Հայտեր չկան. Մագելանի քարանձավը տրվում է վարձով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գտնվող «Մագելանի» քարանձավը արդեն երկու տարի է` մշակույթի նախարարությունը ցանկանում է վարձով տալ: Զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարվում, սակայն հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայանում:
Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում հաշվառված Մագելանի քարանձավը ՀՀ կառավարության՝ 2003 թ. հունիսի 26-ի որոշմամբ ընդգրկված է ՀՀ պատմության եւ անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Իսկ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի մարտի 15-ի որոշմամբ էլ Մագելանի քարանձավն ընդգրկվել է ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ նախարարությունը հայտարարել էր քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթ, սակայն այն համարվել էր չկայացած: Ներկայացվել էր երկու հայտ «Ինկար» կազմակերպության եւ քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից: Վերջինիս հայտը չէր համապատասխանել հրավերի պահանջներին, մյուսի դեպքում էլ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական երակացությունը ժամկետանց էր եղել:

Այս տարի նույնպես ՀՀ մշակույթի նախարարությունը Մագելանի քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Սակայն մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել: Մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում գտնվող, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Մագելանի քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցութային հանձնաժողովի նիստը, որը, սակայն, համարվել է չկայացած:

Արենիի գյուղապետ Սերյոժա Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ Մագելանի քարանձավը գտնվում է Արենիի վարչական տարածքում, սակայն այն անհատույց տրված է մշակույթի նախարարությանը: «Նույնիսկ մրցույթի ժամանակ մեզ չեն հրավիրում, տեղյակ չեն պահում, դա իրենց գործն է: Իսկ մրցույթին մասնակցողն ու հաղթողը մեծ ներդրումներ պետք է իրականացնի, որովհետեւ դրա կարիքը կա: Գուցե՞ գումարի չափն է պատճառը, որ մրցույթին չեն մասնակցում»,- ենթադրեց գյուղապետը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ նախ պետք է Մագելանի քարանձավի մուտքը ապահովեն, որովհետեւ այնտեղ բարդություններ կան, աստիճաններ պետք է դրվեն, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա մտնել ու դուրս գալ: Իսկ հիմա աստիճաններ չկան, միայն մագլցելով կարող են մոտենալ քարանձավի մուտքին, որի անցքն էլ շատ փոքր է:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց մրցութային հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանի հետ եւ հետաքրքրվեց՝ արդյոք ՄՆ-ն ուսումնասիրել է, թե ինչով է պայմանավորված, որ հայտեր չեն ստացվում: «Այնպես չէ, որ սովորական կառույց է, որ շահագրգռվածները շատ լինեն: Մասնակցել ցանկացողը ռեալ պատկերացնում է, թե մասնակցելու ու հաղթող ճանաչվելու դեպքում ինչ մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնելու, որովհետեւ այն բնապահպանական եւ պատմամշակութային հուշարձան է, եւ վարձակալողը նաեւ պետք է ապահովի պահպանման պայմանները: Իսկ թե ինչու չեն մասնակցել մրցույթին, այս հարցի հետ կապված՝ մենք հանձնաժողովի նախագահի հետ քննարկման արդյունքում պայմանավորվեցինք վերանայել հրավերը:

Եթե կառավարությունը նպատակահարմար գտնի նորից մրցույթ հայտարարել, ապա այս մրցույթի ժամկետները պետք է երկարաձգենք»,- ներկայացրեց Սողոմոնյանը:
Բացի այս՝ մրցութային հանձնաժողովը առաջիկայում կփորձի հասկանալ, թե մրցույթի կոնկրետ որ պայմաններն է պետք փոփոխել. «Գուցե՞ կան պայմաններ, որոնք ինչ-որ չափով խանգարում են մրցույթին մասնակցել»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ գուցե ներդրումների չափն է պատճառը, որ մրցույթին հայտեր չեն ներկայացվում, մրցութային հանձնաժողովի քարտուղարն ասաց. «Ներդրումների՞: Չեմ կարծում, որ պետք է խոշոր չափի ներդրում անել, բայց գոնե մինիմալը պետք է ապահովվի: Լավագույն պահպանման միջոցը նաեւ ժողովրդին ցույց տալն է: Այդպես փակ պահելով ու ոչ մեկին ցույց չտալով՝ ոչնչի չենք հասնի: Հետո խոսքը ամբողջ քարանձավի մասին չէ, այլ 260 մետրի: Իսկ քարանձավը կազմում է 1.5 կմ: Այնտեղ պետք է լուսավորություն լինի, անվտանգության միջոցներ»:

Ինչեւէ: Հուսանք՝ առաջիկայում, այնուամենայնիվ, կգտնվի այդ կարեւոր հուշարձանը հանրության ու զբոսաշրջիկների համար առավել հասանելի եւ գրավիչ դարձնելու տարբերակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս