Դատավարական «պինգ-պոնգը». ինչու Տավուշին հասանելիք տեխնիկան չի հատկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահ, պատգամավոր Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-26-ը կայցելի Հայաստան, այդ թվում՝ Տավուշ՝ մարզի եւ Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու եւ համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:

Այդ համագործակցության շրջանակներում ստեղծվել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը, որը Տավուշում տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր է իրականացնում: Այդ ծրագիրը հաջողված է, սակայն Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի մի քանի բնակիչներ արդեն 3 տարի դատական քաշքշուկների մեջ են հիմնադրամի հետ: Հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:

Դիտավանի նախկին գյուղապետ Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում հեկտարի հաշվով եւս 30 հազարական դրամ:

Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով:

2014 թ. փետրվարի 5-ին Տավուշի մարզի առաջին դատարանի դատավոր Արման Կուրեխյանը որոշել է հայցը բավարարել մասնակի, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սեյրանի Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի՝ 221 հազար 500 դրամ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար:

«ՀիմնաՏավուշը» այդ որոշման դեմ վերքննիչ բողոք է ներկայացրել: 2014թ. հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է այդ բողոքը մասնակի բավարարել, գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 2015թ. դեկտեմբերի 7-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է դիտավանցիների հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարել եւ տուժած դիտավանցիներից խոշոր գումարներ հետ գանձել՝ հօգուտ հիմնադրամի: Դիտավանի բնակիչները այդ վճռի դեմ բողոք են ներկայացրել, որն այժմ քննվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս