«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներն իրենք են հավանել թիմին նվիրված արձանախումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել եւ հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող «Հրազդան» մարզադաշտի հարակից արեւմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին:

Արձանախմբի հեղինակ, քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը պղնձից է, այն ներառում է 15 ֆուտբոլիստի, որոնք 1973-ին խաղացել են թիմում, եւ 4 մարզչի քանդակներ: Հուշարձանի վրա տարվող աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
Նա նշեց, որ նախագծային մրցույթը հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այն անցկացվել է 2014-ին, 44 մասնակիցներից մրցույթը շահել է Վ. Անտաշյանը:

«Աշխատանքը կոչվում է «Հաղթական պար»: Քանդակում պատկերված ֆուտբոլիստների մեծ մասը ողջ է: Նրանցից 9-ը, այդ թվում` Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Պողոսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Արմեն Սարգսյանը, տեսել են իմ ներկայացրած քանդակի էսքիզային տարբերակը եւ հավանություն տվել դրան, այսինքն՝ հենց իրենք են ընտրել քանդակը»,-շեշտեց Վ. Անտաշյանը:

Նրա խոսքով` հավանաբար ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին կկայանա արձանախմբի բացումը:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տարածել էր հայտարարություն, որից տեղեկանում էինք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստների հետ եւ քննարկել հուշարձանի կառուցման ու տեղադրման մանրամասները: Հայտարարությունում նշվում էր, որ հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում է հարդարման աշխատանքները ավարտին հասցնել եւ որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ նախագահը թողել էր ֆուտբոլիստների հայեցողությանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս