ՀՀ ոստիկանությունը փորձում է պարզաբանել, թե ինչպես է ստացվում, որ Հրազդանում ընտրողների թիվը բնակչության թվից ավել է: Եվ ինչպես միշտ մեղավորը օրենսդրությունն է: Ընտրությունները կեղծում են` ՀՀ ընտրական օրենսգիրքն է մեղավոր, ընտրակեղծարարներին չեն պատժում ՀՀ Քրեական օրենսգիրքն է մեղավոր, բնակչությունից անհամեմատ շատ ընտրող ունենք, ընտրողների ռեգիստի վարման օրենսդրությունն է մեղավոր, դե իսկ պետական պաշտոնյանները ոչնչում մեղավոր չեն, իսկ այդ չարակամ լրագրողներն էլ չեն հասկանում, որ ամեն ինչի մեղավորը օրենքներն են ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում դրսեւորելով Հայաստանի ազնվագույն պաշտոնյաններին հանիրավի մեղադրում են: Ի վերջո պրոֆեսիոնալ լրագրողը ինչպես կարող է սրբազան պաշտոնյաններին ինչ-որ բանում մեղադրել: Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության պատասխանն ամբողջությամբ.
««Ժողովուրդ» օրաթերթի 2016 թվականի մայիսի 28-ի հրապարակման համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար, իսկ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 մարդ: Հրապարակված տվյալների հետ միաժամանակ արվել է ոչ մասնագիտական եզրահանգում, համաձայն որի՝ ընտրողների թիվը ողջ բնակչության թվից ավելի քան երեք հազարով ավել է:
Եվ այսպես, ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Օրաթերթում հրապարակված տվյալները 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հրազդան քաղաքում մշտական բնակչության թվաքանակն է, որը չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կազմվել են ընտրողների ցուցակները, որոնցում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները: ՀՀ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ԱԳՆ-ի միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»: