Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը եւ շարունակել համապատասխան միջոցներ ձեռնարկել ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով: Ասել է թե՝ Տ. Մարգարյանը ոչ միայն խլեց ոստիկանության հացը` վճարովի կայանատեղիներ պատրաստելու եւ զուգահեռ տուգանելու առումով, այլեւ վայիս եղավ մյուս կայանատեղիների հսկիչների օրվա հացին: Բացի սա, սեպտեմբերի 1-ից Երեւանում կիրառվում է կանգառն արգելված վայրերում կայանած եւ երթեւեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա): Նման իրավախախտման համար նախատեսված է վարչական տուգանք 40 հզ. դրամի չափով:
ՀԱՐՑ: Ինչպե՞ս եք վերաբերում Տ. Մարգարյանի հանձնարարությանը: Արդյո՞ք վարորդները պարտավոր են կայանել միայն վճարովի կայանատեղիներում, կամ եթե վարորդը տեղյակ չէ նման որոշման մասին, մի՞թե արդարացի է մեքենայի տարհանումը: Համաձա՞յն եք, որ սա հերթական որոշումն է ժողովրդին ֆինանսապես ավելի շատ նեղություն տալու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ որոշում է, սպասարկում է օլիգարխիային եւ այդպես էլ պետք է շարունակի: Թող բոլոր օրական մի քանի կոպեկ աշխատող մարդիկ եւս իմանան, որ իրենց ձեռքից ամեն ինչ պետք է խլեն: Քանի դեռ ժողովուրդը միահամուռ չի բարձրացնում իր բողոքը եւ պայքարում նման անմիտ որոշումների դեմ, այնքան իշխանությունը կշարունակի միջոցներ ձեռնարկել ժողովրդի գրպանին ավելի կպչելու համար: Նման կերպով Տ. Մարգարյանը ցանկանում է ավելի հարստացնել մասնավոր ընկերությանը: Իսկ ինչ վերաբերում է էվակուացիային, ես չգիտեմ՝ դա օրենքով նախատեսված է, թե ոչ կամ ով է սահմանել այդ տուգանքը: Ինչքանով որ ես եմ տիրապետում, օրենքը հակաօրինական է, մնացած տուգանքի մասին չգիտեմ: Եթե հետաքննական լրագրություն անեք, բավական հետաքրքիր դեպքերի կհանդիպեք, կարելի է ասել՝ այդ մրցույթը կազմակերպվել է հենց այդ մասնավոր ընկերության համար:
ՀԱԿ վարչության անդամ շարունակելի
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ