ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության հիդրոերկրադինամիկական դիտակայանները համալրվեցին նոր թվային չափիչ սարքերով՝ շնորհիվ ԱԻ նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) միջև ձևավորված համագործակցության և ՄԱԶԾ-ի ֆինանսական աջակցության: Արդիական թվային չափիչ սարքերի միջոցով չափվում են ստորգետնյա ջրի մակարդակը, ջրի ջերմաստիճանը և հորատանցքում մթնոլորտային ճնշումը, իսկ չափված տվյալներն իրական ժամանակում ստացվում և մշակվում են տվյալների հավաքման կենտրոնում: Դրանցով արդեն արդիականացվել են Մեծամոր, Այգեպատ, Գետափ, Կարճաղբյուր, Ձորաղբյուր, Սևան և Քուչակ ՀԵԴ կայանները: Կարդիականացվեն նաև մյուս 7 հորատանցքերի սարքավորումները:
Սեյսմիկ վտանգի հուսալի գնահատումը, իսկ հետագայում՝ երկրաշարժերի կանխատեսումը կարևորագույն խնդիր է Հայաստանի Հանրապետության համար: Դրա լուծման համար գործնական մեծ նշանակություն ունեն ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխության ուսումնասիրությունները` ուղղակի կապված լինելով երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակի հետ: Մասնագետները, առանձնահատուկ տեղ տալով այս փոփոխությունների դիտարկումներին, փորձում են դրանց միջոցով կանխատեսել երկրաշարժերը: Այդ նպատակին են ծառայում Հայաստանում փորված հատուկ հորատանցքերը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցում այսօր գործում է 14 հիդրոերկրադինամիկական (ՀԵԴ) կայան (հորատանցք): Արդիական է դառնում դիտակայանների աշխատանքի որակական բարելավման խնդիրը, քանի որ ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման և ուժեղ երկրաշարժերի կանխատեսման գործառույթի հիմքում դրված է դիտակայաններից ստացվող տվյալների հավաստի լինելը: