ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻԹԵՉՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիգեն Չիթեչյանի մասին խոսելիս մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերմաբար ասաց. «Վիգենը մերն է ու բոլոր իշխանություններինը»: Գուցե սա դիվանագետին տրված լավագույն գնահատական համարենք, քանզի, ըստ տրամաբանության, նա ծառայում է ոչ թե կոնկրետ իշխանության, այլ հայոց պետականությանն ու մեր դիվանագիտությանը: Բայց ամեն ինչ այլ է մեր իրականությունում, որտեղ շատ վաղուց է ընդունված՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է… Ուրեմն Վիգեն Չիթեչյանն ամեն ինչ պիտի աներ, որ բոլորին դուր գար, բոլորի հետ «լեզու գտներ»՝ դիվանագիտական իր պաշտոնավարումը երկարաձգելու եւ միշտ Հայաստանից հեռու ապահով ու երջանիկ ապրելու համար…
72-ամյա Վիգեն Չիթեչյանը, թվում էր, շատ վաղուց պիտի կենսաթոշակի անցած լիներ ու վայելեր իր հանգիստը, բայց նա ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է Ֆրանսիայում, Բելգիայում, Անդորրայում, Բենիլյուքսում: Նշենք, որ Չիթեչյանն աշխարհի այն բացառիկ դիվանագետներից է, որն ունի տեխնիկական կրթություն եւ գրեթե 40 տարի հեռու է եղել դիվանագիտությունից: Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո, ուր նա ստացել է ճարտարագետ-էլեկտրամեխանիկի մասնագիտություն, առանց բանակում ծառայելու աշխատանքի է անցել նույն ինստիտուտում որպես ասիստենտ եւ աշխատել երկու տարի: 1965-ին գործուղվել է Մոսկվա որպես ասպիրանտ: 1969թ. վերադարձել է Երեւան եւ նշանակվել իր մայրենի ինստիտուտի էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ: 1975թ. մեկնել է Թունիս եւ երեք տարի եղել Ժողովրդական դպրոցի ճարտարագիտության ամբիոնի վարիչ: 1978-ից դարձել է դոցենտ եւ դարձյալ ղեկավարել ԵրՊԻ-ի իր ամբիոնը: 1986-ին Չիթեչյանը հեռացել է բուհից եւ նշանակվել «Հայէլեկտրամաշ» ձեռնարկության գլխավոր ճարտարագետ: 1989-ին նրան նշանակել են Հայկական ՍՍՀ պետստանդարտի վարչության պետ:
1991-ին, երբ արդեն ձեւավորվում էր անկախ պետականությունը, Վ. Չիթեչյանը հայտնվեց արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնում: Չափազանց կարճ ժամանակ անց էլ նշանակվեց պետական նախարար, այսինքն՝ փոխվարչապետ: Իսկ 1993-1995-ին արդեն պաշտոնապես փոխվարչապետ էր: Սակայն 1995-ին անսպասելիորեն ազատվեց այդ պաշտոնից եւ ուղարկվեց դիվանագիտական աշխատանքի՝ նշանակվելով Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Իհարկե, Ֆրանսիայի նման երկրում դեսպան լինելը մեծ պատիվ էր, մանավանդ որ այդ տարիներին Ֆրանսիայի վրա էր դրված տարածաշրջանի համակարգողի պարտականությունը: Ասում են՝ Չիթեչյանը վատ դեսպան չէր: Նա նաեւ վատ փոխվարչապետ չէր, որովհետեւ նաեւ նրա ջանքերով վերականգնվեց ատոմակայանի աշխատանքը: Ինչեւէ. 1997-2004թթ. Չիթեչյանն արդեն ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն էր, իսկ 1997-ից համատեղությամբ Բենիլյուքսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: 2012թ. համատեղության կարգով նաեւ նշանակվեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, սակայն իշխանությունները հանկարծ հիշեցին, որ նա տարիքով մեծ է, որ արդեն անցել է յոթանասունի սահմանը, ուստի հարկավոր է նրա փոխարեն Սուրբ Աթոռում նոր դեսպան ունենալ, եւ այդ պաշտոնում նշանակվեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Վ. Չիթեչյանը շատ է նեղսրտել այս նշանակումից, անգամ մտերմիկ շրջապատում իր դժգոհությունն է հայտնել, որովհետեւ, ըստ էության, կրճատվում էր նրա ազդեցության աշխարհագրությունը: Սակայն նա անզոր էր  դիմագրավելու նախագահի ցանկությանը, մանավանդ որ 1995-ին նրա հեռացումը ՀՀ-ից մինչեւ հիմա համարվում է անկախ Հայաստանի իշխանության առեղծվածներից մեկը: Ոմանք պնդում են, թե ժամանակին լուրջ հակասություններ են եղել վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ Վ. Չիթեչյանի միջեւ, որ Չիթեչյանը հաճախ է հեգնանքով վերաբերել վարչապետի հրահանգներին ու կայացրած որոշումներին, ուստի Բագրատյանն ամեն ինչ արել է, որ Չիթեչյանը հեռանա կառավարությունից:
Կան նաեւ տեսակետներ, որ Չիթեչյանն ակտիվ մասնակցություն է ունեցել սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած մի շարք «գործընթացներում», իր մասնաբաժինը հաստատել «Հայէլեկտրամաշ»-ում… Իսկ առավել իրազեկ աղբյուրներն էլ պնդում են, թե Չիթեչյանն անմասն չի եղել «մազութի գործից»: Ինչեւէ, կարեւորն այն է, որ իշխանությունները՝ անցյալ եւ ներկա, չեն նեղացրել Չիթեչյանին եւ թողել են՝ մարդը վայելի իր պաշտոնները: Այս «վայելումների» արդյունքում էլ Չիթեչյանը Փարիզում սեփական բնակարանի տեր է դարձել… եւ ոչ միայն:
Բելգիայի «Նուարդ» ազգային միության նախագահ եւ հայտնի մշակութաբան Գեւորգ Մինասյանը դեռ մեկ տարի առաջ մեզ պատմեց, որ Անտվերպենում ցանկացել են հայկական գրադարան հիմնել, սակայ այս հարցում իրենց խանգարել է հենց դեսպան Վիգեն Չիթեչյանը՝  ասելով` ի՞նչ կասեն մեր բարեկամ թուրքերը: Առհասարակ, հատկապես Բելգիայի հայերը բողոքում են, որ դեսպան Չիթեչյանը երբեք չի աջակցել ազգային հանդիսությունների կազմակերպմանը, անգամ խանգարել է  Ապրիլի 24-ի միջոցառումներին:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս