Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը չէր պլանավորում որևէ մեկնաբանություն տալ «Analitik.am» ի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարություններին, որոնք զառանցանք են պարունակում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքէջին:
«Դեսպանատունը ստիպված է նշել հետևյալը: Առաջինը` ճիշտ չէ միջպետական հարաբերություններում շահարկում մտցնելը, որպեսզի շանտաժի միջոցով մեղքը գցի իր վրայից: Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի հետաքրությունների շրջանակը չի սահմանափակվել միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով: Ելնելով Ա. Հովհաննիսյանի տրամաբանությունից, «գործակալ» բառը, որն իր կողմից օգտագործվել է Տիգրան Ուրիխանյանի գործի շրջանակում, կարելի է վերագրել բոլոր պատգամավորներին ու քաղաքական գործիչներին, որոնց հետ դեսպանատունը կապ է ապահովում և ում հրավիրում է ընդունելության և այլ կազմակերպված միջոցառումների:
Այդ ամենը ընդհանրապես տեղին չէ երկու երկրների եղբայրական հարաբերություններում»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ: Ըստ հայտարարության` Ռուսաստանի դեսպանատան բոլոր աշխատակիցների, ինչպես նաև դեսպանի պարտականություններից է բոլոր ուղղությունններով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելը: Դեսպանատունն այդ թեման իր համար համարում է փակված: «Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները այդ գործն ամբողջությամբ ավարտին կհասցնեն և կներկայացնեն վերջնական եզրահանգում օրենսդրական դրույթներին համապատասխան»,ասված է հայտարարության մեջ: «Analitik.am» ի տնօրեն Ա. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր դեմ շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է