ԼՂՀ իշխանությունների հետ սեպտեմբերի 13-ին ձեռքբերված համաձայնության համապատասխան՝ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքից դիտարկումն անցկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):
Հակառակ ուղղությունից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Ղարաբաղյան կողմից դիտարկմանը մասնակցել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դիտարկումն անցկացվել է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հրադադարի խախտում չի գրանցվել: Ղարաբաղյան կողմից առաքելությանն ուղեկցել են ԼՂՀ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: