Ինչ խոստացան մարզպետարանից Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակած բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը տարածաշրջանի բնակիչները փակել էին տարիներ շարունակ չլուծվող խնդրի պատճառով: Բանն այն է, որ հիշյալ ավտոճանապարհահատվածը, բառի ամենաիրական իմաստով, բացարձակ աներթևեկելի է: Բնակիչներն այսկերպ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում` պահանջելով հարցին լուծում տալ:

Ստեղծված իևավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար` ի վերջո երբ կլուծվի կարևոր խնդիրը` մանավանդ այն պարագայում, որ այդ ճանապարհահատվածը ռազմավարական նշանակություն ունի: Մարզպետի փոխանցմամբ` բնակիչներին փոխանցվել է, որ հայտարարված է մրցույթ, և մինչև հունիսի վերջ հայտնի կլինի հաղթող ընկերության անունը, ապա կսկսվեն ավտոճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները: Մեր զրուցակիցն ասաց, որ այս մասին տեղեկանալուց հետո բնակիչները բացել են ճանապարհը:

Մենք զրուցեցինք նաև ճանապարհը փակած բնակիչների հետ, ովքեր թեև հաստատեցին բացելու փաստը, սակայն նկատեցին, որ առանձնապես հույսեր չունեն, որ խոստացված ժամանակահատվածում խնդիրը կլուծվի:
Դե ինչ, մնում է սպասել հետագա զարգացումներին:

Տաթև Հարությունյան




Լրահոս