ՔԵՌԻ ՄՈՒԼՏԻԿՆԻԿԸ՝ ՆԱԵՎ ՌԵԺԻՍՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿՈՐՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ (Մայիլը)՝ նույն ինքը՝ Քեռի Մուլտիկնիկը, այս անգամ հանդես է գալիս ռեժիսորի կարգավիճակում: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքի` “Նախաճաշ 2-ի համար” կատակերգության պրեմիերան կկայանա այսօր: Ռեժիսորի խոսքով՝ իրենք փորձել են նկարել դասական տրագիկոմեդիա, որը նաեւ կոմերցիոն է: Ֆիլմում զբաղված են դերասաններ Արթուր Հակոբյանը, Հարություն Մովսիսյանը, Զառա Արամյանը, նաեւ մոդել Լուսինե Թովմասյանը, ով՝ որպես դերասանուհի, նույնիսկ ռեժիսորի համար է բացահայտում եղել: “Սկզբում մեծ մտավախություն կար, բայց երբ ֆիլմը տեսնեք, ուրիշ Լուսինե կբացահայտեք, ինչը չեք տեսել այն ֆիլմերում, որտեղ նա նկարվել էե: Հարցին, թե որքանով է ճիշտ ներգրավել  մարդկանց, որոնք կապ չունեն դերասանական արվեստի հետ, Կ. Մկրտչյանը նկատեց, որ իր համար մարդը, որը բարձրանում է բեմ՝ կլինի երգչուհի, մոդել, թե այլ մասնագիտության ներկայացուցիչ, արդեն արտիստ է: 
Ինչ վերաբերում է առհասարակ կինոարտադրությանը, մասնագիտությամբ թատրոնի եւ կինոյի ռեժիսորը փաստեց, որ այսօր ռեժիսուրայով զբաղվում են ոչ արվեստի մարդիկ. “Օպերատորները, լավ մոնտաժողներն ու նույնիսկ բանասերներն իրենց այսօր համարում են ռեժիսորներ: Կարծես այս մասնագիտության վրա մեղր է քսած”: “Նախաճաշ 2-ի համար” ֆիլմի մասին էլ ռեժիսորը հավատացրեց, որ անգամ կոմերցիոն վաճառքի համար ֆիլմում չկան էրոտիկ կադրեր կամ մաֆիոզներ, ամեն ինչ շատ բարի է ու հետաքրքիր:
-Սա Ձեր առաջին աշխատանքն է որպես ռեժիսոր, ինչո՞ւ նախկինում ֆիլմեր չէիք նկարում:
-Որպես լիամետրաժ ֆիլմ՝ առաջինն է, բայց կարծես ութերորդը լինի: Ես երբեւիցե չեմ վախեցել ֆիլմ նկարելուց, ուղղակի ֆինանսական հարցեր են եղել: Պահը հիմա հասունացավ, ու աշխատանքները սկսեցինք: Քանի որ ես նաեւ նկարիչ եմ, առաջնահերթ սկսեցի “ռասկադրովկայից”, այսինքն՝ կադրերի դասավորությունից: Սցենարին ծանոթանալուց հետո ֆիլմը նկարվեց թղթի վրա, ինչպես մուլտն են նկարում: Դա է կինոյի օրենքը, ինչը Հայաստանում շատ հաճախ չեն անում: 
-Որքա՞ն գումար է ծախսվել ֆիլմի վրա:
-Եկե՛ք գումարից չխոսենք, բայց մեծ, ահռելի գումարներ են: Իմ իրավասությունների մեջ չի մտնում գին հրապարակելը: Կարեւորը՝ գումարը կար, մեր նկարահանումները ոչինչ չէր խոչընդոտում: Ֆիլմի 70 տոկոսը նկարահանվել է Հայաստանում, 30 տոկոսը՝ Մոսկվայում: 25 օր նկարել ենք այստեղ, 5 օր էլ՝ Մոսկվայում: Ի դեպ, մի փոքր դրվագում էլ ես եմ նկարվել ու ասեմ, որ ամենից շատ դուբլեր հենց ինքս ինձ եմ արել: 
-Ուզում եմ խոսենք նաեւ Ձեր մյուս նախագծի` Քեռի Մուլտիկնիկի մասին: 
-Նախագիծն իմ հեղինակայինն է, 10 տարի է՝ եթերում եմ: Ես վերցրի ինձ վրա հայրիկների, մայրիկների պարտականությունները ու սկսեցի մատչելի կերպով երեխաներին նկարել սովորեցնել: Կինոռեժիսուրա, թատրոնի ռեժիսոր, այդ ամեն ինչը թողել, թիթեռ եմ նկարում: Հավատացե՛ք, ե՛ւ երեխաներն են անկեղծ Քեռի Մուլտիկնիկի հետ, ե՛ւ Քեռի Մուլտիկնիկը` երեխաների: 
-Բոլոր մուլտերի հերոսներին գիտե՞ք:
-Որն էլ չգիտեմ, գնում նայում եմ: Մուլտ շատ եմ սիրում, մուլտիպլիկացիան լուրջ արվեստ է: Հիմա արտասահմանյան շուկայից ներմուծվել են վախենալու կերպարներ` ռենջերներ, վատ սպունգեր, բայց էրեխեքին պետք է բարի բաներ ներկայացնել: Նրանք ամեն ինչ զգում ու գնահատում են: Արդեն 3-րդ տարին է՝ մենք ունենք “Մուլտիկնիկ” ազգային երաժշտական ամենամյա զվարճալի մրցանակաբաշխություն փոքրիկների համար: Գնահատում ենք այն մեծերին ու նաեւ փոքրերին, որոնք տարվա ընթացքում ինչ-որ բան են արել հայ փոքրիկների համար: Գիտեք, ես շաբաթը 60 նամակ եմ ստանում երեխաներից:
-Եվ ի՞նչ են գրում:
-Ամեն ինչ, հավատացե՛ք, մեկ-մեկ շատ հուզիչ բաներ են գրում, որ չգիտես ինչ պատասխանել այդ երեխաներին:
-Պատահո՞ւմ են դեպքեր, երբ այցելում եք երեխաներին:
-Քեռի Մուլտիկնիկը չի գնում եւ ոչ մի ծնունդի: Հաճախ են հրավիրում ու շատ բարձր գումարով` մեկ ժամի համար 500-2000 դոլար են առաջարկում, բայց ես հրաժարվում եմ: Ու էնպես չէ, որ այդ գումարն ինձ պետք չէ, պետք է, բայց ես փորձում եմ այլ տեղ վաստակել այն:
-Ինչո՞ւ եք հրաժարվում:
-Չեմ ուզում երեխաների մոտ այդ հեքիաթը ջարդել, քանի որ ինձ մոտ Ձմեռ պապիկի կերպարը վերացավ, երբ ես տեսա վատ մորուքով, գրիմով Ձմեռ պապիկ… Ուզում եմ, որ էրեխեքի մոտ Քեռի Մուլտիկնիկի հեքիաթը երկար մնա: 
-Դուք երեխաներ ունե՞ք:
-Մեծ որդիս 18 տարեկան է, ծառայում է բանակում, աղջիկս 17 տարեկան է, իսկ փոքր որդիս` 6: Ես բազմազավակ հայր եմ, սյունեցի ու մի փոքր էլ ավանդապաշտ հայ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 613 համար




Լրահոս