«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ՀՀ դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում … ու պատժի խստացում»: Այսինքն՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փորձում է հանրությանը համոզել, որ իբր ընտրակեղծարարներին չպատժելը օրենսդրության մեղքն է:
Մինչդեռ նույն քրեական օրենսգրքի թվով 12 հոդվածներ, որոնք վերաբերում են ընտրական իրավունքին, որպես կանոն, ընտրակեղծարարության համար նախատեսում են 2-5 տարվա ազատազրկում: Եւ ուրեմն ի՞նչն էր խանգարում պատժել կեղծարարներին. իհարկե, պատասխանը պարզ է. եթե չլինեն ընտրակեղծարարները, գործող իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ամենագեղեցիկ երազում անգամ չի կարող պատկերացնել, որ իշխանության կգա, պաշտոն կունենա: Ուստի նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Բայց միաժամանակ չեն զլանում ձեւական մասը պահել` ասելով, թե ընտրակեղծիքների մեղավորն ընտրական օրենսգիրքն է, ընտրակեղծարարներն անպատիժ են, մեղավորը քրեական օրենսգիրքն է, եւ այսպես շարունակ: Իշխանությունները կարծես որոշել են Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջնականապես վերածել Սերժ Սարգսյանի կողմից որակված կրկեսի:
Ի դեպ, նույն դատախազությունը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ 597 տարբեր տեսակի ահազանգ է եղել, որոնցից 79-ի դեպքում է քրգործ հարուցվել: Դրանցից 35 քրեական գործով 38 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է արձակվել: Բայց ոչ մի ընտրակեղծարար ազատազրկման չի դատապարտվել, այլ խորհրդանշական տուգանքներով գործերն ավարտվել են: Ինչպես կասեր Սիամանթոն՝ «Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: