարարությունից հետո որոշ բան մեր երկրում կփոխվի և կվերանա թալանը:

–  Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները կարո՞ղ են տեսանելի առաջիկայում որևէ առարկայական արդյունք տալ:

– Միանշանակ բան ասել չեմ կարող, քանի որ կոնկրետ առաջարկություն չի եղել և ինֆորմացիա չկա Քերիի հետ հանդիպումից: Միայն մի բան կարող եմ ասել, որ այդ հանդիպումն ի օգուտ մեզ չի եղել, հակառակ դեպքում մենք Ավստրիայից շատ ավելի տեղեկություններ կունենայինք, որը չունենք:

Հունիսին պետք է որոշել ձևաչափը և կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը, բայց այն դեպքում, երբ մենք տեղեկություններտը չունենք, նշանակում է գերտերությունները դա ի օգուտ մեզ չեն նախատեսել:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշում են, որ հետաքննության մեխանիզմներ պիտի ներդրվեն, խախտումները արձանագրող սարքեր պիտի տեղադրվեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Իրատեսական համարո՞ւմ եք և ե՞րբ  պետք  է տեղադրել դրանք:

– Այդ սարքերը չեն տեղադրվի: Ադրբեջանն արդեն այդ խնդիրը որոշել է իրեն ոչ բարենպաստ և հրաժարվել են դրանից: Լրջագույն ջանքեր են անհրաժեշտ` դրանց այդ շեշտադրումներն ի օգուտ մեզ փոխելու համար:

-Պարոն Եղիազարյան, քառօրյա պատերազմը ի՞նչ փոխեց Հայաստանում:

-Շատ կարևոր բան. չորսօրյա պատերազմը ուղղակի մեզ հուշեց, որ մենք ճիշտ չենք ապրում եւ սահմանի վրա հետագա մեր հաջողությունները ուղիղ կապված են այն բանից, թե ինչպես մենք կփոխվենք մեր երկրի ներսում: Եթե փոխվենք` հաջողություն կունենանք. եթե ոչ ապա Աստված մի արասցե:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս