ԵՄ-ն ցանկանում է շարունակել փոխգործակցությունը ՀՀ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվեց, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։
Հելգա Շմիդտը ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար Հայաստանի արտգործնախարարին, և նշեց, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ:




Լրահոս